կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-18 03:41
Հասարակություն

Պզոյի գործին մեր ոստիկանությունը չի խառնվել

Պզոյի գործին մեր ոստիկանությունը չի խառնվել

Այն, որ Գագիկ Բեգլարյանի հանդեպ քրեական գործ չի հարուցվել, եւ նա էլ դաժան ծեծի չի ենթարկել նախագահի աշխատակազմի աշխատակցին, հավաստեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ:

 

Լուր էր տարածվել նաեւ այն մասին, թե գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով մարդ է մահացել: Սակայն փոխոստիկանապետը խնդրեց կրքերը չշիկացնել եւ ներկայացրեց պատահածի իրական պատմությունը.

 

«Գովազդային մի գործակալի հետ վիճաբանել է Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետը: Քաղաքացին հայտարարել է, որ նա իրեն հարվածել է, սակայն նա նույնիսկ էական մարմնական վնասվածք չի ստացել: Ոստիկանության տարածքային բաժնում նախապատրաստվել են նյութեր, ներկայումս էլ նյութերը ընթացքի մեջ են: Քաղաքացին հաշտվել է Մանվել Գրիգորյանի որդու հետ»:

 

Խոսք եղավ նաեւ քրեական հեղինակությունների մասին պտտվող լուրերից: Փոխոստիկանապետը նշեց, որ Պզոյի գործով իրենք որեւէ այլ պետության ոստիկանական կառույցի հետ չեն համագործակցել:

 

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ  Գագիկ Բեգլարյանի հրաժարականից առաջ եւ հետո մեծ թվով քրեական հեղինակություններ են ժամանել Հայաստան, Հունան Պողոսյանն ասաց. «Մեր կողմից լիքը այլ բաներ են արձանագրվում, որոնց մասին թույլ տվեք չխոսել»:

 

Հ. Պողոսյանը հավաստիացրեց նաեւ, որ քրեական հեղինակությունները մշտապես ոստիկանության տեսադաշտում են, եւ եթե նրանք որեւէ ապօրինի արարք թույլ տան, ապա ոստիկանությունն այնպես կհակազդի, որ իրենք էլ կզարմանան: