կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-19 04:50
Քաղաքական

Հաջողության բանալին ժողովրդի ինքնակազմակերպումն է

Հաջողության բանալին ժողովրդի ինքնակազմակերպումն է

Այս պահին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ընթանում է ՀՅ Դաշնակցության  կազմակերպած   «ՔՎԵՆ ՈՒԺ Է»  Ընտրական իրավունքի պաշտպանության շարժման սկիզբն ազդարարող միջոցառումը: Ներկայացնում ենք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթն ամբողջությամբ:

 

Կանգնած ենք նոր ընտրությունների նախաշեմին և կրկին նույն հարցի առջև ենք` ընտրություններն ի վիճակի՞ են ինչ-որ բան փոխել, թե՞ մեզանից կախված չէ և ամեն ինչ կանխորոշված է: Սակայն, այնուամենայնիվ, ընտրությունները միջոց են թե' իշխանությունը պահելու, թե' փոխելու համար: Պարզապես խնդիրն այն է, թե ով է ավելի լավ տիրապետում այդ հնարավորությանը և օգտվում դրանից` իշխանություն պահողնե՞րը, թե՞ փոխողները:

 

Իշխանությունը պահողների կողմից այս միջոցը մշտապես կարևորվելով` արվել է ամեն ինչ, որպեսզի նախորդ գրեթե բոլոր ընտրություններում կատարելագործվեն իշխանության վերարտադրման մեխանիզմները և շեշտակիորեն նվազեցվեն իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունները: Հրատապ անհրաժեշտություն է կասեցնել այս ընթացքը և շրջադարձ կատարել` արմատախիլ անելով իշխանության վերարտադրման համակարգը և ձևավորել իշխանափոխության հնարավորությունն ապահովող ընտրական համակարգ: Դա հաջողելու բանալին ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ ժողովրդի ինքնակազմակերպումն է: Հենց դրան է կոչված ծառայելու այնպիսի շարժման առաջացումը, երբ ամեն քաղաքացի իր գործը կհամարի դառնալ լիիրավ մասնակիցը ինքնակազմակերպման այս գործընթացի` փոխանակ հանդես գալու իշխանության վերարտադրումը սպասարկողի կամ մի կողմ քաշված դիտորդի դերերում:

 

Այսպիսի շարժման առաջացման և ծավալման համար գլխավոր արգելքը տարիների ընթացքում հասարակական գիտակցության մեջ ընտրությունների նկատմամբ ձևավորած կարծրատիպերն են, որոնց հետևանքով մարդիկ չեն հավատում ընդհանրապես ընտրություններին: Բայց ինչպես հայտնի է` հավատն առանց գործի միշտ էլ մնում է մեռած: Շարժումը հենց այն գործը պետք է լինի, որ վերականգնի ժողովրդի հավատն իր ուժերի նկատմամբ` համախմբելով հասարակությանը կարևորագույն մի գաղափարի շուրջ` տիրել իշխանությանը` տեր կանգնելով յուրաքանչյուրի ընտրական իրավունքին:

 

Իրողություն է նաև այն որ, ով տիրում է իշխանությանը, նրան էլ այն պատկանելու է, նրան էլ այն ծառայելու է: Ուստի իշխանության պետք է գա ոչ թե մի խումբ, որ սպասարկի այդ խմբի շահերը, այլ հենց ժողովուրդը: Ոչ մի խումբ կամ վարչախումբ ինքնին շահագրգռված չէ հաստատել ժողովրդի իշխանություն, այլ ձգտում է հաստատել կամ պահել իրենը: Դա պետք է կատարի ժողովուրդը, ինքնակազմակերպման և համապատասխան ներուժի ամբողջացման միջոցով` այն համոզումով, որ յուրաքանչյուրի գիտակցված քվեն է հենց այդ ուժի կուտակման աղբյուրը:

 

Այս պարզ իմաստն է պարունակում «Քվեն ուժ է» շարժման կարգախոսը և նույնքան հստակ է շարժման նպատակը` «Ընտրական իրավունքի իրացման միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը»: Այս նպատակին հասնելու համար շարժումը պետք է ձևավորի համապատասխան միջավայր և առաջնահերթ լուծի որոշակի խնդիրներ, ինչպիսիք են ընտրական իրավունքի նշանակության կարևորումը, դրա արդյունավետ պաշտպանությունը և ամբողջական իրացումը: Ըստ այդմ` ակնհայտ է, որ առանց ժողովրդավարական ընտրությունների չկա ժողովրդավարություն: Ուստի և չկա երաշխիք` ապահովելու քաղաքացու որևէ իրավունք` լինի դա քաղաքացիական, սոցիալական, իրավական, թե քաղաքական:

 

