կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-03 06:11
Տնտեսական

Ովքե՞ր են Հայաստանի խոշոր հարկատուները

Ովքե՞ր են Հայաստանի խոշոր հարկատուները

Ըստ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հրապարակման` 2010 թ. Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Հայռուսգազարդը»՝ 16.5 մլրդ դրամ հարկային վճարումներով։ Սակայն 2009 թ. համեմատությամբ «Հայռուսգազարդը» նվազեցրել է հարկային վճարումները շուրջ 10.5%-ով, ինչը 2010-ի ապրիլին գազի գնի թանկացման ֆոնին առաջին հայացքից փոքր-ինչ անտրամաբանական է։ Իրականում պատճառը գազի իրացման 18%-ոց անկումն է 2010 թ. ընթացքում։ Միայն բնակչության մասով իրացումը նվազել է շուրջ 15%-ով, իսկ էներգետիկայի մասով՝ ավելի քան 60%-ով։

 

Երկրորդ տեղում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-Գրիգ» ընկերությունն է: Հետաքրքրական է, որ այն մոտ 14.3 անգամ ավելացրել է ուղղակի հարկերի վճարումը` 46 մլն դրամից հասցնելով 659 մլն-ի։ Բայց ուղղակի հարկերի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ մնում է ցածր՝ 4.1%։

 

Երրորդ հորիզոնականում «ԱրմենՏել» ընկերությունն է, որն անցած տարվա համեմատ 5.7% աճ է գրանցել եւ վճարել է 14.8 մլրդ դրամ: Նրան հետևում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` 13.6 մլրդ դոլարով: Ցուցակը շարունակում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` 12.6 մլրդ դրամով, վառելիքի ներկրմամբ զբաղվող «Սիթի պետրոլ գրուպը»՝ 10.7 մլրդ դրամ ցուցանիշով, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 7.7 մլրդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը` 7.4 և «Վիդիս Դիսթրիբյուշն»-ը` 7.1 մլրդ դրամով։

 

Նախորդ տարվա համեմատ` 100 խոշոր հարկատուներից միայն 20-ն են նվազում արձանագրել: Հատկանշական է, որ դրանք հիմնականում բանկեր են: Այսպես` «Արդշինինվեստբանկը», 67.7%-ով նվազեցնելով հարկային վճարումները, այս տարի հայտնվել է 96-րդ տեղում ։ «ՎՏԲ –Հայաստան» բանկը 2010 թ. բյուջե է ներմուծել 914 մլն դրամ, ինչը 58.5%-ով է պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Արմենիան» 2009 թ. 25-րդ տեղից այս տարի հայտնվել է 58-րդ տեղում՝ նվազեցնելով հարկային վճարումները 41.9%-ով։ 890 մլն դրամ ցուցանիշով 75-րդ տեղում է «Յունիբանկը»` նախորդ տարվա 45-ի փոխարեն: