|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ ներողություն է խնդրել չինացի ժողովրդից՝ թիմի հարձակվող Կիլիան Մբապեի սկանդալային արտահայտության համար։
Ավելի վաղ ֆրանսիացի աստղը հարցազրույցներից մեկում պատմել էր համացանցային մի մեմի մասին, որտեղ իր դեմքը տեղադրված է եղել Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի նկարի վրա։ Մբապեն նկարում պատկերված գործչին անվանել էր «չինացի բռնապետ»։
Ֆուտբոլիստի այս խոսքերը բուռն դժգոհության ալիք են բարձրացրել Չինաստանում և լուրջ հետևանքներ ունեցել. երկրի պետական հեռուստատեսությունը դադարեցրել է Իսպանիայի առաջնության խաղերի հեռարձակումը, իսկ չինական մի քանի խոշոր ընկերություններ անմիջապես խզել են գովազդային պայմանագրերը Մբապեի հետ։
Ստեղծված իրավիճակը մեղմելու համար հոկտեմբերի 27-ին նախ հենց ինքը՝ Մբապեն էր հրապարակային ներողություն խնդրել՝ իր ձևակերպումն անվանելով «անհաջող» և ընդունելով, որ այն վիրավորել է չինացիների զգացմունքները։ Այժմ արդեն իր ֆուտբոլիստին է միացել նաև «արքայական» ակումբը։
«Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ներողություն խնդրել չինացի ժողովրդից այն անհանգստության համար, որը կարող էին պատճառել մեր խաղացող Կիլիան Մբապեի վերջին խոսքերը։ Մեր ակումբը խորը հարգանք է տածում Չինաստանի, նրա պատմության, մշակույթի ու քաղաքացիների, ինչպես նաև միլիոնավոր չինացի երկրպագուների նկատմամբ, որոնք սիրում և հիանում են «Ռեալով»։
Ակումբը միանում է Կիլիան Մբապեի հրապարակային ներողությանը, որում ֆուտբոլիստն ափսոսանք է հայտնել իր խոսքերի համար և վերահաստատել հարգանքը չինացի ժողովրդի հանդեպ։ «Ռեալը» հավատարիմ է մշակույթների միջև հարգանքի, համակեցության ու փոխըմբռնման արժեքներին և ցանկանում է շարունակել ամրապնդել բարեկամական կապերը Չինաստանի և նրա քաղաքացիների հետ», — նշված է մադրիդյան գրանդի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Աղբյուրը՝ armsport.am։