կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 21:29
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ.3 մլն զբոսաշրջիկ ունենալն իրատեսական է

ԿԱՊԻՏԱԼ.3 մլն զբոսաշրջիկ ունենալն իրատեսական է

Հայաստանում 2010թ. զբոսաշրջության ոլորտում գրանցվել է մոտ 17% աճ եւ զբոսաշրջիկների թիվն առաջին անգամ գերազանցել է 600 հազարը: Այս տվյալներն ամփոփվել են USAID/CAPS ծրագրի Զբոսաշրջության կլաստերի փորձագիտական վերլուծությունների արդյունքներով: Նշենք, որ 2010թ. զբոսաշրջության պաշտոնական ցուցանիշները դեռեւս հրապարակված չեն:

 

Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի համաձայն` Հայաստանը 2030թ. պետք է հասնի մոտ 3 մլն զբոսաշրջիկի այցելության: Ինչպես Aysor.am կայքին հայտնել է USAID/CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը, դա լիովին իրատեսական նպատակ է, սակայն ինքնաբերաբար դրան հասնել հնարավոր չէ, պետք է զարգացնել ենթակառուցվածքները եւ ապահովել բարձր մակարդակի սպասարկում`ոչ միայն էթնիկ հայեր, այլեւ ավելի մեծ թվով այլազգի զբոսաշրջիկներ գրավելու համար:

 

«Պետք է նկատի ունենալ, որ դեպի Հայաստան ուղեւորահոսքի մեջ իրական զբոսաշրջիկները կազմում են ընդամենը 40%, որից էլ այլազգի այցելուները չեն գերազանցում 30%-ը: Միջազգային փորձի ներգրավումը, որը մեր հիմնական նպատակներից մեկն է, իր դրական ազդեցությունն արդեն իսկ թողել է: Հիմա մենք էլ, օգտվելով հյուրանոցների ու ռեստորանների ծառայություններից, էական փոփոխություններ նկատում ենք, սակայն միեւնույն ժամանակ, այդքանը դեռեւս բավարար չէ գնահատելու համար, թե սպասարկումը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- ասաց Ա.Ղազարյանը:

 

Այդ նպատակով USAID/CAPS-ն անցած տարիների ընթացքում ներմուծել է ոլորտի միջազգային կրթական մշակույթը, հրավիրել հյուրընկալության ոլորտում մեծ փորձ ունեցող տարբեր հեղինակավոր փորձագետների` սպասարկման հմտությունները Հայաստանի զբոսաշրջության մասնավոր հատվածին փոխանցելու համար:

 

Վերջին դասընթացը CAPS ծրագրի եւ Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի համատեղ ուժերով «Հյուրընկալության եւ ռեստորանային կառավարում» թեմայով վերապատրաստումն էր, որի շրջանակներում արդեն 4-րդ անգամ Հայաստան հրավիրվեց ԱՄՆ-ի Վիրջինիա Թեք ինստիտուտի եւ պետական համալսարանի Հյուրընկալության եւ զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Մահմուդ Խանը: