|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, քահանայական կոչմանն արժանացած նորաօծ յոթ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը Նաթան արքեպիսկոպոսը ներկայացրեց նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով իր հայրական պատգամն ու օրհնությունը։
Նորին Սրբությունն անդրադարձավ քահանայական կոչմանն ու առաքելությանը՝ կարևորելով եկեղեցականի պատասխանատու և նվիրյալ ծառայությունն ի նպաստ Եկեղեցու պայծառության և Հայրենիքի բարօրության ու առաջընթացի։
Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդ հոգևորականներին իրենց սպասավորության մեջ լինել նախանձախնդիր և հաստատակամ, հոգու ամրությամբ և արիությամբ դիմագրավել բոլոր փորձություններն ու դժվարությունները, Հայրենիքի, Եկեղեցու և ժողովրդի հանդեպ անսակարկ սիրով, զոհողության և հանձնառության ոգով բարի օրինակ լինել հավատացյալների համար՝ զորացնելով համայնքային կյանքը և բարձր պահելով Եկեղեցու բարի համբավը։
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին և նրանց ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ։