կարևոր
424 դիտում, 42 րոպե առաջ - 2026-10-19 20:21
Հասարակություն Քաղաքական

Գիտության ոլորտի բարեփոխումների շարունակականությունը՝ բյուջետային սահմանափակումների ֆոնին

Գիտության ոլորտի բարեփոխումների շարունակականությունը՝ բյուջետային սահմանափակումների ֆոնին

Գիտության ոլորտի ձեռքբերումների պահպանումն ու առաջիկա բյուջետային մարտահրավերների հաղթահարումն այսօր դարձել են ողջ գիտական հանրության առանցքային մտահոգությունը։

Այս համատեքստում Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 2027 թվականի պետական բյուջեի նախագծից բխող մարտահրավերներին։

Վերջին տարիներին գիտության ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ բացված նոր հնարավորությունների մասին խոսել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանը՝ նշելով, որ գիտական համայնքն ականատես է եղել իրական, շոշափելի փոփոխությունների։ Սկսել է ձևավորվել գիտնականների միջին սերունդը, ընդ որում՝ երիտասարդները հնարավորություն են ստացել հիմնելու սեփական հետազոտական խմբերը։

Գիտական կազմակերպությունները սկսել են նորացնել լաբորատորիաները ժամանակակից սարքավորումներով։ Այս ամենը գիտությամբ զբաղվող երիտասարդների համար մեծ խթան և սեփական երկրում ապագայի հանդեպ վստահության հիմք է դարձել։ Այս գնահատականը համահունչ է նաև կառավարության ռազմավարական փաստաթղթում ամփոփված տվյալներին. 2018 թվականի համեմատ 2025 թվականին գիտատեխնոլոգիական գործունեության ոլորտին պետական հատկացումներն աճել են 2.8 անգամ՝ կամ 181%-ով։

Երիտասարդ կադրերը հնարավորություն են ունեցել մեկնելու արտերկրի առաջատար գիտական կենտրոններ՝ վերապատրաստվելու ժամանակակից սարքավորումների կիրառման մեջ, մասնակցելու միջազգային գիտաժողովների, կապեր հաստատելու ոլորտի հեղինակությունների հետ։ Ձևավորման փուլում է միջազգային մակարդակում մրցունակ նոր գիտական ցանցը։ Ավագ սերնդի առաջատար գիտնականների ղեկավարությամբ մեկնարկած հետազոտական ծրագրերում երիտասարդների ներգրավվածությունը դարձել է անհրաժեշտություն, իսկ գիտության միջազգայնացմանն ուղղված միջոցառումների արդյունքում մեկնարկել են հեռավար լաբորատորիաների իրականացման ծրագրեր՝ կապելով տեղի և արտերկրի մասնագետներին։

Արված քայլերի արդյունավետությունը չափելի է։ Միայն 2025 թվականին ԵԳԱԾ մրցույթների շրջանակում 133 երիտասարդ գիտաշխատողի ֆինանսական աջակցության հնարավորություն տրվեց. 91 երիտասարդ խրախուսվեց միջազգային գիտաչափական շտեմարաններում (ՄԳՇ) ինդեքսավորված հանդեսներում հրապարակած գիտական հոդվածների համար, 15-ը մեկնեցին վերապատրաստման արտերկրի հեղինակավոր գիտական կենտրոններում, 13-ը ստացան օժանդակ նյութեր և սարքավորումներ ձեռք բերելու միջոցներ, ևս 8-ը արտերկրից Հայաստան հրավիրեցին առաջատար մասնագետների՝ կազմակերպելով դասընթացներ, իսկ լրագրողական 6 խումբ ներգրավվեց գիտության հանրայնացման գործում։ Հանրայնացման շրջանակում դպրոցներում և բուհերում անցկացվեցին գործնական փորձեր, կազմակերպվեցին հայաստանյան գիտական կենտրոններում ստեղծված սարքավորումների բացօթյա ցուցադրություններ։

Այս դրական շարժը գիտական հանրության շրջանում առաջացրել էր հիմնավորված լավատեսություն՝ հատկապես պետական մակարդակով տրված շարունակական աջակցության խոստումների ֆոնին։

Այդ լավատեսությունն ու շարունակականության ակնկալիքը ամրագրված են նաև ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 29-ի N 113-Լ որոշմամբ հաստատված՝ Գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրում։ Մինչև 2030 թվականը նախատեսվում է հետազոտությունների և մշակումների ոլորտում պետական ներդրումների մասնաբաժինը հասցնել ՀՆԱ-ի 0.75%-ին, իսկ պետական ֆինանսավորմամբ լրիվ ծանրաբեռնվածության համարժեքով հետազոտողների թիվը՝ 6000-ի։ Իրականացման ժամանակացույցով 2027 թվականի համար սահմանված է 4000 հետազոտողի թիրախ՝ 2026 թվականի 3500-ի դիմաց։

Այս ռազմավարական թիրախների ֆոնին հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը գիտական հանրության լայն շրջանակներում մտահոգություն է առաջացրել։ Հոկտեմբերի 13-ին հրապարակված՝ 240 գիտնականի ստորագրած բաց նամակի համաձայն՝ «Գիտատեխնոլոգիական գործունեություն» ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը նախագծով աճում է մոտ 5%-ով, մինչդեռ գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը մնում է 2026 թվականի մակարդակում։ Նամակում նշվում է նաև, որ այս աճից հետո ծրագրի 2027 թվականի ֆինանսավորումը չի հասնում 2025 թվականի 33,9 մլրդ դրամ մակարդակին։

Բաց նամակի հեղինակների հաշվարկով՝ ռազմավարությամբ սահմանված թիրախներին համապատասխան ընթացք ապահովելու համար 2027 թվականին անհրաժեշտ կլիներ շուրջ 35% աճ։ Նույն նամակում նշվում է, որ մի շարք մրցույթների գնահատումն արդեն ավարտվել է կամ ավարտման փուլում է, և դրանց շրջանակում ներկայացվել է ավելի քան 450 նախագիծ։ Արտերկրից գիտական ներուժի ներգրավմանն ուղղված երեք ծրագրերին դիմել է ավելի քան 100 հետազոտող։ Այս թվերը ցույց են տալիս, որ բյուջետային որոշումների ազդեցությունը վերաբերում է ոչ միայն ապագա նախաձեռնություններին, այլև արդեն մեկնարկած կամ գնահատման փուլ հասած ծրագրերին։

Խնդիրը, հետևաբար, միայն մեկ տարվա բյուջետային թվերի փոփոխությունը չէ։ Վտանգվել կարող է վերջին տարիներին ձևավորված հետազոտական խմբերի, երիտասարդ կադրերի, նոր սարքավորումների և միջազգային համագործակցությունների շարունակականությունը։ Արդեն կատարված ներդրումների արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե որքան կանխատեսելի և հետևողական կլինի ոլորտի ֆինանսավորումն առաջիկա տարիներին։

Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ 2027 թվականի բյուջեի քննարկման ընթացքում կարևոր է գիտության ֆինանսավորման չափերն ու կառուցվածքը համադրել կառավարության իսկ հաստատած 2026–2030 թվականների ռազմավարական թիրախների հետ և ապահովել ընթացիկ ու արդեն գնահատված մրցութային ծրագրերի շարունակականությունը։ Նույնքան կարևոր է գիտական հանրության հետ բաց հաղորդակցությունը՝ հստակ ներկայացնելով, թե ինչպես են նախատեսվող հատկացումները ապահովելու 2027 թվականի և 2030 թվականի նպատակների իրականացումը։

Շարունակականության խզումը կարող է մեծացնել գիտական կադրերի արտահոսքի ռիսկը, նվազեցնել Հայաստանի գրավչությունն երիտասարդ և վերադարձող գիտնականների համար և թուլացնել արդեն ձևավորված վստահությունը։ Հետևողական ֆինանսավորումը, իր հերթին, հնարավորություն կտա պահպանել վերջին տարիներին ստեղծված ներուժը և շարունակել այն բարեփոխումները, որոնց արդյունքներն այսօր արդեն չափելի են։

Գ. Ս.