Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան իբրեւ բանախոս կմասնակցի 2019թ. Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին: Գագաթնաժողովը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 27-29-ը Գերմանիայում՝ Բեռլինում: Բժիշկ Քաթինան կմիանա ամբողջ աշխարհից այնտեղ հավաքված առողջապահության ոլորտի առաջատար փորձագետներին եւ որոշում կայացնողներին, որոնք քննարկելու են, թե ինչպես զարգացնել համաշխարհային առողջապահության օրակարգը, խթանել գիտական մտքի առաջնորդումը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կապերի բաժնից։
Ամերիկացի բժիշկ Քաթինան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահն է, որը նախաձեռնությանը միացավ 2018 թ. դեկտեմբերին: Նա նաեւ Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի հիմնադիրն ու տնօրենն է. վերջին տասնամյակում նա եղել է մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժն այդ հիվանդանոցում: Հիվանդանոցը գտնվում է պատերազմից տուժած Նուբայի լեռնային շրջանում:
«Որպես «Ավրորայի» մարդասիրական համայնքի մի մասնիկը՝ ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին եւ խոսել այնպիսի թեմաների մասին, որոնք այնքան մոտ են մեր սրտին եւ էական «Ավրորայի» առաքելության տեսանկյունից: Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովը միավորում է մարդկանց, որոնք ձգտում են արդյունավետ լուծումներ գտնել եւ վերացնել խոչընդոտները, որպեսզի ոչ մի տղամարդ, կին կամ երեխա անտեսված չմնա», - ասաց բժիշկ Քաթինան: «Նուբայում ես սեփական աչքերով եմ տեսել այս փիլիսոփայության զորությունը»:
Բժիշկ Քաթինան ելույթ կունենա հիմնական նիստի ընթացքում, որի խորագիրն է «Վերափոխելով մարդկային կապիտալը՝ ներդնելով առողջապահության եւ կրթության ոլորտներում»: Ելույթ կունենան նաեւ KPMG-ի, Համաշխարհային բանկի եւ Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) ներկայացուցիչները: Բժիշկ Քաթինան կմիանա նաեւ Գերմանիայի առողջապահության նախկին նախարար Հերման Գրյոհեին եւ «Սիմենս առողջապահության» գլխավոր տնօրեն Բերնդ Մոնթագին՝ մասնակցելու «Ջարդելով պատնեշները. Բարելավելով համաշխարհային առողջապահությունը միասնական գործունեության միջոցով» խորագրով հարակից միջոցառմանը:
Ներգրավելով 100 երկրներից 2,500 բարձրաստիճան մասնակիցների՝ Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովը դարձել է ամենամյա նշանավոր ֆորումներից մեկը քաղաքական, գիտական, քաղաքացիական հասարակության եւ առողջապահության ոլորտների ներկայացուցիչների համար, որոնք համաշխարհային կարծիք են ձեւավորում՝ քննարկելով համաշխարհային առողջապահությունը բարելավելու միասնական հնարավորություններն ու պատասխանատվությունը:
Բժիշկ Քաթինայի մասնակցությունը Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան եւ Աֆրիկան ընդգրկող խոսակցությունների ծավալման նրա ընդարձակ օրակարգի մի մասն է: Եվրոպայում բժիշկ Քաթինան կմասնակցի առաջին «Ավրորա» ֆորումին եւ 2019 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, որոնք տեղի կունենան Երեւանում հոկտեմբերին: Նոյեմբերին ի թիվս այլ միջոցառումների նա կմասնակցի Փարիզի Խաղաղության ֆորումին:
Աֆրիկայում նախատեսված ելույթների շարքում է նաեւ բժիշկ Քաթինայի ելույթը ԷյդԷքս Նայրոբի համաժողովին (AidEx Nairobi Conference)։ Բարձր մակարդակի այդ միջոցառման գլխավոր թեման օգնությունն ու զարգացումն է Աֆրիկայի տարածքում: Նա կմասնակցի նաեւ «Խաղաղության Տուն» (Maison Shalom) խնամքի տան 25-րդ տարեդարձին, որի հիմնադիրն է 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, և որն աշխատում է որբերի ու բռնության զոհերի հետ:
ԱՄՆ-ում բժիշկ Քաթինան դասախոսություն կկարդա Կոլումբիայի եւ Դյուքի համալսարաններում եւ Թենեսիի Նեշվիլ քաղաքում կմասնակցի Կաթոլիկ բժշկական ասոցիացիայի տարեկան համաժողովին:
***
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն իրենց փրկողների: Այն ձգտում է հնարավորություն տալու մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, և այդպիսով շարունակելու մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի հիշատակ ութ տարի՝ 1915-1923 թթ. տեւած Հայոց ցեղասպանության) աջակցելու մարդկանց, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Այդ նպատակն իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի՝ «Ավրորա» մրցանակի, Aurora Dialogues քննարկումների շարքի, «Ավրորա» մարդասիրության ցուցիչի, Երախտագիտության նախագծերի եւ 100 LIVES նախաձեռնության օգնությամբ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, հենվելով վիրաբույժի, վետերանի, մարդասիրական գործունեության եւ 2017թ. Ավրորա մրցանակակրի իր փորձառությունների վրա, սփռելու է «Ավրորայի» «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ։ Նախաձեռնությունը ողջունում է բոլոր նրանց, ովքեր ստանձնում են համընդհանուր մարդկայնության շուրջ միավորվելու պարտավորությունը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 LIVES հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):