կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-16 06:00
Առանց Կատեգորիա

Այս ո՞ւր ենք հասել

Այս ո՞ւր ենք հասել

Նորելուկ կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանն այսօր պարզապես զարմացրեց լրագրողներին իր բացահայտումներով… Նրա մտքի թռիչքը հասավ այնտեղ, որ Սայաթ-Նովային մեղադրեց ադրբեջանական մելիզմներ օգտագործելու մեջ, իսկ Արթուր Մեսչյանի երգերը չցանկացավ անգամ համեմատել ռաբիս ու էստրադային «աստղերի» հիթերի հետ:

 

«Արթուր Մեսչյանն ընդհանրապես զուրկ է վոկալ տվյալներից, ի՞նչ է անում նա` վերցնում է կիթառն ու լուրջ դեմքով բողոքո՞ւմ: Բացի «Ուր էիր, Աստված»-ից, նրանից ուրիշ բան չենք լսել, եղել ու մնացել է իր կաղապարների մեջ, ու էդքանից հետո նոր սերնդի՞ն է քննադատում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը, ում կարծիքով, ի դեպ, «Մարալ-մարալ»-ն ավելի լավ երգ է, քան ժողովրդական շատ երգեր, որ այսօր գոհարներ են դարձել:

 

«Եթե գուսանական երաժշտությունը Հայաստանում համարում են գոհարներ, իսկ էդ գոհարների հիմքում ընկած է արաբականը, ապա ինչո՞ւ ժամանակակից երաժշտության մեջ չպետք է լինի արաբական տարր»,- ինքն իրեն հարցրեց երիտասարդը, ով, ի դեպ, հայկական շոու-բիզնեսում հայտնի է իր երգերին բնորոշ թուրքա-արաբական մելիզմներով: Նա նաեւ նշեց, որ իր համար շատ ծիծաղելի է, երբ լրագրողները, դեմքի ազգապահպան արտահայտությամբ, խոսում են արաբականացումից:

 

«Արել եմ ու շարունակելու եմ միքսեր անել, եւ առաջիկայում շատերն առիթ կունենան ականջները փակելու»,- իր երգերը չսիրողներին մարտահրավեր նետեց երիտասարդ երգահանը` չժխտելով, որ իր գրած երգերում իսկապես առկա են թուրքա-արաբական մելիզմները, եւ քննադատողներին էլ անվանեց «ծակ պրոֆեսորներ»:

 

«Կոնսերվատորիայի ֆոլկլոր ամբիոնի վարիչը կամ մասնագետները եւ, ընդհանրապես, երաժշտագետները կդժվարանան կռվի բռնվել էդ հարցով` որ մելիզմն ա ադրբեջանական, որը` թուրքական, որը արաբական կամ հայկական: Էդ շատ դժվար հարց ա, որի մեջ իրանց քիթը չեն խոթում եւ, փոխարենը, էդ հարցով զբաղվում ա բնակչության 99 տոկոսը, որովհետեւ, ինչպես բազմաթիվ անգամներ ասել եմ, բոլորը ծակ պրոֆեսորներ են»,- ասաց երիտասարդը:

 

Նա նաեւ նշեց, որ այն երգերը, որոնք հնչում են քեֆերին, պարտադիր չէ, որ ասելիք ունենան` դրանով հակադարձելով անվանի երգահան Սասուն Պասկեւիչյանին, ով պատմում էր, թե «հարսանքավորներն» ինչպես են գրեթե մեկ ժամ պարել մի երգի տակ, որը մեկ նախադասությունից էր բաղկացած` «Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին»

 

Սասուն Պասկեւիչյանն այն կարծիքին է, որ մեր այսօրվա երգարվեստը ողբերգական վիճակում է. 90 տոկոսով արհեստ է, եւ միայն 10 տոկոսն է իսկական արվեստ: «Երգիչը երգ է փնտրում, բայց երգն է գտնում երգչին: Ո՞ր ռազմեր ես, քառասունո՞ւթ, ուրեմն էս շորը քո հագով է»,- ասում է երգահանը` նկատելով, որ հենց այդպես էլ գրվում են այսօրվա երգերը:

 

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