|
Փոխարժեքներ
11 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
Այսօր Պաղպաղակի համաշխարհային օրն է և առաջարկում ենք, այդ համեղ քաղցրավենիքը գնելուց առաջ, ծանոթանալ մի քանի սկզբունքների: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Եվ այսպես. ինչպե՞ս ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ։
Նախ պետք է իմանալ, որ գոյություն ունեն պաղպաղակի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են օգտագործվող կաթնայուղի զանգվածային մասի տոկոսային հարաբերակցությամբ։
Առանձնացվում են պաղպաղակի հետևյալ տեսակները՝
-կաթնային պաղպաղակ – մինչև 7.5% կաթնայուղ,
-սերուցքային պաղպաղակ – 8–11.5% կաթնայուղ,
-պլոմբիր – առնվազն 12% կաթնայուղ,
-թթվակաթնային պաղպաղակ – մինչև 7.5% կաթնայուղ,
-կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակ (կաթնային և բուսական ճարպերի խառնուրդ) – մինչև 12% կաթնայուղ։
Կարևոր է ուշադրություն դարձնել բաղադրությանը։ Իրական դասական պաղպաղակը պետք է պարունակի միայն կաթ, սերուցք, շաքար, կարագ և բնական հավելումներ։ Եթե արտադրանքի անվանման մեջ նշված է միայն «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» կամ «թթվակաթնային», ապա այն չպետք է պարունակի բուսական ճարպեր։
Իսկ ինչպե՞ս որոշել պաղպաղակի որակը խանութում:
Ուշադրություն դարձրեք ձևին ու կառուցվածքին. պաղպաղակը չպետք է լինի ձևափոխված։ Եթե այն կորցրել է իր ձևը, նշանակում է՝ պահպանման ջերմաստիճանային ռեժիմը խախտվել է։
Սառցե բյուրեղների առկայությունը ազդանշան է. եթե մակերեսին կամ ներսում կան սառցե բյուրեղներ, դա վկայում է կրկնակի սառեցման մասին։
Գույնը կարևոր է. որակյալ պաղպաղակը պետք է ունենա միատեսակ գույն։ Գույնի երանգը կախված է ճարպայնությունից և հավելումներից։
Չափազանց վառ գույները կարող են վկայել արհեստական ներկանյութերի օգտագործման մասին։
Եվ, իհարկե, ուշադրություն դարձրեք պիտանիության ժամկետին. թույլ մի տվեք ձեզ վաճառեն ժամկետանց պաղպաղակ»,-նշում են տեսչական մարմնից: