կարևոր
1123 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-28 11:57
Աշխարհ

Վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշոր հարձակումներից մեկն է իրականացվել Մոսկվայի վրա

Վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշոր հարձակումներից մեկն է իրականացվել Մոսկվայի վրա

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 27-ի երեկոյան և հուլիսի 28-ի գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 390 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում, իսկ թշնամու 81 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս», – հայտնել է քաղաքապետը։Գործակալության հաշվարկներով՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակման փորձը վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներից մեկն էր։

Արձանագրվել են նաև այլ արձակումներ։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ՌԴ Բելգորոդի մարզի իշխանությունները հայտնել են, որ Շեբեկինոյում ավտոբուսի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է 19 մարդ։ Ռյազանի մարզում բազմաբնակարան շենքին հարվածի հետևանքով 1 մարդ է վիրավորվել։

«ՌԲԿ-Ուկրաինա»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հուլիսի 27-ի ժամը 18:00-ից մինչև հուլիսի 28-ի առավոտ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 131 գրոհային ԱԹՍ։

Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է 107 անօդաչու թռչող սարք երկրի հյուսիսում, հարավում, կենտրոնում և արևելքում։ Չնայած հակաօդային պաշտպանությանը՝ ԱԹՍ-ներից մի քանիսը հասել են իրենց թիրախներին։ 16 հարձակողական անօդաչու թռչող սարքերի հարվածը գրանցվել է միաժամանակ 9 վայրում։Սումիի մարզային իշխանությունները տեղեկացրել են, որ գիշերը կառավարվող ավիառումբերի հարվածի հետևանքով վիրավորվել է երեք երեխա և երեք մեծահասակ։Խերսոնում առավոտյան հրետակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 28-ի գիշերը ռուսական ուժերը փորձել են գրոհել նաև Կիևի վրա, ինչի հետևանքով մայրաքաղաքում պայթյուններ են հնչել։