կարևոր
517 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-16 18:42
Հասարակություն Քաղաքական

Գիտե՞ք՝ ինչու դուք երբեք չեք կարողանալու արմատախիլ անել դաշնակցականությունը. Լուսինե Քարամյան

Գիտե՞ք՝ ինչու դուք երբեք չեք կարողանալու արմատախիլ անել դաշնակցականությունը. Լուսինե Քարամյան

ՀՅԴ անդամ Լուսինե Քարամյանը գրում է․

«Գիտե՞ք՝ ինչու դուք երբեք չեք կարողանալու արմատախիլ անել դաշնակցականությունը.

Որովհետև դաշնակցականությունը պարզապես քաղաքական գաղափարախոսություն չէ։ Այն հայ մարդու՝ իր ամենօրյա մեծ ու փոքր մարտահրավերներին դիմակայելու, իր կենցաղը բարելավելու, իր տունն ու ընտանիքը պաշտպանելու, իր մշակույթը պահպանելու և նորը ստեղծելու բնական ձգտումն է՝ այդ ամենի համար անհրաժեշտ պայմանները ստեղծելու հետևողական պայքարը։

Հենց դրանով է դաշնակցականությունը դառնում մնայուն գաղափար։ Այն չի կարող վերանալ որևէ ուժի որոշմամբ, քաղաքական ճնշմամբ կամ պատմությունը վերաշարադրելու փորձերով, որովհետև դրա հիմքում ոչ թե մեկ օրվա քաղաքական օրակարգն է, այլ հայ ժողովրդի իրական արժեքներն ու ձգտումները։

Դաշնակցականությունը «իրական Հայաստանի» անվան տակ մեր երկրին պարտադրվող օտար օրակարգ չէ։ Այն գաղափար չէ, որը կտրված է մեր ժողովրդի իրական հատկանիշներից, տեսլականից և որը նպատակ ունի փոխել հայ ժողովրդի էությունն ու մտածելակերպը։ Դաշնակցությունն ու դաշնակցականությունը ծնունդ են հայ ժողովրդի կարիքների, հոգսերի ու ձգտումների։ Դաշնակցությունը հայ ժողովրդի զավակն է և նրա բնավորության ու հավաքական կամքի արտացոլումը։

Եվ քանի դեռ կա հայ մարդը՝ իր տունը պաշտպանելու, իր արժանապատվությունը պահելու, իր մշակույթը շարունակելու և իր ապագան ինքնուրույն կերտելու ձգտմամբ, լինելու է նաև դաշնակցականությունը։

Հ.Գ. Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ես ընդամենը մեկ քաղաքական գործչի եմ հիշում, ով համառորեն փորձում էր արմատախիլ անել Դաշնակցությունն ու դաշնակցականությունը։

Ճակատագրի հեգնանքով նույնիսկ այդ քաղաքական գործիչն այսօր ձեր քաղաքական առաջնորդին համարում է ազգակործան պատուհաս»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին Ազգային Ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց քաղաքական բախման։ ՔՊ-ական Արման Եղոյանն, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին, քննադատությամբ հարձակվեց ՀՅԴ-ի վրա՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և հավելեց, որ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։

Ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը կրկնեցիք, բառացի։ Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ձեզ ամենալավն է բնութագրում․ դուք երիտբոլշևիկներ եք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ որ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ որ բոլշևիկյան մտածողությունը: Շնորհավորում եմ, կարող եք այսուհետ ձեզ դիմել որպես երիտբոլշևիկներ: Եվ իրականում, գիտեք, 135 տարվա ընթացքում որքան արմանեղոյաններ են եղել, ձեզնից ավելի մեծ ուժեր են պայքարել Դաշնակցության դեմ: Փորձե՛ք, փորձե՛ք, կրկնում եմ, դուք դրանով միայն մեզ ուժեղացնում եք»։