կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-25 14:32
Քաղաքական

Ո՞րն է պատճառը, որ զբոսաշրջության կենտրոն համարվող Վրաստանում վարակի դեպքերը 8 անգամ քիչ են․ քաղաքագետի դիտարկումները

Ո՞րն է պատճառը, որ զբոսաշրջության կենտրոն համարվող Վրաստանում վարակի դեպքերը 8 անգամ քիչ են․ քաղաքագետի դիտարկումները

Քաղաքագետ Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քանի որ հայերս միշտ նախանձով ենք նայում Վրաստանի հաջողություններին, որոշեցի մի փոքր ուսումնասիրել, թե որն է պատճառը, որ զբոսաշրջության կենտրոն համարվող Վրաստանում վարակի դեպքերը 8 անգամ քիչ են, քան ծով ելք չունեցող, երկու սահմանը փակ և մեկուսացված Հայաստանում: Երեք կետ կարողացա առանձնացնել.

1/ Վաղ արձագանքում
2/ Կարանտինի պահպանում
3/ Հետևողական քաղաքականություն

Մի փոքր անդրադառնամ սրանցից յուրաքանչյուրին:

1/ Վրաստանը ավելի շուտ է արձագանքել, քան Հայաստանը:

Ամենավառ օրինակը Իտալիայի հետ օդային հաղորդակցությունն է: Վրաստանը մարտի 6-ին դադարեցրեց Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը, իսկ Հայաստանը՝ միայն մարտի 15-ին: Այս 9 օրվա մեջ Իտալիայից Հայաստան են եկել «Էջմիածնցի ծյոծը» և Շենգավիթի տեքստիլի արտադրամաս այցելած իտալացի գործարարը, որոնք էլ վիրուսի անկառավարելի տարածման սկիզբն են հանդիսացել: Ու սա այն դեպքում, երբ մարտի սկզբին այլևս պարզ էր, որ հենց Իտալիան է Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախը: Մեկ այլ հետաքրքիր օրինակ է այն, որ մարտի 2-ին Վրաստանի կառավարության հորդորով տեղական ինքնակառավարման մարմինները դադարեցրին զանգվածային բոլոր միջոցառումները, իսկ Հայաստանում մինչև մարտի 12-ը հանրահավաքներ էին կազմակերպվում:

2/ Վրաստանում կարանտինը պահպանվել է ավելի խիստ ձևով, քան Հայաստանում:

Յանդեքսի ինքնամեկուսացման ինդեքսը ցույց է տալիս, որ Թբիլիսում միշտ (բացառությամբ ապրիլի 29-30) ինքնամեկուսացման մակարդակը եղել է ավելի բարձր, քան Երևանում: Ի դեպ, Վրաստանին ամեն ինչ հեշտ չի տրվել. նույնիսկ զինված ուժերն են մասնակցել կարանտինային պայմանների վերահսկմանը, եղել են նաև բախումներ: Իսկ Հայաստանում կարանտին սահմանվեց, սակայն Ոստիկանության կողմից պատշաճ վերահսկողություն չեղավ (բացառության առաջին օրերի), ինչն էականորեն նվազեցրեց կարանտինի արդյունավետությունը: Ի՞նչ իմաստ ուներ մարդկանց արգելել գնալ աշխատանքի, եթե չէր վերահսկվելու, որ մարդիկ փողոցներում ու բակերում չվայելեն իրենց «արձակուրդը»:

3/ Վրաստանը ունեցել է պայքարի տրամաբանական և հետևողական քաղաքականություն՝ ի տարբերություն Հայաստանի:

Լավ վարորդը վատից հիմնականում տարբերվում է հնարավորինս լայն տեսադաշտ ունենալու, հեռուն տեսնելու, իրավիճակն ու ռիսկերը գնահատալու կարողությամբ: Վատ վարորդը դիմացի մեքենայից այն կողմ ոչինչ չի տեսնում, իսկ լավ վարորդ մի քանի խաչմերուկ հեռավորության տեսադաշտ ունի: Հայաստանի պարագայում վարորդը մեկ-երկու օրից այն կողմ հաշվարկ չի ունեցել, իսկ Վրաստանի պարագայում տեսադաշտը եղել է ավելի երկարաժամկետ:

Օրինակ, Հայաստանում մարտի 2-8-ը կրթական հաստատությունների գործունեությունը կասեցվեց, սակայն մարտի 9-ից դասերը մեկնարկեցին այն հիմնավորմամբ, թե «որևէ պատճառ չկա չգնալու»: Մինչդեռ այն վտանգները, որոնք հիմք էին հանդիսացել մարտի 2-ի որոշմանը, մարտի 8-ի չէին վերացել: Ավելին, աշխարհում վիճակը գնալով բարդանում էր: Իսկ հաշվի առնելով հիվանդության երկշաբաթյա ինկուբացիոն շրջանը՝ մեկշաբաթյա դադարը որևէ իմաստ չէր կարող ունենալ: Բայց որոշում կայացվեց. կրթական հաստությունները վերաբացվեցին մինչև արտակարգ դրության հաստատումը, հետո նորից դադարեցվեցին: Մինչդեռ Վրաստանում հենց սկզբից դրանք փակվեցին երկու շաբաթով և այլևս չվերաբացվեցին:

Երկարաժամկետ տեսլական չունենալու, մեկ-երկու օրվա հաշվարկի վրա որոշումեր կայացնելու մասին է վկայում նաև այն, որ արտակարգ դրության հաստատումից ընդամենը երեք օր առաջ լայնամասշտաբ հավաքներ էին կազմակերպվում: Կամ ապրիլի կեսերին, երբ առաջին անգամ բուժվողների թիվը գերազանցեց վարակվածների թվին, վարչապետը հայտարարեց, որ «համաճարակի մեջքը կոտրվել է», ինչն էլ ևս մեկ պատճառ դարձավ մարդկանց կողմից ինքնամեկուսացման պահանջը անտեսելու, «արխայինանալու» համար: Կամ իմաստ չուներ Իրանի հետ սահմանը փակել, բայց դրանից հետո 21 օր շարունակ չփակել Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը: Կամ սահմանափակումների թուլացման գնալ հենց այն պահին, երբ ամեն օր կտրուկ ավելանում են հաստատված դեպքերը... եվ այսպես շարունակ...

Ես, իհարկե, հեռու եմ Վրաստանով հիացած հայերի շարքին դասվելուց, բայց կոնկրետ կորոնավիրուսի դեմ պայքարում ինձ հիմա զգում եմ «Իբր լավ վիճակում էի, հարևանս էլ մեքենա առավ» հայտնի անեկդոտում»։