Հետևաբար ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ ընտրական իրավունքի պաշտպանությունից է սկսվում մնացած բոլոր իրավունքների պաշտպանությունը: Ընտրական իրավունքի այսպիսի նշանակության գիտակցումով է սկսվում նաև ճանապարհը դեպի իշխանափոխություն: Հակառակ պարագայում, ձայնը չկարևորելով, ընտրողը կա'մ այն վաճառում է, կա'մ, ճնշումներին տեղի տալով, զիջում է ուրիշին, կա'մ էլ, հիասթափված մի կողմ քաշվելով, պարզապես մսխում իր քվեն` այսպիսով կամա թե ակամա նպաստում իշխանության վերարտադրմանը:

 

Ցավալին այն է նաև, որ այդ քաղաքացին, չգիտակցելով դրա մասին, հաջորդ հինգ տարիներին անընդհատ դժգոհում է` ստիպված լինելով քաղել իր իսկ արածի դառը պտուղները: Ահա այս իրավիճակը արմատապես փոխել և ընտրական գործընթացների նկատմամբ իշխանությունների լիակատար վերահսկողությունը հակակշռել հնարավոր է միայն ընտրական իրավունքի պաշտպանության և ամբողջական իրացման շնորհիվ:

 

Այդպիսի ամբողջական իրացմանը հասնելու համար անհրաժեշտ է շարժմանը հասարակական լայն աջակցություն ապահովել: Ըստ այդմ` շարժմանը մաս կազմելու համար բացարձակապես կարևոր չէ թե անձն ում օգտին է քվեարկելու: Կարևորը, որ նա պատրաստակամ է տեր կանգնելու իր ձայնին և քվեարկելու իր կամքով:

 

Չկա նաև ոչ մի խոչընդոտ, որպեսզի այս շարժման մեջ ընդգրկվեն հասարակական տարբեր շերտեր, կազմակերպություններ, անհատներ և քաղաքական ուժեր: Գլխավորը, որ ամեն մեկը յուրովի իր նպաստը բերի շարժման առաջ քաշած խնդիրները արդյունավետ լուծելու գործին: Շարժման հաջողությունը հատկապես բխում է նորմալ ընտրություններ անցկացնելու խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի շահերից: Քանզի, եթե սա էլ նրանց չմիավորի, ուրիշ որևէ այլ գաղափար դժվար թե կարողանա, այսքան միանշանակ լինելով, միավորել տարաբնույթ քաղաքական ուժերին:

 

Բնականաբար, նկատի ունենալով ընտրական գործընթացների տարբեր փուլերում առաջացող խնդիրների առանձնահատկությունները, շարժումը ևս պետք է մշակի և պատրաստ լինի գործել համապատասխան մարտավարությամբ` մինչև ընտրությունները, ընտրության օրը և հետընտրական ժամանակահատվածում: Շարժման հաջող մեկնարկի համար Դաշնակցությունը ստեղծել է անհրաժեշտ նախադրյալներ և իր ամբողջական աջակցությունն ու օժանդակությունն է բերելու շարժման հետագա ծավալման համար:

 

Քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացները վերահսկելու համար միասնական ճակատ ձևավորելու փորձ անցյալում ևս ունեցել ենք: Ինչպես գիտեք 2003 թ. տեղամասերից ընտրակեղծիքների մասին ստացվող ահազանգերի իսկությունը միասնական շտաբի միջոցով հաստատելու գաղափարին սկզբունքորեն պատրաստ էին միանալ մոտ երկու տասնյակ կուսակցություններ, սակայն, դժբախտաբար, կուսակցական շահերը հետագայում գերակայեցին, և նախաձեռնությունը մնաց կես ճանապարհին:

 

Բայց ավելի տեղին է հիմա հիշատակել ՈՉ-ի շարժման հաջողված օրինակը: Այն ևս սկզբնական շրջանում, չեզոքացնելով պաշտոնական քարոզչության միջոցով հետևողականորեն իրականացված` հասարակական կարծիքի խեղաթյուրման հետևանքները, ապահովեց հետագայում ժողովրդի լայն աջակցությունը և հասավ կոնկրետ արդյունքների:

 

Մենք հավատում ենք, որ այս շարժումն էլ լիովին իրատեսական է և կարող է հասցնել ցանկալի արդյունքների: Առավել ևս, որ շարժման չհաջողելը նշանակում է ոչ այլ ինչ, քան հաշտվել իշխանության վերարտադրման հետ, որի համար, ի դեպ, արդեն բացահայտ ընտրական դաշինք է ստեղծվել, կամ էլ տանել երկիրը դեպի պետականությանը սպառնացող հետընտրական առճակատումների: Ահա այսքան մեծ է շարժման առաքելությունը և այն հաջողելու համար բոլորիս քաղաքացիական պարտքը: Բարի երթ մեր շարժմանը: