|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
«Ճանապարհ թե՞ միջանցք
Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստորև ներկայացնում եմ իմ հիմնական մտահոգությունները ԹՐԻՓՓ անվան տակ քողարկված պանթուրանական միջանցքի վերաբերյալ։
Հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ազատ և անխոչնդոտ գործունեությունը պետք է վերականգնվի։ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ենթակառուցվածքային ծրագրերը և ճանապարհների ու հեռահաղորդակցության այլ ուղիների շրջափակումը որպես քաղաքական ճնշման ու պարտադրանքի գործիք օգտագործելու քաղաքականությունն անընդունելի և Հայաստանի դեմ թշնամանքի ցցուն դրսևորում է։
Հարավկովկասյան տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է փոխադարձության և համարժեքության սկզբունքներով ապաշրջափակվեն՝ պահպանելով երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կանոնակարգող պայմանավորվածությունները պետք է ունենան միևնույն իրավական ուժը և հետադարձելիության առումով լինեն համարժեք։
Սակայն, ո՛չ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Փաշինյան – Ալիև համատեղ հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր) և ո՛չ այդ հռչակագրից ածանցված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) չեն բավարարում վերոնշյալ սկզբունքներին։
Մասնավորապես․
Ա․ Փոխադարձության մասով․
1. Հռչակագրի 3-րդ կետով Հայաստանը պարտավորություն է ստանձնում Ադրբեջանին տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև «անխոչընդոտ հաղորդակցության իրավունք»։ Փոխարենը՝ Հայաստանը ստանում է «միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ»։ Այդ առավելությունների բնույթը որևէ կերպ սահմանված չէ։
2. Համաձայնագրի ներածության (պրեամբուլայի) առաջին պարբերության վեցերորդ բաժնում վերահաստատվում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Սակայն, այդ պարբերությամբ ընդամենը «ակնկալվում է», որ «ԹՐԻՓՓ-ը կստեղծի փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման առումով»։ Այսինքն՝ Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանին տրամադրել «անխոչընդոտ հաղորդակցության իրավունք», սակայն փոխարենն ընդամենը ակնկալում է ստանալ փոխադարձ առավելություններ, առանց դրանց էության որևէ հստակեցման։
3. Համաձայնագիրը, որն ունի պարտադիր իրավական ուժ, վերաբերվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանին տրամադրվող «անխոչնդոտ հաղորդակցությանը» և որևէ կերպով չի անդրադառնում «Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման առումով» փոխադարձ օգուտների ակնկալիքներին։ Մասնավորապես, որևէ հստակեցում չկա, թե․
3.1. Կարո՞ղ է արդյոք Հայաստանն օգտագործել ԹՐԻՓՓ ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները Հայաստան – Հայաստան հաղորդակցության համար, օրինակ՝ Նռնաձոր – Ագարակ հատվածում։
3.2. Կարո՞ղ է արդյոք Հայաստանն օգտագործել ԹՐԻՓՓ-ը դեպի Նախիջևան և երրորդ երկրներ կամ Ադրբեջանի արևմտյան շրջաններ և երրորդ երկրներ ելք ունենալու համար։
3.3. Ո՞ր հատվածով կամ հատվածներով է Ադրբեջանը պարտավորվում Հայաստանին ներպետական կապակցվածության հնարավորություն ընձեռնել։
4. Ըստ Համաձայնագրի ԹՐԻՓՓ նախագիծը ներառում է երկաթուղային, ավտոճանապարհային, նավթագազային խողովակաշարային, օպտիկամանրաթելային և էներգետիկ բաղադրիչներ։ Հռչակագրի տեքստում տվյալ բաղադրիչների վերաբերյալ որևէ նշում չկա։ Ըստ այդմ, որևէ որևէ կերպ հստակ չէ, արդյոք Հայաստանին տրվելու՞ են նույնպիսի իրավունքներ/հնարավորություններ։ Հստակ չէ նաև, թե արդյոք Հայաստանը կարող է օգտվել իր տարածքով անցնող խողովակաշարերից, օպտիկամանրաթելային և էներգետիկ բաղադրիչներ և/կամ արդյո՞ք Հայաստանը բոլոր բաղադրիչների կարիքն ունի։
Բ․ Ինքնիշխանության մասով
1. Հռչակագրում և Համաձայնագրում նշված է, որ Հայաստանն Ադրբեջանին տրամադրում է «անխոչնդոտ հաղորդակցության» իրավունք։ Հայտարարելով, թե ԹՐԻՓՓ երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհի վրա «խոչնդոտներ» չկան, Հայստանի իշխանություններն ընդունում են, որ այլ ճանապարհների կամ սահմանային ու մաքսային անցակետերի վրա կան ինչ որ խոչնդոտներ, որոնցից Ադրբեջանը զերծ է լինելու։ «Խոչնդոտների» բացակայության նշումը բացահայտ կերպով նշանակում է, որ ԹՐԻՓՓ-ի վրա գործելու է այլ իրավական ռեժիմ, քան Հայաստանի ճանապարհների, սահմանային և մաքսային անցակետերում։ Սրանով ԹՐԻՓՓ-ը դառնում է միջանցք, որի վրա Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակված է։
2. Թեպետ թե՛ Հռչակագիրը, թե՛ Համաձայնագիրը շեշտում են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության պահպանման անհրաժեշտությունը, սակայն առնվազն «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» գործառական մոդելի ներդրումը ինքնին նշանակում է, որ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի պահանջին որևէ կերպ չառնչվել հայ պաշտոնյաների հետ՝ դրանով իսկ երրորդ կողմին զիջելով իր ինքնիշխան գործառույթի իրականացման իրավունքը։
Գ․ Համարժեքության և հետադարձելիության մասով
1. Պարտադիր իրավական բնույթ ունեղոց հայ – ամերիկյան Համաձայնագիրը փաստաթուղթ է, որով փաստորեն սահմանվում է, թե Հայաստանն ինչպես է ապահովելու պարտադիր իրավական ուժ չունեցող հայ – ադրբեջանական Հռչակագրով իրեն վերապահված պարտավորությունների իրականացումը։
2. Համաձայնագրին համարժեք որևէ փաստաթուղթ, որով կսահմանվեն և կհամաձայնեցվեն Ադրբեջանի տարածքով Հայաստանին տրամադրվող «առավելությունները»։ Այսպիսով, եթե Հայաստանը և Ադրբեջանը համարժեք «անխոչընդոտ հաղորդակցության իրավունքի» մանրամասների շուրջ համաձանյության չհանգեն, Հայաստանը միևնույն է պարտադրված է լինելու իրականացնել Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Ուստի, Հռչակագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները հետադարձելի չեն, իսկ Ադրբեջանինը՝ հետադարձելի, մանավանդ ամերիկյան կողմի ներդրումների պարագայում։
Գ․ Անորոշության մասով
1. Համաձայնագրից հստակ չէ, թե որքան է կազմելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման տարածքը: 2025 թվականի օգոստոսի 8-ին Հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԹՐԻՓՓ-ը կոչեց «հատուկ տարանցման տարածք» (“special transit area”) և հայտարարեց, Հայաստանը Միացյալ Նահանգների հետ «միջանցքի զարգացման/ստեղծման համար հատուկ բացառիկ գործընկերություն է հաստատում, որը կարող է տևել մինչև 99 տարի» (“Armenia is also creating an exclusive partnership with the United States to develop this corridor which could extend for up to 99 years”): Ըստ նախագահ Թրամփի, Փաշինյանը խոստացել էր 99 տարի հետո գործընկերության ժամկետը երկարաձգել։ «Հայաստան» դաշինքի պատգամավորների բոլոր հարցերն ուղղված ՀՀ կառավարության ներկայացուցիչներին պարզելու «միջանցքի» կամ «հատուկ տարանցման գոտու» սահմանները մնացել են անպատասխան։
Դ․ Տնտեսական ազդեցության մասով
1. ԹՐԻՓՓ-ի տնտեսական ազդեցության որևէ գնահատական ներկայացված չէ։
2. Որոշակիացված չէ, թե ո՞ր կողմը կամ ի՞նչ համամասնությամբ են կողմերը ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների կառուցման համար ներդրումներ կատարելու և, ըստ այդմ, հասկանալի չէ առաջիկա 49 տարիների ընթացքում ինչով է պայմանավորված 74%/26% մասնակցությունը»։