Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանդակագործի համար քանդակի նյութը կարևոր չէ: Բայց սառույցի հետ այլ է. սառույցն իր լեզուն ունի: Անբացատրելի հաճույք է սառույցի հետ աշխատելը: Կարծես սիրահարված լինես. անպայման ուզում ես հասնել նրան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:
Հունվարի 13-24-ը Կանադայում տեղի են ունեցել սառցե փառատոներ. 130 թիմից ընտրված 9-ի կազմում է եղել նաեւ հայաստանյան թիմը` Թոքմաջյան եղբայրների մասնակցությամբ:
Մասնակիցներին տրվել էր 3 օր ժամանակ եւ 15 սառցե բեկոր, որոնք հավակնում էին 3 մետր բարձրությամբ քանդակներ դառնալ:
Առաջին մրցույթը տեղի է ունեցել հունվարի 13-15-ը` Էդմոնտոն քաղաքում: Մասնակիցներն ընտրվել են նախկինում կատարած իրենց ստեղծագործությունների, էսքիզների հիման վրա:
Հայաստանյան պատվիրակության սառցե քանդակի թեման եղել է «Կարուսելը», եւ, ինչպես նշեց Թոքմաջյանը, իրենց աշխատանքում հայկականություն է եղել:
«Մեր ամեն ինչը հայկական էր. «Կարուսելն» էլ կապված էր հայկականության հետ: Աշխատելիս հիշում էի Տերյանի «Պտտվիր, պտտվիր, կարուսել» բանաստեղծությունը, ինչը մի տեսակ ջերմություն էր տալիս, քանի որ աշխատում էինք -30 աստիճան պայմաններում»,- ասաց քանդակագործը:
Մասնակից 9-ը երկրների թվում են եղել Ռուսաստանը, Չինաստանը, Հոլանդիան, Կանադան...
Ինչպես նշեց Թոքմաջյանը, միակ վատ բանն այն էր, որ գարնան գալուն պես` սառցե քանդակները հալչում են` մնալով միայն մեր հիշողության մեջ:
Հաջորդ մրցույթը տեղի է ունեցել հունվարի 21-24-ը Լեյք Լուիսում:
«Ներկայացնում էինք «Ծովերի թագուհին» գործը, որը ես անվանեցի «Ծովինար»: Այստեղ մի քիչ այլաբանություն կար: Թեման կոչվում էր «Խելահեղ աշխարհ», եւ երեք երկրների թիմերը, չգիտես ինչու, վիշապներ էին քանդակել: Կարծում եմ` մեզ հաջողվեց ստեղծել այնպիսի գործեր, որ ե´ւ գեղեցիկ էին, ե´ւ ներկայացնում էին Հայաստանը»,- ասաց քանդակագործը:
Հայաստանյան պատվիրակությունն արժանացել է խրախուսական պատվոգրերի` չնայած 130-ից 9-ի կազմում ընդգրկվելն այս դեպքում արդեն իսկ հաղթանակ էր:
Հայկ Թոքմաջյանը կարծում է` Հայաստանում նույնպես կարելի է նման միջոցառում կազմակերպել, որը կխթանի նաեւ զբոսաշրջիկների թվի ավելացմանը:
Հարցին` մշակույթի նախարարը տեղյա՞կ էր հայաստանյան թիմի մասնակցության մասին, քանդակագործը պատասխանեց հայտնի «01-99» ֆիլմի հերոսի պես. «Պետք է որ տեղյակ լինի»: