կարևոր
1681 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 09:09
Քաղաքական

Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել․ «Հրապարակ»

Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիմը, որն ամիսներ շարունակ թմբկահարում էր իմպիչմենտի մասին եւ Փաշինյանին հեռացնելու միակ խոչընդոտը համարում էր «Հայաստան» դաշինքի չմիանալը, օրեր առաջ ստացավ բաղձալի ստորագրությունները: Սակայն դրանից հետո քայլի մասին տեղեկատվություն չկա։

Բանն այն է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը անգամ 36 ստորագրությունը չունի՝ իմպիչմենտի նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար: 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ստորագրություն։

Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը փորձում է համոզել ՔՊ-ից հեռացած եւ ՄԱՍ կուսակցություն հիմնած անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին, որ ստորագրեն, եւ գոնե 36 ստորագրությունը հավաքվի։ Սակայն Աղազարյանը լսումների ժամանակ էլ հայտարարեց՝ եթե իրենք չվստահեցին իր առաջարկած իմպիչմենտի գործընթացին, որով վարչապետի թեկնածու էր առաջարկում Էդմոն Մարուքյանին՝ հայտարարելով, որ «Մարուքյանը Նիկոլ 2» է, ինչո՞ւ պիտի ինքը վստահի նրանց եւ Սերժ Սարգսյանին։

Նախօրեին երեւանյան սրճարաններից մեկում Դավիթ Համբարձումյանին եւ Աղազարյանին կրկին միասին են տեսել, սակայն Աղազարյանն իր դիրքերից մի միլիմետր չի զիջել։