կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-19 17:11
Հասարակություն

Մեր նպատակը լավ մեթոդաբանություն և վարկանիշավորման վստահելի համակարգ ունենալն է

Մեր նպատակը լավ մեթոդաբանություն և վարկանիշավորման վստահելի համակարգ ունենալն է

Աղվերանում մեկնարկել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ կազմակերպած` բուհերի վարկանիշավորման համակարգի քննարկմանը նվիրված աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և միջպետական բուհերում վարկանիշավորմամբ զբաղվողները։

Yerkir.am-ի հետ զրույցում ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ Հայաստանում արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվում է բուհերի վարկանիշավորում, և տարիների փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ հրապարակում են վարկանիշավորման արդյունքները, առաջանում են հարցեր, թե ինչ մեթոդաբանությամբ, սկզբունքներով, գործակիցների հիման վրա է իրականացվում վարկանիշավորումը։

«Հաշվի առնելով տարիների ընթացքում կուտակված փորձը՝ որոշեցինք կազմակերպել մեծ հավաք բուհերի ներկայացուցիչների հետ, որպեսզի նայենք, թե ինչ առաջարկություններ ունեն բուհերը և, դրանք քննարկելով, կատարելագործենք մեթոդաբանությունը։ Մեր նպատակը լավ մեթոդաբանություն և վարկանիշավորման վստահելի համակարգ ունենալն է։ Առաջարկությունների հիման վրա կփորձենք կատարելագործել մեթոդաբանությունը և փոփոխություններ իրականացնել դրանում, ապա փաթեթն ուղարկել ԿԳՆ՝ նախարարի հաստատմանը, քանի որ մեթոդաբանությունը հաստատվում է նախարարի հրամանով։ Հոկտեմբեր ամսից նոր մեթոդաբանությամբ կսկսենք 2016-ի վարկանիշավորումը»,- ասաց Պողոսյանը։

Նշենք նաև, որ բուհերի վարկանիշավորումն իրականացվում է տարեկան մեկ անգամ: Դրա համար հիմք են հանդիսանում այն ցուցանիշները, որոնք ներկայացնում են բուհերը` համապատասխան հարցաթերթի լրացման միջոցով։

Այսօր բուհերի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց առաջարկությունները, որոնց հիման վրա էլ կստեղծվի նոր մեթոդաբանությունը։