Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ` հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200 177 հաշմանդամություն ունեցող անձ, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է կազմում: Ի դեպ, նրանցից 7 801-ը՝ 3,9 %-ը, երեխաներ են:
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ամեն տարի հաշմանդամություն ունեցող անձանց թիվն աճում է: Հաշմանդամություն ունեցող անձանց 31,4 %-ը հաշմանդամ է ճանաչվել սրտանոթային խանգարումների հետևանքով, 10,8 %-ը՝ հոգեկան հիվանդությունների, 8,1%-ը՝ նորագոյացությունների, 7,9%-ը՝ նյարդային համակարգի և 7,4%-ը՝ էնդոկրին հիվանդությունների:
Ամեն տարի հաշմանդամություն ունեցող անձանց թիվն աճում է, ինչը, սակայն, Հայաստանի դեպքում չի նշանակում, որ ավելանում են նաև այն տարածքները, որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառույցների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների, այդ թվում` անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն»:
ՀՀ-ում հասարակական, բնակելի, արտադրական շենքերի նախագծման և վերակառուցման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պահմաններ։ Մատչելիության նորմերը սահմանված են ՀՀ քաղաքաշինության նախարարի ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին N 253-Ն հրամանով:
Հայաստանում տարեցտարի ավելանում է հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, իսկ կարո՞ղ եք ասել, թե տարեկան քանի՞ մշակութային, կրթական կամ հասարակական կառույց է հարմարեցվում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Ի դեպ, խոսքը միայն թեքահարթակներ տեղադրելու մասին չէ, միայն թեքահարթակներ կառուցելով` խնդիրը չի լուծվում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հանգստի կենտրոններից /սրճարան/ համերգասրահներ/ շատերն առաջարկում են հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց հետ իրենց մոտ այցելելիս կանխավ զանգահարել իրենց, որպեսզի շարժական թեքահարթակներ տեղադրեն, իսկ թե ինչո՞ւ թեքահարթակները չեն տեղադրում մշտական, պարզ չէ: Տարեկան քանի՞ գործատու է պատրաստ ընդունել և աշխատանք առաջարկել հաշմանդամություն ունեցող անձանց: Բացառիկ դեպքեր ունենք, որոնք, ցավոք, շարունակում են մնալ որպես բացառություններ:
Ստացվում է` մեր պայմաններում մարդն ուղղակի «իրավունք չունի» հաշմանդամ ծնվելու. մանկապարտեզ, դպրոց, բուհ, աշխատանք` ոչ մեկն էլ հարմարեցված ու մատչելի չեն: Ավելին` ներառական կրթություն իրականացնող մի շարք դպրոցներ անգամ հարմարեցված չեն, բայց կոչվում են ներառական կրթություն իրականացնող: Ներառականությունը, բնականաբար, միայն հարմարեցված պայմանները չեն, բայց դրանք էական դեր են խաղում ներառականության գաղափարի մեջ: Ի դեպ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի համաձայն` «պետությունը ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա և գիշերօթիկ)` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով»: Ինչպես ժողովուրդն է ասում` «Անունը կա, ամանում չկա»:
Հայաստանում հաշմանդամության կարգ ստանալը մեծ արարողություն է: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն հերքել սա, թող գոնե մեկ անգամ որևէ խնդիր ունեցող անձի հետ այցելեն բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն: Երիտասարդը, որը ծառայության ժամանակ վնասել էր ոտքը, որն այնուհետև անդամահատել էին, մի քանի փուլ շարունակ պետք է փորձաքննության գնար ու ամեն տարի նույն զննումն անցներ` կարգ ստանալու համար: Հասկանո՞ւմ եք` երիտասարդը, որի ոտքն անդամահատված է, հաշմանդամության կարգ ստանալու համար երկրորդ, երրորդ անգամ էլ էր կանչվում փորձաքննության: Ավելին, ի պատասխան հարցմանը, թե ի՞նչ կարիք կա շարունակ գալու, օրենքն էին մատնանշում` ասելով, թե, համաձայն ՀՀ կառավարության Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին 2.03. 2006 թվականի N276-Ն որոշման` «անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի բողոքարկելու փորձաքննական որոշումները բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործողությունը կամ անգործությունը ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով»: Երանի թե թղթի վրա գրված բոլոր օրենքները կյանքի կոչվեին ու նախարարությունների` տարեվերջյան ամփոփումներում ներկայացվող` կատարված աշխատանքների ճոխ-ճոխ թվերի գոնե կեսն իրական լիներ:
Անկողմնակալ լինելու համար նշենք նաև, որ միակ դրական փոփոխությունն այն է, որ նախորդ երկու տարիներին որոշ քանակությամբ ավտոբուսներ հարմարեցվեցին հաշմանդամություն ունեցողներին, նաև Երևանի մայթերից շատերը մատչելի դարձան:
Հայաստանում տարեցտարի ավելանում է հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, սպասենք` մինչև նրանց համար մատչելի տարածքների թիվն էլ ավելանա:
Կարինե Հարությունյան