կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-18 21:53
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Ախպոր պես

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Ախպոր պես

Երեկ մայրաքաղաքում իրազեկման բազմաթիվ ակցիաներ իրականացվեցին Հայ ազգային կոնգրեսի` այսօր կայանալիք համապետական հանրահավաքի մասին, որոնք ժամանակ առ ժամանակ ուղեկցվում էին քրեական կամ ոստիկանական տարրերի միջամտությամբ:

 

Առավոտից ընդդիմադիր  ակտիվիստների մի քանի խումբ Երեւանի տարբեր վարչական շրջաններում հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկների եւ ՀԱԿ-ի թերթոններ էին բաժանում, ակտիվիստների մի մասն էլ մեքենաներով շրջում էր փողոցներով եւ հանրահավաքի մասին իրազեկում բարձրախոսով:

 

Հանրահավաքի իրազեկումն իրականացնող երիտասարդներին էին մոտենում ծառայողական կամ քաղաքացիական համազգեստներով ոստիկաններ եւ «ախպոր պես» խնդրում, որ նրանք հեռանա, կամ, օրինակ, իրազեկող մեքենայի վրայից հանեն ՀՀ պետական դրոշը: Ընդդիմադիր երիտասարդները, սակայն հրաժարվում էին կատարել ապօրինի պահանջները եւ շարունակում էին իրենց ակցիաները:

 

Երեկոյան ընդդիմադիր ակտիվիստներ Նարեկ Սամսոնյանը եւ Կարեն Թովմասյանը Երեւանի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից անհայտ անձանց կողմից առեւանգվեցին, այնուհետեւ բերման ենթարկվեցին Կենտրոնի ոստիկանություն:

 

Երեկվա իրազեկումն ավարտվեց  մեծ ավտոերթով, որը մեկնարկեց Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՀԱԿ շտաբի մոտից եւ ավարտվեց Կենտրոնի ոստիկանության մոտ, որտեղ այդ պահին գտնվում էին ընդդիմադիր երկու երիտասարդները:

 

Երեկ մեր թղթակիցը Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանից փորձեց պարզել, թե ի՞նչ պատճառով էին երիտասարդները բերման ենթարկվել ոստիկանություն: «Սխալմունք է տեղի ունեցել, ճշտումներ ենք կատարում»,- ասել է Կարապետյանը: Ի պատասխան մեր թղթակից հարցին` արդյոք սխալ գործած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի՞, Կարապետյանն ասել է. «Եթե պարզվի, որ ըտենց ա, միանշանակ պետք է ծառայողական քննություն արվի»: