կարևոր
373 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-03 11:55
Հասարակություն

Ջեմալ Ազմի՝ Տրապիզոնի հայերին ոչնչացրած նահանգապետը

Ջեմալ Ազմի՝ Տրապիզոնի հայերին ոչնչացրած նահանգապետը

Մեհմեդ Փոլաթել

Ջեմալ Ազմին 1915 թ ոչ միայն սպանել է Տրապիզոնի հայերին, այլև՝ շրջակա նահանգներում տեղական կառավարիչներին կազմակերպել ՝ հայերին կոտորելու համար։

1868 թ․ Արաբկիրում ծնված Մեհմեդ Ջեմալ Ազմին կրթությունն ստացել է քաղաքագիտության դպրոցում: Պետական ​​ծառայությունն սկսել է որպես ուսուցիչ և տարբեր, այդ թվում՝ կառավարչի պաշտոններ զբաղեցրել զանազան շրջաններում: Կոսովոյի կենտրոնական գավառների գավառապետը լինելու ընթացքում միացել է Միություն և առաջադիմություն կոմիտեին և դեր է խաղացել 1908 թ․ սահմանադրական միապետության վերահաստատման գործում: Ծառայել է որպես Ռիզեի շրջանի կառավարիչ մինչև 1914 թ․, որի ընթացքում ստացել է «դագանակավոր մյութեսարիֆ» (սանջակի / մարզի կառավարիչ-Ակունքի խմբ) մականունը: Այնուհետև նա նշանակվել է Տրապիզոնի նահանգապետ, պաշտոն, որը զբաղեցրել է գրեթե չորս տարի:

Ջեմալ Ազմին նաև ներգրավված էր Հատուկ կազմակերպության (Teşkilat-ı Mahsusa) մեջ: Պատերազմի ընթացքում ակտիվ դեր է խաղացել ոչ կանոնավոր խմբերի ձևավորման գործում, որոնք մասնակցելու էին անկանոն մարտերին: Այս համատեքստում Ջեմալ Ազմին, ով փորձում էր դատապարտյալներից, կալանավորներից և փախստականներից ստորաբաժանում ստեղծել, տեղեկացրել է Ներքին գործերի նախարարությանը, որ Տրապիզոնում այդ անձանցից կստեղծվի 800 հոգուց բաղկացած ստորաբաժանում: Ավելին, նա անձամբ վերահսկում էր լեռներում ավազակներին ներում շնորհելու և նրանց որպես պարտիզաններ օգտագործելու գործընթացը:

Հայերին բեռնանավերն էր լցնում…

Ջեմալ Ազմին Տրապիզոնում հայերի տեղահանության և կոտորածի հիմնական պատասխանատուներից մեկն է: Տրապիզոնում հայերի ճնշումներն սկսվել են 1914 թ․ նոյեմբերին, երբ ռուսական ռազմանավերը ռմբակոծեցին քաղաքը, բայց հայերին քաղաքից ձերբակալելու և վերացնելու համակարգված ծրագիրը կյանքի է կոչվել 1915 թ․ մայիսի 2-ին: Ժանդարմները խուզարկում էին հայերի տները, և հայ առաջնորդների նկատմամբ սպառնալիքները մեծացել էին: Բեհաեդդին Շաքիրի՝ հունիսի 19-ին Տրապիզոն ժամանելուց և նահանգապետի հետ հանդիպումից հետո հայերի նկատմամբ բռնությունները սաստկացել են: Այս հանդիպումից հետո հաղորդվում է, որ Ջեմալ Ազմին Տրապիզոնում քաղաքացիական և ռազմական իշխանությունների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քաղաքից դուրս բնակվող հայերի կոտորածը: Այս համատեքստում, համաձայն Թալեաթ փաշայի հունիսի 21-ի հրամանագրի, որով հրամայվում էր «բոլոր հայերի առանց բացառության» տեղահանությունը, Տրապիզոնում սկսվում են աքսորները: Սկզբում 42 հոգուց բաղկացած խմբի, այդ թվում՝ Դաշնակցության անդամներ, գործարարներ և ուսուցիչներ, նստեցրեցին բեռնանավերը Սամսուն ուղարկելու պատրվակով, սակայն ծովում խեղդվեցին։ Տրապիզոնում ճաշարան բանեցնող Վարդան անունով մի հայ, ով կարողացավ լողալով հասնել ափ, Ջեմալ Ազմիի հրամանով թունավորվեց հիվանդանոցում, քանի որ մտավախություն կար, թե  ցուցմունք կտա։ Ջեմալ Ազմին որոշում կայացնողն էր քաղաքից դուրս հայերի կոտորածի, այդ նպատակով խմբավորումների ստեղծման, կանանց նկատմամբ սեռական բռնության և ծովում հայ գաղթականներին խեղդելու հարցերում։ Այս հանցագործությունները կփաստաթղթավորվեն պատերազմից հետո տեղի ունեցած դատավարություններում՝ ուղեկցվող ցուցմունքներով։

Վկա՝ Հաֆըզ Մեհմեդ բեյ

1918 թ․ դեկտեմբերի 11-ի Պատգամավորների ժողովի նիստում Տրապիզոնից պատգամավոր Հաֆըզ Մեհմեդ բեյը հիշատակեց ծովում հայերի խեղդվելու դեպքը՝ հիմնվելով իր ականատես եղած իրադարձության վրա։ Հաֆըզ Մեհմեդ բեյը հայտարարել է, որ Օրդուի շրջանի նահանգապետը հրամայել է հայերին ծովը նետել՝ նրանց նավակներ բեռնելով Սամսուն ուղարկելու պատրվակով, և որ ինքը լսել է, որ դա նահանգապետ Ջեմալ Ազմին է արել: Նա ասել է, որ չի կարողացել գնալ Տրապիզոն, բայց իրավիճակի մասին փոխանցել է Թալեաթ փաշային: Հաֆիզ Մեհմեթ բեյը հայտարարել է, որ շրջանի նահանգապետը ազատվել է պաշտոնից, բայց նրան ոչինչ չի արվել: Դատավարությունների ժամանակ Գիրեսունի (Կեռասուն-Ակունքի խմբգավառապետ Արիֆ բեյը նաև պնդել է, որ ինքը նահանգապետ Ջեմալ Ազմիից է ստացել Մոսուլ ուղարկվող հայերին խեղդելու հրաման՝ տեղահանության պատրվակով: Ջեմալ Ազմին նաև կանխել է, որ հայերը իսլամ ընդունելով ազատվեն տեղահանությունից: Նա դիմադրել է Օսմանյան կառավարության՝ իսլամ ընդունելու վերաբերյալ սկզբնական հրամաններին և նշել, որ 1894-96 թթ․ կոտորածների ժամանակ կրոնափոխ եղած հայերը վերադարձել են իրենց նախնական կրոնին՝ ենթադրելով, որ դա կարող է խնդիր առաջացնել ապագայում:

Ռուսաստանի կողմից Տրապիզոնի 1916 թ․ ապրիլի 15-ին օկուպացիայից հետո Ջեմալ Ազմին հաստատվեց Օրդուում: Այս ընթացքում նա դեր խաղաց Օրդուում ապրող հույների վտարման և նրանց ունեցվածքը ցածր գներով իրացնելու գործում: 1918 թ․ փետրվարին նահանգապետի պաշտոնը թողնելուց հետո Ջեմալ Ազմին իր ընտանիքի հետ տեղափոխվեց Բեռլին՝ պատերազմի ավարտից հետո քրեական հետապնդումից խուսափելու համար: Սակայն նա հեռակա դատվեց Օսմանյան կառավարության կողմից ստեղծված ռազմական դատարանում՝ որպես Տրապիզոնում հայերի կոտորածի հիմնական հրահրողներից մեկը, և դատապարտվեց մահվան: Դատարանի որոշման համաձայն՝ Ջեմալ Ազմիի կողմից կատարված հանցագործություններն էին՝ «Որոշվել է հայերին ոչնչացնելու անհրաժեշտ միջոցառումներ՝ իբրև թե կիրառելով տեղահանության օրենքով, բայց իրականում՝ գաղտնի հայտարարված հրամանների համաձայն», և հանցագործների ու ժանդարմների միջոցով բաժանելով տղամարդկանց և կանանց՝ սպանել են անպաշտպան հայերին՝ քաղաքից հեռացնելուց հետո։ Թալանել են կանանց արժեքավոր իրերը, բռնաբարել նրանց և ստիպել ամիսներով քայլել՝ մահանալով սովից և ծարավից։ Տրապիզոնում ձերբակալված կանանց, տղաներին ու աղջիկներին պաշտպանության պատրվակով բաշխել են տներում ու հիվանդանոցներում, ապա՝ բեռնանավերով, նավակներով ու առագաստանավերով դուրս բերել ծով ու խեղդել։

Հանրապետությունը նրան չմոռացավ։

Այս հանցագործությունների պատճառով Ջեմալ Ազմիին մահապատժի ենթարկելու դատավճիռն ի կատար չածվեց, քանի որ նա գտնվում էր Բեռլինում։ Սակայն 1922 թ․ ապրիլի 17-ին Բեհաեդդին Շաքիրի հետ Բեռլինում զբոսանքի դուրս եկած Ջեմալ Ազմին գնդակահարվեց և սպանվեց «Նեմեսիս» կազմակերպության կողմից։ Հայտնի չէ, թե ինչպիսի կյանք կունենար Ջեմալ Ազմին հանրապետական ​​դարաշրջանում, եթե ողջ լիներ։ Հնարավոր է՝ նման իրավիճակներում գտնվող այլ նահանգապետերի նման նա ևս բարձրանար մինչև նախարարական պաշտոնի։ Այնուամենայնիվ, Թուրքիայի Հանրապետությունը չմոռացավ Ջեմալ Ազմիին։ 1926 թ․ մայիսի 31-ին ընդունվեց մի օրենք, որը սահմանում էր, թե հայկական լքված գույքից 20,000 լիրա պետք է տրամադրվի «հայ սպանության կոմիտեների կողմից նահատակվածների» ընտանիքներին, ինչպես նաև Գալաթա Վոյվոդա փողոցում գտնվող մի շենք հատկացվեց Ջեմալ Ազմիի կնոջը, երեխաներին և եղբորը։

https://www.agos.com.tr/tr/haber/trabzon-ermenilerini-yok-eden-vali-cemal-azmi-11320

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net