կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 15:05
Հասարակություն

Լարված իրավիճակ, քաշքշուկ՝ Վարդահովիտում

Լարված իրավիճակ, քաշքշուկ՝ Վարդահովիտում

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հանքի վերաբերյալ հանրային լսման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։

«Իշխանություն» լրատվականը հանրային լսման վայրից հայտնում է, որ քննարկման ընթացքում իրավիճակը լարվել է, մասնակիցների միջև վիճաբանություն է սկսվել, որն էլ վերածվել է քաշքշուկի։

Հանրային լսումն անցկացվում է Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ծրագրի վերաբերյալ։

Ծրագիրը ներկայացրել է «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն, որը ցանկանում է 2026–2028 թվականներին տարածքում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել։ Տարածքում առկա են ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, կապարի և մոլիբդենի հանքերևակումներ։

Նշենք, որ հանքարդյունաբերական այս նախաձեռնությունը նախկինում ևս առաջացրել է բնակիչների և բնապահպանների դժգոհությունը։

2025 թվականին անցկացված հանրային լսումներից հետո՝ հոկտեմբերի 27-ին, Եղեգիս համայնքի ավագանին քննարկել է ծրագրին համաձայնություն տալու հարցը։

Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է 0 կողմ և 8 դեմ ձայն՝ փաստացի մերժվելով։

Սակայն 2026 թվականի ապրիլի 17-ին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանը հրավիրել է ավագանու նոր նիստ՝ առանց նոր հանրային լսումների անցկացման։ Ըստ ծրագրի ընդդիմախոսների՝ նոր հանգամանքներ կամ փաստարկներ չեն ներկայացվել։

Նրանց փոխանցմամբ՝ նիստի հրավիրման անհրաժեշտությունը հիմնավորվել է նրանով, որ «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել համայնքի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել ավագանուն համաձայնություն տալ ծրագրին։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, ըստ նույն տեղեկությունների, առաջարկել է հարցը կրկին քննարկել՝ հնարավոր դատական ծախսերից խուսափելու նպատակով։

Մինչդեռ դատարանն արդեն մերժել էր ընկերության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ արձանագրելով, որ ընկերության հնարավոր ֆինանսական կորուստներն ու ներդրումային ռիսկերը չեն կարող ինքնին նման միջոց կիրառելու հիմք հանդիսանալ։ Ահարոն Գաբրիելյանը դատարանի այդ որոշման մասին չի տեղեկացրել ավագանու անդամներին։

Ավելին, ապրիլի 17-ի նիստի ընթացքում ընկերության ներկայացուցիչները խոսել են մինչև 20 միլիոն դոլարի հնարավոր պահանջի մասին՝ հայտարարելով, թե դատական գործը շահելու հավանականությունը 99 տոկոս է։ Այս հայտարարությունները ընդդիմախոսները գնահատում են որպես ճնշում ավագանու անդամների նկատմամբ։

Նիստին ներկա է եղել ավագանու 10 անդամ։ Նրանցից երկուսը հենց սկզբում հայտարարել են, որ նիստը հրավիրվել է ոչ իրավաչափ հիմքերով, և իրենք դեմ են հարցի քննարկմանը։ Այդուհանդերձ, թիվ 52-Ա որոշմամբ ձևակերպվել է ծրագրին համաձայնություն՝ 5 կողմ, 3 դեմ և 0 ձեռնպահ քվեարկության արդյունքով։

Այսպիսով, նախկինում ավագանու կողմից միաձայն մերժված նախաձեռնությունը ամիսներ անց ստացել է համաձայնություն՝ առաջացնելով նոր տարաձայնություններ և հարցադրումներ որոշման ընդունման հանգամանքների վերաբերյալ։
Այսօր Վարդահովիտում ընթացող հանրային լսման ժամանակ ստեղծված լարված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանքարդյունաբերական նախաձեռնության շուրջ հակասությունները շարունակում են պահպանվել։