կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-25 10:22
Քաղաքական

Ցինիզմ եւ սարկազմ

Ցինիզմ եւ սարկազմ

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. «Ամենասոսկալին այն է, որ ցինիզմը, սարկազմը, նիհիլիզմը դարձել են մեր կյանքի ամենապահանջված, ամենատարածված որակներն ու դրսևորումները: Երբ Ազգային ժողովի պատգամավորի քաղաքական խոհեմ ու խորքային վերլուծությունը, մասնագիտական օգտակար դիտարկումներն աննկատ են մնում, իսկ մի քանի «շշպռոցը», կիսագողական հումորը դառնում համընդհանուր քննարկման ու հիացմունքի առարկա, հասկանում ես, որ մեր հասարակությունը չափից դուրս մակերեսային մոտեցում ու պահանջներ ունի իր էլիտայից: 

Երբ բարձր է գնահատվում ոչ թե երկրում քրեածին իրավիճակը բարելավող, հանցագործների ու հանցագործությունների դեմ անհաշտ պայքար մղող, այլ հեռուստաէկրանից թատերականացված սպառնալիքներ հնչեցնող, բողոքի հասարակական ակցիաները ճնշող, բողոքավորների հետ «լեզու գտնող» ոստիկանապետը, պարզ է դառնում, որ մեզանում խեղված արժեհամակարգ է իշխում: 

Երբ իշխող կուսակցության ներկայացուցիչներն անթաքույց հրճվում են քաղաքական հակառակորդների սխալներով ու վրիպումներով, առիթը բաց չեն թողնում իրենց չեղած-չունեցած «ուժն» ու քվեները նրա երեսով տալու համար, հասկանում ես, որ մենք պոռոտախոս ենք ու թույլ: Երբ իշխանությունն սկսում է աջակցել միայն նրանց, ումից վտանգ է տեսնում, ընդ որում՝ վտանգ սեփական աթոռների համար, ակնհայտ է դառնում, որ քրիստոնեական գաղափարներն ու աստվածաշնչյան պատվիրանները մեզ խորթ սկզբունքներ են: 

Այս պարագայում էլ ինչո՞ւ զարմանալ, երբ տարեց պատգամավորը չորս զավակի տեր կնոջը բարձր ամբիոնից անբարոյական է անվանում: Էլ ինչո՞ւ վրդովվել, երբ ցամաք հացի կարոտ բնակչությամբ երկրում մի քանի հազար մարդու ամեն օրվա ծախսը ոմանց տարեկան եկամտին է համազոր: Վերջապես՝ ինչո՞ւ զարմանալ, որ երկիրն աղքատ է ու գնալով ավելի է աղքատանում»: