կարևոր
4513 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 00:04
Հասարակություն

Արտակ Բեգլարյանը երիտասարդներին կոչ արեց ակցիաներ անցկացնել ԵՄ գրասենյակի, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների դեսպանատների մոտ

Արտակ Բեգլարյանը երիտասարդներին կոչ արեց ակցիաներ անցկացնել ԵՄ գրասենյակի, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների դեսպանատների մոտ

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կոչ է անում երիտասարդությանը տարբեր բողոքի ակցիաներով բարձրացնել շրջափակման մեջ գտնվող Արցախի հարցը տարբեր երկրներ դեսպանատների դիմաց:

«Մեզ համար սկզբունքային է, որ ամեն մեկդ ոչ միայն գործողություններ անեք, այլեւ ձեր շրջապատում, սոցցանցերում կամ ուղիղ խոսելով անընդհատ հորդորեք մարդկանց, որ ակցիաներ անեն` առաջնահերթորեն թիրախավորելով  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ԵՄ գրասենյակը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամ երկրների դեսպանատները` ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի, որպեսզի մեր պահանջներով ասենք, որ քայլեր ձեռնարկեն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս հարցը բարձրացնեն: Դպրոցներում եւ բուհերում կարող են դասադուլներ անել, պիկետներ անցկացնելով դեսպանատների մոտ եւ ապակենտրոնացված պայքար իրականացնել, այդ թվում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպելով»,-ասել է նա:

Նշենք, որ Արտակ Բեգլարյանն  այսօրվանից նստացույց է սկսել Հայստանում ՄԱԿ-ի գրասնեյակի մոտ` պահանջելով քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու ուղղությամբ, որը փակ է արդեն 2 օր:

Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն էլ սփյուռքահայերին կոչ արեց արգելափակել իրենց երկրներում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերը եւ բարձրաձայնել խնդրի մասին:

«Եթե 120 հազար մարդ հիմա պաշարված է, զրկված է ամեն ինչից մենք իրավունք չունենք այս հրապարակում պարել եւ տոնել: Փակել ենք ՄԱԿ-ի գրասենյակը, բայց ցավ է, որ այնտեղ պարում են եւ չեն մտածում այս մասին, դրա համար կոչ ենք անում, խնդրում ենք, պահանջում ենք, որ գնան եւ արգելափակեն ՄԱԿ-ի գրասենյակը մինչեւ այս հարցը չկարգավորվի: Սա համազգային գործընթաց է, մարդասիրական գործընթաց է, պետք է լինենք միասնական, որպեսզի հասնենք Արախի ապաշրջափակմանը, հետագայում կլինեն նաեւ այլ գործողություններ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ արդեն 2 օրից ավելի փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Արցախը հայտնվել է շրջափակման մեջ եւ կանգնած է հումանիտար աղետի առաջ: