28 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի նորաձեւության մոդել Իզաբել Կարոն: Մոդելը տառապում էր անորեքսիա հիվանդությամբ: Նա նաեւ «Ընդդեմ անորեքսիայի» շարժման անդամ էր:
Մոդելը մահացել է նոյեմբերի 17-ին: Սակայն անհայտ պատճառներով նրա մահվան մասին հայտարարվել է միայն այսօր: Մահից 15 օր առաջ նրան` ամբողջությամբ հյուծված տեղափոխել են հիվանդանոց, որտեղ եւ նա մահացել է:
Նրա թաղման արարողությունը կատարվել է Փարիզում: Մոդելի օգնականի խոսքով` թաղմանը ներկա են եղել միայն Իզաբել Կարոյի հարազատներն ու ընկերները: Ինչպես տեղեկացնում է BBC-ին, շատ կասկածելի է, որ Կարոյի մահվան լուրն այսքան երկար ժամանակ գաղտնի էր պահվում:
Մոդելն «Ընդդեմ` անորեքսիայի» շարժմանը միացել էր 2007-ին: Մոդելի հասակը 1 մ 65 սմ էր, իսկ քաշը` ընդամենը 30 կգ: Մոդելային աշխարհում անորեքսիայից մահացողների թիվը գնալով շատանում է: