կարևոր
685 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-28 11:10
Քաղաքական

Երբ ժողովուրդն ու բանակը մեկ են՝ երկիրը կանգուն է, սահմանները` պաշտպանված․ Վարդան Ղուկասյան

Երբ ժողովուրդն ու բանակը մեկ են՝ երկիրը կանգուն է, սահմանները` պաշտպանված․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շնորհավորանքը Հայոց բանակի օրվա առթիվ.

«Սիրելի՛ զինվորներ, սպաներ, վետերաններ և հայրենիքի ճակատագրով ապրող իմ հայրենակիցներ, Հայոց բանակը պարզապես զորք չէ։ Դա մեր ժողովրդի կամքն է, մեր ցավով կոփված ուժը, մեր անկախության և պետականության գլխավոր հենասյունը։ Հայոց ազգային բանակը ծնվել է մեր արդար պայքարից, մեծացել ու անցել կորուստների միջով, բայց երբեք չի ծնկել։ Հայ զինվորը կանգնած է ոչ միայն զենքով, այլ հավատով, հիշողությամբ ու հայրենի հողի հանդեպ պատասխանատվությամբ։ Նրա թիկունքում տունն է, մայրը, երեխան, քաղաքը,սուրբ հայրենիքը եւ տաղանդավոր հայ ժողովուրդը։ Այդ գիտակցությամբ է նա կատարում իր ծառայությունը՝ լուռ, ծանր, բայց արժանապատիվ։ Մեր զավակները ծառայել ու ծառայում են պատվով։ Շատերն էլ իրենց կյանքը տվեցին, որ մենք ապրենք ազատ,անկախ ու արժանապատիվ Հայաստանում։ Մեր զոհված տղաների անունները մեր խղճի ու հիշողության մեջ են և պարտադրում են մեզ երբեք չթուլանալ, չկորցնել զգոնությունը։

Այսօր առավել քան երբևէ մեզ պետք է ուժեղ բանակ, միասնական ժողովուրդ։ Երբ ժողովուրդն ու բանակը մեկ են՝ երկիրը կանգուն է, սահմանները` պաշտպանված։

Տոնական այս օրը մենք խոնարհվում ենք մեր հերոս նահատակների,բանակի հիմնադիրների հիշատակի, նրանց ընտանիքների ցավի առաջ։ Հայոց բանակը պետք է լինի առավել ամուր, վճռական ու անկոտրում։ Թող հայ զինվորը միշտ զգա ժողովրդի թիկունքը։ Մեր երկիրը պետք է լինի խաղաղ, բայց նաեւ մեր բանակը պետք է միշտ պատրաստ լինի ամեն գնով պաշտպանելու հող հայրենին։

Փա՛ռք Հայոց բանակին։

Փա՛ռք հայ զինվորին»։