կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-18 01:53
Տնտեսական

Ձվի դեֆիցիտ չէր լինի, եթե ժողովուրդը կուլ չգնար աժիոտաժին

Ձվի դեֆիցիտ չէր լինի, եթե ժողովուրդը կուլ չգնար աժիոտաժին

«Ես խոստացել էի «Լուսակերտ» տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի անունից: Ես չեմ խոստացել մյուս արտադրողների անունից»,- այսօրվա ասուլիսին ասաց «Լուսակերտ թռնչաֆաբրիկայի ղեկավար Մանասե Եփրեմյանը` ի պատասխան այն բանի, թե խոստացել էին, որ նախատոնական օրերին ձվի գինը չէին բարձրացնելու:

 

Եվ հավելեց, թե իրենք իրենց խոսքի տերն են եղել եւ ձուն չեն թանկացրել: Իսկ այն, որ նախատոնական օրերին ձուն կրկանի անգամ թանկ արժեր, բացատրվում է հայերի «հավկիթածարավով»:

 

Եփրեմյանն ասաց, թե Հայաստանը աշխարհում 5-րդ տեղում է` հավկիթի սպառման ծավալներով: Եվ ավելին` եթե նախանցած տարի միջինում մեկ բնակիչը տարվա մեջ 210 հավկիթ էր ուտում, ապա այս տարի այդ թիվը դարձել է 284: Իսկ սրան էլ գումարվեց այն, որ ժողովուրդը «կուլ գնաց աժիոտաժին»:

 

Եփրեմյանի խոսքերով` ձվի դեֆիցիտի մեղավորը ժողովուրդն էր, որ մեծ քանակությամբ ձու էր գնում: Այնինչ` Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, թե նորություն չէ, որ նախատոնական օրերին ձվի պահանջարկը 2.5 անգամ մեծանում է: Եվ պետք էր սա նախատեսել:

 

Իսկ տեղի ունեցած «աժիոտաժը» արդյունք էր այն բանի, որ գյուղնախարարությունը եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համապատասխան քայլեր չկարողացան ձեռնարկել նախորդ տարվա մայիսին իրականացված դեմպինգի դեմ: