կարևոր
649 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 17:59
Քաղաքական

ՀՀ տարածքներն «Արևմտյան Ադրբեջան» անվանելուն հակազդելը պատերազմի ցանկություն չէ. Արմեն Գևորգյան

ՀՀ տարածքներն «Արևմտյան Ադրբեջան» անվանելուն հակազդելը պատերազմի ցանկություն չէ. Արմեն Գևորգյան

«Հայաստանում «պատերազմի կուսակցություն» չկա։ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքները անվանում է «Արևմտյան Ադրբեջան», անշուշտ, պատերազմի ցանկություն չէ»,- այս մասին նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի  ելույթում։

Արմեն Գևորգյանի ելույթի տեքստն ամբողջությամբ:

«Հայաստանը մտնում է չափազանց դժվար ընտրական քաղաքական շրջան։ Քաղաքական պայքարը միտումնավոր նեղացվում է մանիպուլյատիվ այլընտրանքների, ինչպիսիք են՝ «խաղաղություն կամ պատերազմ», «Ռուսաստան կամ Արևմուտք» և այլն։ Այս նարատիվները կեղծ են։

Հայաստանում «պատերազմի կուսակցություն» չկա։ Քաղաքացիական և քաղաքական ուժեր պիտակավորվում են որպես այդպիսին այն պատճառով, որ անհարմար հարցեր են բարձրացնում՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի, Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, տեղահանված անձանց իրավունքների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ։ «Որտե՞ղ են Վաշինգտոնի համաձայնագրերի իրականացման իրական և միջազգային երաշխիքները» հարցը խաղաղության վրա հարձակում չէ։ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքները անվանում է «Արևմտյան Ադրբեջան», անշուշտ, պատերազմի ցանկություն չէ։

Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս կազմակերպությունում բոլոր այս խնդիրներն ու մարտահրավերները ընկալվում են միայն մարդու իրավունքների և օրենքի գերակայության համատեքստում, այլ ոչ թե ներքին քաղաքական շահարկումների։

Հարգելի՛ գործընկերներ,

«Խաղաղություն կամ պատերազմ» այլընտրանքն ակտիվորեն շահարկվում  է նաև Ուկրաինայում պատերազմի հետ կապված։ Հայերի համար ցանկացած պատերազմ անընդունելի է։ Իրականում Հայաստանը չի կարող ազդել  ուկրաինական պատերազմի ելքի վրա: Բայց Հայաստանը կարող է որոշել թույլ չտալ, որ այդ կրակը տարածվի դեպի մեր սեփական տուն: Հայերն այսօր պատրաստ են կոչ անել կողմերին գնալ նույնպիսի «դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների», որոնք պահանջվել էին Հայաստանից Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո։

Այսօր դժվար է դիրքորոշում ունենալ, երբ ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտեցումների միջև տարբերությունները Ուկրաինայում պատերազմի նկատմամբ ավելի ու ավելի ակնհայտ են դառնում: Եվ հիմա, առանց որևէ հեգնանքի, կարող եմ ենթադրել, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Հայաստանի համար ևս մեկ հարկադրված ընտրության՝ «ԱՄՆ կամ Եվրոպա», իսկ Եվրոպայի համար՝ «ԱՄՆ կամ Արևելք»։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի համար կենսականորեն կարևոր է Իրանը որպես կայուն և անձեռնմխելի հարևան ունենալը, ոչ թե ևս մեկ Լիբիա կամ Սիրիա մեր անմիջական սահմաններին: Ցանկացած այլ մոտեցում բոլոր հարևան երկրների համար լուրջ ռիսկեր է ստեղծում տարածքային ամբողջականության և ներքին կայունության առումով և կարող է դառնալ նոր տարածաշրջանային պատերազմի հրահրիչ: Ահա թե ինչու, այստեղ նույնպես, մենք կողմ ենք խաղաղությանը երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Հայ ժողովուրդը չափազանց բարձր գին է վճարել «խաղաղության» համար, որն օգտագործվում է որպես շահերի առաջխաղացման գործիք: Հայաստանը չի կարող գոյություն ունենալ պարտադրված ընտրությունների պայմաններում և պետք է ունենա հավասարակշռության և պրագմատիկ որոշումների հնարավորություն: Կարևոր է նաև, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանից ակնկալի համերաշխություն արժեքների, այլ ոչ թե շահերի շուրջ»: