կարևոր
769 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-15 16:58
Հասարակություն

Ուշացումից հետո նշված մարմինները որևէ իրավական կամ գործնական հնարավորություն չեն ունեցել միջամտելու գործընթացին. Գեղասահքի ֆեդերացիա

Ուշացումից հետո նշված մարմինները որևէ իրավական կամ գործնական հնարավորություն չեն ունեցել միջամտելու գործընթացին. Գեղասահքի ֆեդերացիա

«Մենք համոզված ենք, որ եթե առկա լիներ որևէ պաշտոնական մեխանիզմ կամ հնարավորություն միջամտելու, ապա համապատասխան կառույցները անպայման կօգտվեին դրանից՝ մեր հավաքականի շահերից ելնելով»,- նշված է Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի հայտարարության մեջ՝ կապված Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից մեր մարզիկներին մուտքի վիզաները սահմանված ժամկետներում չրամադրելու հետ։ 

Ֆեդերացիայից հայտնում են. «Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում տարածված ոչ ճշգրիտ տեղեկությունների՝ Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ֆեդերացիան մշտական և արդյունավետ համագործակցության մեջ է գտնվում ինչպես Հայաստանի Օլիմպիական կոմիտեի, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության հետ և մշտապես ստանում է այդ մարմինների պատշաճ արձագանքն ու աջակցությունը։

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից վիզաների չտրամադրմանը, ապա նման հարցերով զբաղվում են համապատասխան ազգային ֆեդերացիաները, և Գեղասահքի ֆեդերացիան այդ առումով բացառություն չէ։

Ֆեդերացիայի ներկայացուցիչների հանդիպումը Օլիմպիական կոմիտեում վերաբերել է բացառապես Օլիմպիական խաղերում մասնակցության հետ կապված կազմակերպչական հարցերին։ Վիզաների տրամադրման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում Օլիմպիական կոմիտեին չի ներկայացվել։

Նույն կերպ, ԿԳՄՍ նախարարության հետ վիզաների ուշացման թեման բարձրացվել է միայն հեռախոսազրույցի ընթացքում՝ ակնարկի մակարդակով, առանց պաշտոնական դիմումի։ Ուշացումից հետո նշված մարմինները որևէ իրավական կամ գործնական հնարավորություն չեն ունեցել միջամտելու գործընթացին։

Մենք համոզված ենք, որ եթե առկա լիներ որևէ պաշտոնական մեխանիզմ կամ հնարավորություն միջամտելու, ապա համապատասխան կառույցները անպայման կօգտվեին դրանից՝ մեր հավաքականի շահերից ելնելով։

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե /NOC of Armenia/-ին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, մասնավորապես Սպորտի վարչությանը, Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի կողքին մշտապես լինելու, համագործակցության և աջակցության համար»։