կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-12 20:29
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արմավիրի թեմի քահանաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Արմավիրի թեմի քահանաներին

Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց Արմավիրի թեմում սպասավորող քահանաներին` գլխավորությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, իր ուրախությունը հայտնեց Մայր Աթոռ կատարած այցի առիթով։ Սիոն Սրբազանն իր խոսքում հաստատեց, որ թեմի հոգևորականաց դասը համավարակի դժվարին պայմաններում շարունակում է իրականացնել իր հոգեխնամ առաքելությունը։ Սրբազանը նաև իր խորին երախտագիտությունն արտահայտեց Հայոց Հովվապետին համավարակի պայմաններում թեմի սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերած նյութական աջակցության համար։

Հանդիպմանը Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների, դրանցում առկա խնդիրների, մարտահրավերների և արտահայտված մտահոգությունների մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ մեկ անգամ ևս հաստատելով Մայր Աթոռի դիրքորոշումներն այս հարցերի վերաբերյալ: Հայր Սուրբը շեշտեց, որ կրթական բարեփոխումները պետք է միտված լինեն ազգային ինքնությամբ, հոգևոր-ազգային արժեհամակարգով, բարոյական նկարագրով և ժամանակակից մարտահրավերներին համահունչ քաղաքացու կերտմանը՝ ի շահ հայոց պետության զորացման և շարունակականության։ Հայր Զաքարիան մասնավոր անդրադարձ կատարեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկային՝ նշելով, որ անընդունելի է առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից։

Զեկույցի վերաբերյալ տեղի ունեցան քննարկումներ, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես պատասխանեց քահանա հայրերի հարցերին`  հույժ կարևոր նկատելով հոգևորականության դերակատարությունը քրիստոնեական և ազգային արժեհամակարգի կերտման ու պահպանման գործում։

Այնուհետև «Եկեղեցու սոցիալական ծառայության դերը հովվական առաքելության մեջ» թեմայով բանախոսեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանը՝ ներկայացնելով նաև համավարակի պայմաններում Մայր Աթոռի կողմից իրականացված սոցիալական միջոցառումները։

Բանախոսությանը հաջորդած քննարկումների ընթացքում կարևորվեց հոգևորականների կողմից սոցիալական ծառայության իրականացումը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց Արմավիրի թեմի քահանայից դասին՝ իրենց նվիրյալ ծառայությունը հանձնառությամբ և պատասխանատվությամբ իրականացնելու համար։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ յուրաքանչյուր հոգևորական պատասխանատվություն է կրում երկրի անվտանգության, ժողովրդի կրթության, բարօրության, առաջընթացի և պետության զորացման գործում։ Հայոց Հովվապետը հորդորեց եկեղեցականներին իրենց առաքելության մեջ լինել քաջ, համարձակ, համբերատար և նախանձախնդրությամբ պաշտպանել հոգևոր ու ազգային արժեքները։

Հանդիպումը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով։

Առաջիկայում ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվում են նմանօրինակ հանդիպումներ հայաստանյան թեմերի հոգևորականաց դասի հետ: