Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարինե ՀԱԿՈԲՅԱՆ
«Հաշմանդամների նկատմամբ հասարակության վերաբերմունքը էականորեն փոխվել է, թեպետ` նրանք քիչ են երևում հասարակության մեջ»,- ասաց «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակում Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված նկարների և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի բացման ժամանակ:
Օրվան նվիրված ամենամյա ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության, իրավունքների և բարեկեցության հետ կապված խնդիրերի լուծմանը:
«Հակոբիկի շնորհիվ դարձել եմ ուժեղ, համբերատար: Միայն թե բավարար պայմաններ են պետք երեխայի կարիքները հոգալու համար: Պետության տված թոշակը չի բավարարում, որ երեխան կյանք մտնի լիարժեք. միշտ ինչ-որ բան պակաս է մնում»,- ասաց Երևանի 108-րդ դպրոցում սովորող, քայլելու և արտահայտվելու խնդիր ունեցող Հակոբ Հայրապետյանի մայրը: «Անցած տարի ես և ընկերուհիս դիմեցինք նախարարություն` երեխաներին ճամբար ուղարկելու համար, բայց այնտեղից մեզ ուղարկեցին քաղաքապետարան, քաղաքապետարանից`պոլիկլինիկա: Խոստացան, որ եթե ամռանը չէ` գոնե աշնանը կազմակերպել երեխայի հանգիստը, բայց այդպես էլ ոչինչ չարեցին»,- սրտնեղեց Հակոբիկի մայրը: «Հակոբը սիրում է նկարչութունը, նկարում է ամեն ինչ, բայց յուրաքանչյուր նկարում վառ գույների միջից անպայման առանձնացնում է ծառերը: Այգում նա մոտենում է ծառերին, ձեռքը մեկնում տերևներին, շոյում ու ինքն իրեն ժպտում: Ինձ թվում է` Հակոբիկը խոսում է բնության հետ»,- հպարտ, արցունքից այրվող աչքերով վստահեցնում է մայրը:
Իսկ 16 տարեկան Մարիամը դեռ փոքր հասակից «Փյունիկ» միության անդամ է: Հաճույքով ասեղնագործում է: Ոչինչ նրան չի կաշկանդում: Նույնիսկ ցուցահանդեսի ժամանակ բոլորի ներկայությամբ աշխատում էր: «Մարիամիկը լավ չի կարողանում խոսել, դժվարություններին շուտ համակերպվում է: Ճիշտ է, միգուցե, ինքն իրեն նեղվում է, բայց ցույց չի տալիս»,- աղջնակին բնութագրեց Մարիամիկի մայրը:
Երկրաշարժից հետո սայլակին գամված Արսեն Ասատրյանը 20 տարի է չի աշխատում: «Չգիտեմ էլ` կարող եմ աշխատել այս վիճակում... Կարծում եմ` Հայաստանում այնքան էլ մեծ չէ հաշմանդամների աշխատանքի կազմակերպման հնարավորությունը»,- ասաց Արսենը և հուսադրեց՝ մի օր հնարավորություններն էլ կփոխվեն, իրենց վիճակն էլ: