կարևոր
1138 դիտում, 7 ժամ առաջ - 2026-10-27 19:23
Հասարակություն

Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր հոկտեմբերի 27-ին, ավտոմեքենայի և մոպեդի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:10-ի սահմաններում Շիրակի փողոցից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող Բաբաջանյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Մարտին Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված անձի վարած մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է։ Մոպեդավարին առաջինն օգնության են հասել «Tesla»-ի վարորդը և նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի սան, ապագա պարեկը, և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա օտարերկրացի է, «Tesla»-ի վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ասել են, որ վթարի մեղավորը մոպեդավարն է եղել, ով ավտոմեքենաների միջով մի կերպ անցնելով պետք է բախվեր բեռնատարին, սակայն բախվեց «Tesla»-ին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։