կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-13 16:12
Մշակույթ

Ադրբեջանցիները փորձել են գողանալ Արցախի դրոշով քարտեզները. քաշքշուկ` Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում

Ադրբեջանցիները փորձել են գողանալ Արցախի դրոշով քարտեզները. քաշքշուկ` Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում

Այս օրերին Ֆրանկֆուրտում գրքի միջազգային տոնավաճառ է անցկացվում, որին մասնակցում է նաև Հայաստանը:

Երեկ երեկոյան տոնավաճառի ժամանակ ուշագրավ դեպք է պատահել. ադրբեջանցիները փորձել են գողանալ Հայաստանի քարտեզները, որոնց վրա նաև Արցախի դրոշն է նկարված եղել: Այս մասին ահազանգել է «Զանգակ» հրատարակչության թարգմանական և միջազգային ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ տաղավարում սկսվել է քաշքշուկ, միջամտել է անվտանգությունը: «Հիշեցնեմ, որ սա ապաքաղաքական, զուտ գրքային տոնավաճառ է, բայց անգամ դա չի խանգարում մեր հարևաններին ցույց տալ, որ իրենք ոչ խաղաղ են, ոչ բարեկամ ու անգամ ոչ էլ հարևան ու ոչ էլ առանձնապես ցանկություն ունեն խաղաղ թվալու։ Հ. Գ. Ի դեպ նման միջադեպեր գրեթե ամեն տարի են գրանցվում»,- գրել է նա։

Դեպքի վերաբերյալ ադրբեջանական կողմի արձագանքը չուշացավ. ադրբեջանական կայքերը սկսեցին ապատեղեկատվություն տարածել` պարծենալով, թե իրենց հաջողվել է պատռել Արցախի քարտեզը:

Քիչ առաջ, սակայն, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ով, ի դեպ, նույնպես գտնվում է Ֆրանկֆորտի մեր պատվիրակության կազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականում երկու ադրբեջանցիներին հաջողվել է միայն մոտենալ մեր տաղավարին ու գողանալ քարտեզները: «Քարտեզները նրանք Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տանում են իրենց հետ: Իրենց տաղավարում արդեն ուժով ես հետ եմ վերցնում քարտեզներն ու վերադառնում: Անմիջապես տաղավար եմ կանչում ցուցահանդեսի անվտանգությանը և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրում է և խոստանում միջոցներ ձեռնարկել: Ցուցահանդեսի ղեկավարությունից պահանջել եմ մի սեղանի շուրջ նստեցնել իրենց տաղավարի պատասխանատուի հետ և դեռ սպասում եմ»,- գրել է նա:

Տեր-Վարդանյանը նշել է նաև, որ այդ ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրվել է, և առաջիկայում կփորձեն հրապարակել այդ կադրերը: «Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցներում տեսնում եմ, որ իբրև թե իրենք մտել են ինչ-որ «սեպարատիստների» տաղավար և պատռել քարտեզներ: Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար: Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակշռում է գրականությանն ու մշակույթին»,- գրել է նա:

Տոնավաճառում Ադրբեջանի տաղավարի լուսանկարները` Ներսես Տեր-Վարդանյանի ֆեյսբուքյան էջից