Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավանդական ընդդիմությունը ո՞րն է: Ով գիտի, թող ձեռք բարձրացնի: Օրինակ` ավանդական ընտանիք, աղջիկ, հարս, անգամ` երկիր կամ խորոված գիտենք, բայց` ընդդիմությո՞ւն: Տրամաբանում եմ, որ ավանդական ընդդիմությունը չավանդականից տարբերվում է նրանով, որ, ի տարբերություն չավանդականի, միշտ ընդդիմություն է, այսինքն` քանի կա` ստեղծման օրվանից մինչեւ այսօր, ընդդիմություն է: Թե չէ, էլ ի՞նչ ավանդական: Այսինքն` ՕԵԿ-ը կամ «Հայկական վերածնունդ»-ը չի կարելի անվանել ավանդական ընդդիմություն, եթե անգամ նրանք ավանդաբար գիտեն, թե ինչ է պետք անել ու ինչպես` հայտնվելու համար ամեն հաջորդ խորհրդարանում: Ավանդական խորհրդարանական ուժ` կարելի է, բայց ավանդական ընդդիմություն՝ ոչ:
Ու երբ այսօր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խոսում է ավանդական ընդդիմության անունից, այսինքն՝ իրենց իսկ անունից, մարդ ուզում է հարցնել` տիկի'ն Բիշարյան, Ձեր եղբայր Սամվել Ալեքսանյանը ո՞նց է, իսկ Դո՞ւք, էլի գիշեր-ցերեկ աշխատո՞ւմ եք: Նա կպատասխանի միայն վերջին հարցին, կասի՝ այո, գիշեր-ցերեկ աշխատում ենք, վերջին գիշերներին եւ ցերեկներին կոնկրետ Ընտրական օրենսգրքի շուրջ, իսկ այ չար ուժերը, որոնք ըսկի կենսագրություն էլ չունեն` քաղաքական, միայն խոսում են` մոռանալով, որ հնարավոր է քիթները խփեն համապատասխան տեղին: Կարելի է, իհարկե, լրացուցիչ հարցնել, թե քիթ խփելու համապատասխան տեղը ո՞րն է, բայց լուրջ ավանդական ընդդիմադիրներին նման հարցեր տալը խորհուրդ չի տրվում, կնեղանան, իսկ եթե նրանք նեղանան, ապա երկու սարսափելի բան տեղի կունենա` հայկական վերածնունդ չի լինի, ձմռանն էլ մուրաբա չենք ուտի:
Բայց ամենասարսափելին անգամ սա չէ, այլ այն, որ տիկին Բիշարյանը բոլոր ընդդիմադիրներին հորդորում է կանգ առնել, միավորվել ու պայքարել իշխանությունների դեմ: Այսինքն` իրենք պայքարում են ու կոչ անում, որ միանան իրենց: Ենթադրենք` պայքարում են, բայց, հարգելի'ս, ինչո՞ւ միանան, ինչո՞ւ բոլորը միանան, մի՞թե ձեզ չի բավականացնում այն հաստ ցուցակը, որում գրված են այն բոլոր դուխտերի անունները, որոնք միացել են ձեզ: Փաստորեն, չի բավականացնում: Չնայած նրանք երկար քաղաքական ճանապարհ են անցել, ասել կուզի՝ կայացած քաղաքական ուժ են, է, հարգելի'ս, բա եթե կայացած եք, եթե կենսագրություն ունեք, անունն ինչո՞ւ եք փոխում՝ այդ ճանապարհի ու այդ կենսագրության: Մի՞թե կարծում եք, թե որքան ճղճղան է քաղաքական ուժի անունը, այնքան արմավներ են բուսնելու նրա քաղաքական ճանապարհին: Եթե չեք կարծում, բա ինչո՞ւ եք երկար ճանապարհ անցած, կայացած ՕԵԿ-ը վերանվանում «Հայկական վերածնունդ» ճղճղան անունով: Ճղճղան չէ՞, դա ձեր կարծիքն է, ի դեպ, դա ձեզ միշտ ավելի հետաքրքրական է եղել, քան այն, թե ինչ են ձեր ուժի մասին կարծում:
Փաստորեն, նոր անուն ունեցող, այդ անունով ճանապարհ չանցած, կենսագրություն չկերտած ուժի դիրքերից խոսում են ձեւական ընդդիմության մասին` իբր անձեւ ընդդիմություն են, արտախորհրդարանական ընդդիմության մասին` իբր գիշեր-ցերեկ չեն աշխատում, քանի որ եթե աշխատեին, ապա կճանաչեին այդ ուժերին: Գիտեք, գիշեր-ցերեկի մասին մի սովետահայ անեկդոտ կա. Լենինը գիշերները չէր քնում, ու երբ նրան հարցնում են, թե ինչո՞ւ չի քնում, առաջնորդը պատասխանում է՝ ես գիշեր-ցերեկ հայ ժողովրդի մասին եմ մտածում: Հայ ժողովուրդն էլ հավատում էր, երգեր էր գրում, ուրախանում, թե` բա տեսեք, Լենինը, մենք, մեր Լենինը, մեր լենինյանը: Հո դուք Լենին չեք, ա'յ մարդ, քնե'ք գիշերները… Եթե, իհարկե, չեք աղոթում:
Աղոթելը, ասում են, գիշերային միակ գործողությունն է, որը մեղք չէ: Անգամ` եթե աղոթողն աղանդավոր է, սեկտանտ: Թեկուզ քաղաքական սեկտանտ, որոնց մուտքը հաջորդ խորհրդարան, ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի, պետք է արգելել: Տիկին Զոհրաբյանը սեկտանտների անուններ չի հնչեցրել, երեւի վստահ չէ, որ ում որպես սեկտանտ է ճանաչում, իրոք սեկտանտ է, կամ էլ վստահ է, պարզապես այդ սեկտանտներն էլ ԲՀԿ-ի մասին այնպիսի բաներ գիտեն, որոնք պետք չէ ջրի երես դուրս գան: Կամ էլ` պարզապես տիկին Զոհրաբյանը գիտեր, բայց մոռացել է սեկտանտների անունները, դե հիմա, մարդ է, պատահում է: Նկատենք, որ աղանդավորական խմբակ կամ սեկտա ԲՀԿ նախագահն անվանում է փոքր արտախորհրդարանական կուսակցություններին, որոնք, ըստ տիկնոջ, փորձում են այլասերել քաղաքական դաշտը… Այստեղ` ստոպ, քաղաքական դաշտը, քաղաքականությունն` առհասարակ, չի կարող որեւէ մեկն այլասերել, քանի որ նեխած ջուրը չի կարող որեւէ մեկը նեխացնել: Ինքը հենց այդպես` նեխած եկել է, եկել-պատել է, պատել է ու չի նահանջում: Պարզել, թե ո՞վ է մեղավորը, որ ջուրը նեխած է, իմաստազուրկ զբաղմունք է, չնայած Հեղինե Բիշարյանենք գիշեր-ցերեկ աշխատում են, կարող է այս հարցին էլ հասնեն: Բանն այն է, որ քաղաքականությունը չի կարող սեւ ու սպիտակ լինել, այսինքն` լինեն լավերը /ընդդիմությունը/ եւ վատերը /իշխանությունը/, այստեղ սպիտակները ստեղծում են իրենց սեւերին, որ հաղթեն սեւերին, սեւերը ստեղծում են իրենց սպիտակներին, որ թուլացնել սպիտակներին, իրենք իրենց համար ձեւավորվում են կարմիրներ, որ հեղափոխություն անեն ու սոցիալիզմ կառուցեն, նարնջագույններ, որ հեղափոխություն անեն, բայց սոցիալիզմ չկառուցեն, կանաչներ, որ գրանտ ստանան ու ծառերի պաշտպանությունից «պլավնի» անցնեն մարդու իրավունքների պաշտպանության… Հանդիպում են նաեւ երկնագույնnեր, բայց դա այլ խոսակցություն է, մի օր երբ ծիածան դուրս գա Երեւանի վրա, կխոսենք:
Այնպես որ` հարգելի' պարոնայք, մանավանդ՝ տիկնայք, ընդդիմություն որոշելու փոխարեն եկեք քաղաքականությունը որոշենք: Ձեզ ոչ ոք չի մեղադրում, որ երեկ իշխանություն էիք, այսօր՝ ընդդիմություն, այն էլ՝ ավանդական, ձեզ մեղադրում են քաղաքականություն չիմանալու մեջ:
Ամենակարեւորը` աշխատեք ցերեկները, բայց, որպեսզի ցերեկները աշխատել կարողանաք, պետք է գիշերները քնել, սա բժիշկներն են ասում:
Հովիկ Աֆյան