կարևոր
1234 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-06 17:02
Հասարակություն

«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը գլխուղեղի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը գլխուղեղի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 26-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է, և կողմերը միմյանց վրա քարեր են նետում։ Քիչ անց տեղեկություն է ստացվել, որ Վահագնի թաղամասի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի՝ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշենի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Երևանի բնակիչ 25-ամյա Արգիշտի Հ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Արգիշտի Հ.-ն Դավիթաշեն 4-րդ փողոցի 2/5 շենքի բակի ավտոկայանատեղիում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է անծանոթ երեք անձանց հետ, որոնցից մեկը քարով հարվածել է նրա գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Բացի այդ՝ վնասվել է նաև նրան պատկանող ավտոմեքենայի աջ անվաթևը (կրիլոն)՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի նյութական վնաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դավիթաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արգիշտի Հ.-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ 42-ամյա Վարդան Մ.-ն, 33-ամյա Արմեն Մ.-ն և 27-ամյա Տիգրան Մ.-ն։ Վիճաբանության ընթացքում Վարդան Մ.-ն քարով հարվածել է Արգիշտի Հ.-ին, ապա ոտքով հարվածել և վնասել նրա ավտոմեքենան։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։