կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 07:19
Հասարակություն

Արտակ Բեգլարյանը դժգոհ է ԱԳՆ-ի մեկնաբանությունից

Արտակ Բեգլարյանը դժգոհ է ԱԳՆ-ի մեկնաբանությունից

ՀՀ արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Արտակ Բեգլարյանի` Facebook-ի իր էջում տեղադրած նյութին, որում վերջինս մեղադրում է ՀՀ ԱԳՆ-ին և արտգործնախարարին` իր իրավունքները խախտելու և ԱԳՆ դիվանագիտական դպրոց ընդունվելու իր դիմումը մերժելու համար:

 

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում, մասնավորապես, ասվում է.


«Հարգելի Արտակ Բեգլարյանի հրապարակումը՝ մարդկայնորեն որքան էլ հասկանալի եւ հուզիչ, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների: Իրականությունը հետեւյալն է. ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ՝ հավասար պայմաններ ապահովելու սահմանափակ կարողություններով քաղաքացիների ոչ միայն կրթության, այլեւ ընդունելության եւ ավարտական գրավոր քննությունների համար:


Հարկ է հաշվի առնել նաեւ, որ դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ՝ բառի ակադեմիական իմաստով, այլ՝ պրակտիկ մասնագիտացված հաստատություն, որի նպատակն է ԱԳՆ կադրերի՝ դիվանագետների պատրաստումը, իսկ դիվանագիտական ծառայությունն իր բնույթով, ինչպես զինվորական ծառայությունը, ունի որոշակի սահմանափակումներ։


Մարդկայնորեն խորապես հասկանալի հույզերի հաշվին շահարկումներն արդարացված չեն»։

 

Սակայն Արտակ Բեգլարյանը համաձայն չէ Տիգրան Բալայանի մեկնաբանությունների հետ. «Պարոն Բալայանը հետաքրքիր փաստարկ է առաջ քաշում: Նշելով հուզական ասպեկտը՝ հենց ինքն է դա օգտագործում մեզ լռեցնելու համար. ես ոչ թե հուզական տեսանկյունից եմ խոսում, այլ օրենքի խախտումից: Մի՛ խախտեք օրենքը, ինձ Ձեր հույզերը պետք չեն, ու ես հույզերի վրա էլ չեմ խաղում: Հարգելի պրն Բալայանը ինչպե՞ս կմեկնաբանի, որ իրենք առանց ինձ հարցում անելու ու փորձելու ինձ հետ հանդիպել անհրաժեշտ պայմանները ճշտելու համար, իրենք պայմաններից ու կարիքներից տեղյակ չլինելով, որոշում են, որ անհրաժեշտ պայմաններ չկան: Նրանք նույնիսկ խուսափում էին ինձ հետ խոսել. այ որ լսեին, կիմանային, որ առանձնահատուկ ոչ մի պայման էլ պետք չէ քննության համար, քանի որ բազմիցս է եղել, որ ես համակարգչով գրավոր քննություն եմ տվել, իսկ իրենցից ես նույնիսկ համակարգիչ չէի պահանջելու, իմ դյուրաշարժ համակարգիչը կտանեի:


Կարծում եմ, իրավական պետությանը հարիր չէ ոչ իրավական փաստարկներով հիմնավորել օրենքի խախտումը: Խնդրում եմ, թող ԱԳՆ-ն նշի մի օրենք կամ որոշում, որն արդարացնում է իրենց մերժումը: Նույնիսկ հիվանդությունների ցանկում այնպիսի հիվանդություն չկա, որի վրա կարող էին հիմնվել նրանք: Փաստորեն, պրն Բալայանն իր պատասխանով հաստատեց, որ իրենք ինձ մերժել են կրթություն, այլ ոչ թե դիվանագիտական ծառայություն ստանալու համար դիմումս ընդունել»,- մասնավորապես` նշել է Արտակը` ArtsakhNews-ի խնդրանքով իր նկատառումները ներկայացնելով ԱԳՆ պաշտոնական մեկնաբանության վերաբերյալ:

 

Նյութը կարդալ այստեղ: