կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 05:51
Արցախ

Ստեփանակերտ-Երեւան երթուղին` նոր ավտոբուսներով

Ստեփանակերտ-Երեւան երթուղին` նոր ավտոբուսներով

Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ երթուղու ուղեւորները այս տարի հնարավորություն կունենան երթեւեկել նոր եւ ավելի հարմարավետ տրանսպորտային միջոցներով: Այս մասին ՙԵրկիր՚-ի թղթակցին ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանը:

Նրա տեղեկացմամբ, երթուղու մրցույթը կանցկացվի մինչեւ ապրիլ ամիսը: Շահութաբեր այս երթուղին մի քանի երթուղիների հետ նույն մրցութային փաթեթում է: Սա տրանսպորտի ոլորտում կառավարության նոր մոտեցումն է, ըստ որի` մրցույթը մի քանի երթուղիներից բաղկացած փաթեթով է անցկացվում:

Տրանսպորտի բաժնի պետի հավաստմամբ, կվերանայվի նաեւ երթուղին սպասարկող ավտոբուսների դասը: Ներկայիս միկրոավտոբուսներին կփոխարինեն նոր` 20-25 տեղանոց ավտոբուսներ։ Ինչպես ոլորտի պատասխանատուն է ասում` եվրոպական չափանիշներին համապատասխան տրանսպորտային միջոցներ են սպասարկելու ուղեւորներին:

Առաջիկա 3-4 տարում սակագների փոփոխություն չի լինի, վստահեցնում է Տիգրան Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ այժմ Ստեփանակերտ-Երեւան երթուղու տոմսի գինը 4500 դրամ է, իսկ Երեւան-Ստեփանակերտը` 5000 դրամ: