կարևոր
1948 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-30 11:00
Քաղաքական

Ինչի՞ պետք է իրենց անլրջության, բարձիթողի գործելակերպի պատճառով ես ախպեր ու ախպոր որդի կորցնեի․ «Հրապարակ»

Ինչի՞ պետք է իրենց անլրջության, բարձիթողի գործելակերպի պատճառով ես ախպեր ու ախպոր որդի կորցնեի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ՝ ըստ էության, պատասխանելով ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից Սերոբ Գասպարյանին խնդրեցինք մեկնաբանել ԳՇ նախկին պետի կողմից արված հայտարարությունները։

- ԳՇ նախկին պետի կողմից արված հայտարարության բուն նպատակը ո՞րն էր, ուշացած չէ՞ր արդյոք, եւ կխնդրեի անդրադառնալ հայտարարության այն մասին, թե Փաշինյանի լիազորած ինչ-որ անձինք մի կետից չհամակարգվող տեղեկություններ են հաղորդել պատերազմի վերաբերյալ, դրանից էլ ծագել է զեկույցների անհամապատասխանությունը։

- Օնիկ Գասպարյանն ուղղակի ոչ մեկին չի մեղադրում իր հայտարարության մեջ, ընդամենը ներկայացնում է, թե իր աշխատած ժամանակահատվածում ինչ առաջարկներ է արել։ Չի ասում՝ ընդունվել է, չի ընդունվել՝ այս մասին չի խոսում։ Ինձ էլ հետաքրքրեցին այդ իրարամերժ հաղորդումները, որ տրվել են վարչապետին։ Ես միշտ ուղղել եմ հարցեր տարբեր վայրերում, տարբեր մարդկանց՝ ո՞վ է վարել մարտը,  կոնկրետ ո՞վ է վարել 44-օրյա պատերազմը։

- Այսինքն՝ ո՞վ էր գլխավոր գերագույն հրամանատարը։

- Այո, ո՞վ էր կազմակերպել այդ ամեն ինչը, այդ բարդակը, բացարձակ բարդակ էր տիրում, ո՞վ էր հրաման տվողը, ո՞վ էր տեղակայում ստորաբաժանումներին, ո՞վ էր ՄՈԲ-երին տեղակայում իրենց տեղակայման վայրերում կամ՝ կամավորներին ու զորքերին։ Նման մարդ եղե՞լ է, թե՞ չի եղել։ Հիմա Օնիկն այդ մասին էլ չի խոսում, միայն խոսում է, որ իրարամերժ տեղեկություններ են հաղորդվել վարչապետին։

- Այսինքն՝ կարծում եք, որ Գասպարյանը փորձել է անուղղակիորեն արդարացնե՞լ Նիկոլ Փաշինյանին։

- Այո, որովհետեւ ինքն իր խոսքով ուղիղ արդարացնում է, որ տարբեր ինֆորմացիաներ են տվել վարչապետին, վարչապետն էլ զինվորական չէ՝ չի հասկացել ինչ անի։ Իր առաջարկն ընդունե՞լ է։ Ո՞ր համակարգման մասին է խոսքը եղել, ո՞ր պաշտպանության բանակում է եղել՝ ինքը չի ասում։ Ինքն ընդամենը ասում է՝ ես այսպիսի առաջարկ եմ արել։ Հիմա ուղիղ հարց նույն Օնիկ Գասպարյանին՝ ո՞վ է վարել մարտը։ Ո՞վ է այդ պատասխանատուն, որ վարել է մարտը, ո՞վ է տեղակայել ՄՈԲ-ի ստորաբաժանումներն առաջնագծում կամ չգիտեմ՝ հետնագծում, թե՞ սարերի մեջ տարել՝ անկապ բրախել են։ Ո՞վ է այդ անձը, թող անուն տա։

- Օնիկ Գասպարյանը խոսում էր նաեւ այն մասին, որ թշնամու հարձակման ժամանակ ԱԹՍ-ների խիստ կարիք կար, սակայն դրանք գնելու բավարար ֆինանսական միջոցներ չունեինք։ Նշում է, որ ՀՕՊ, ՌԷՊ համակարգերը բավարար չէին, հետախուզությունը թույլ էր եւ այլն։

- Ինքը խոսում է այն մասին, որ մենք բանակ չենք ունեցել։ Իր հայտարարությունից ես հասկանում եմ, որ մենք ընդհանրապես բանակ չենք ունեցել։ Բայց ես Ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել մի կետի՝ հիշո՞ւմ եք Արցախի Հանրապետության նախագահի ելույթը պատերազմից առաջ, որ մենք երբեւիցե այսպիսի ՀՕՊ համակարգ չենք ունեցել՝ ամբողջ օդը փակված է, հիշո՞ւմ եք։

- Անկե՞ղծ էր Արայիկ Հարությունյանն այդ հարցում։

- Եթե մենք նայենք 44-օրյա պատերազմին, մենք չենք ունեցել ՀՕՊ համակարգ, հիշո՞ւմ եք Հորդանանի դուրս գրած զինտեխնիկան, ձեռք բերեցին, այսպես ասած, զիբիլ, եւ ե՞րբ օգտագործվեց դա, որտե՞ղ ու ի՞նչ արդյունք տվեց։ Այսինքն՝ խաբելով ինչպես հիմա են թմրեցնում մարդկանց, ուղեղները լվանում, թե խաղաղություն է լինելու, բայց ամեն օր մենք տեսնում ենք հարձակում, զոհեր։ Նույնը այն ժամանակ խաբեցին, իբր թե մեր օդը փակ է, մենք տարածաշրջանի հզոր բանակն ենք, բայց այսօր Օնիկն ասում է՝ մենք բանակ չենք ունեցել։ Բառացի այդպես չի ասում, բայց իր հայտարարության մեջ նշում է, որ ամեն ինչ թույլ է եղել։ Նա կրկնում է Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի բազմաթիվ կարկառուն դեմքերի խոսքերը, ինչի՞ մասին է խոսքը։

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք բավարար միջոցներ չունենալու մասին հայտարարությունը՝ բանակին անհրաժեշտ միջոցներով ապահովելու համար։

- Ես ուզում եմ մի հարց տալ՝ եթե չունեինք, որտեղի՞ց մատուցողներն ու տաքսու վարորդները դարձան միլիոնատեր։ Հետաքրքիր է, չէ՞, դղյակներ ունեցան, իրենց հաշիվները միանգամից սկսեցին ուռել, էդ որտեղի՞ց այդ փողերը։

- Մի հետաքրքիր ակնարկ էլ գերտերությունների մասով արեց նախկին ԳՇ պետը։ Քարը նետում էր անորոշ միջազգային հանրությա՞ն կողմը, թե՞ նկատի ուներ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։

- Ասեմ, որ ես լսեմ եմ, որ Օնիկն ավելի շատ մեղադրում է Ռուսաստանին, որ ինքն ավելի շատ արեւմտամետ է, այդ մեղադրանքներն ուղղակի կամ անուղղակի են։ Մենք բոլորին մեղադրում ենք, բացի մեզնից, մենք մեղադրում ենք Արեւմուտքին, մեղադրում ենք Ռուսաստանին, մեղադրում ենք մեր հարեւաններին, Իրանին, մյուսին, մյուսին, բայց մենք մեղավոր չենք։ Բոլորին կարելի է մեղադրել, բացի մեզնից։ Մենք ենք մեղավոր, որ Արցախում պարտիզանական ջոկատներ չեն ստեղծվում, այսինքն՝ գերադասում ենք սոված նստել, սոված մեռնել շրջափակման մեջ, բայց քայլ չանել՝ ոչ մի քայլ։

- Հետախուզության մասով Գասպարյանը հայտարարել է, որ տեղեկություններ հաղորդելու, հետախուզական գործողություններ իրականացնելու հնարավորությունները սահմանափակ էին։

- Ես ասեմ, որ լավ էլ եղել է հետախուզության հայտարարությունը, որ պատրաստվում են հարձակման՝ բոլորն են իմացել։ Շատերն էլ իրենց տարածքները, իրենց ունեցվածքը հանձնված տարածքներում վաճառել են։ Ես նորից մնում եմ իմ կարծիքին, որ սա պլանավորված, ծրագրավորված պարտության պատերազմ էր։

- Զրահապահեստների ապակենտրոնացման մասին էլ հայտարարություն արվեց: Նման խնդիր կա՞ր արդյոք։

- Թշնամական գործակալական ցանցը շատ ուժեղ աշխատել է թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, եւ մարդիկ անգամ ներգրավված են եղել այդ աշխատանքներին, այդ տարածքներում։ Եվ ես իմ աչքերով եմ տեսել զինապահեստներ՝ առաջին երկու օրվա մեջ, թե ոնց հօդս ցնդեցին՝ բոլոր զենքերով ու չգիտեմ ինչերով հանդերձ։ Բալուջայում հսկայական զինապահեստը պայթեց, առաջին երկու օրը նրանք թիրախավորել էին զինապահեստներն ու պայթեցրել դրանք։

- Եթե ամփոփենք հայտարարությունից ստացած տպավորությունը, Գասպարյանը փորձում էր նաեւ իրե՞ն անմեղ ներկայացնել։

- Ոչ միայն իրեն, այդ ժամանակաշրջանում բոլոր ղեկավարները, ովքեր 1 տոկոս, 10 տոկոս առնչություն են ունեցել 44-օրյա պատերազմին, բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել, եւ կոպիտ կհնչի, բայց պիտի ասեմ՝ շունը շան թաթ չի տրորում։ Իրենց բարձիթողի, իրենց սրիկայության, իրենց դավաճանության պատճառով մենք հայրենիք կորցրինք եւ բազում լույսի պես առյուծ տղերք, հայի գենը վերջացրին։ Ինչի՞ իրենց անլրջության, բարձիթողի գործելակերպի պատճառով ես պիտի ախպեր ու ախպոր որդի կորցնեի։

- Արցախում երեկ ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի հետեւանքով եւս 4 զոհ ունեցանք։ Նույն օրը Փաշինյանը շնորհավորեց Էրդողանին՝ Կուրբամ-Բայրամի առթիվ։

- Ես բազմիցս ասել եմ, ուշադրություն դարձրեք՝ պատերազմից հետո բոլոր ժամանակներում, երբ որ մենք ունեցել ենք 4, 5, 10, 15 զոհ, բոլորը եղել են սիմվոլիկաների ժամանակ։ Սրանք զոհ են մատուցում, սրանք սատանիստներ են, ովքեր զոհ են մատուցում մարդկային կյանքերով։ Վերջապես պիտի այս ազգը հասկանա՞, որ սրանք սատանիստներ են։ Վերցրեք ստատիստիկան, նայեք՝ սիմվոլիկան սրանց համար շատ կարեւոր է, ինչպես թուրքերի համար, ինչպես ադրբեջանցիների համար։ Մոնթեի ծնունդը, մյուսը, մյուսը վերցրեք, թե երբ ինչ են հանձնել, երբ քանի զոհ են տվել, երբ տարածքներ են տվել։ Ամբողջը սիմվոլիկա է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում