Փոխարժեքներ
04 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
2024-ը «Ապառաժ»-ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանի հետ։
- Արցախի բռնի տեղահանությունից ավելի քան մեկ տարի է անցել, ինչպե՞ս կգնահատեք 2024-ը, ի՞նչ խնդիրների առջեւ են կանգնած մեր հայրենակիցները եւ ի՞նչ է արվում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
- 2023-ի բռնի տեղահանությունից հետո Արցախն ու արցախցիները հայտնվեցին շատ ծանր պայմաններում։ Այն ակնկալիքը, որ անհրաժեշտ օժանդակություն ու հոգատարություն կցուցաբերվի ՀՀ Կառավարության կողմից Արցախի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ՝ չարդարացվեց։ Արցախցի մեր հայրենակիցները չհամակերպվելով տեղի ունեցածի հետ փորձեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել եւ մասնակցել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին, հատկապես «Սրբազան շարժման» շրջանակներում և թիրախավորվեցին ՀՀ իշխանությունների կողմից թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն եւ թե սոցիալական տեսանկյունից։
Այսօր ՀՀ իշխանությունների ծրագրերից բավարարված չէ Արցախի ժողովուրդը։ Թե՛ 50 հազար դրամ աջակցությունը, թե՛ բնակարանային ապահովման, թե՛ աշխատանքի տեղավորման ծրագրերը, եւ թե՛ իրավական տեսակետից՝ անձնագրերի, քաղաքացիության հարցերը մի շարք դժվարությունների առաջ կագնեցրեցին մեր հայրենակիցներին։ Այդ արհեստական խոչընդոտները, ծրագրերի ոչ համաչափ կիրառումը խռովություն առաջացրեց Արցախի ժողովրդի մոտ իրենց իսկ հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ։ Դա առաջին հարցն էր, որին դեմ հանդիման կանգնեց Արցախի ժողովուրդը։
Երկրորդը՝ Արցախի իշխանությունների նկատմամբ ՀՀ իշխանությունների արհամարհումն է եւ Ադրբեջանի ուղղակի ազդեցության տակ՝ նրանց աշխատանքի խոչընդոտումը ՀՀ-ում։ Արցախի իշխանությունը միակ ուղղակի ընտրված լեգիտիմ մարմինն է, որն իրավունք ունի և կարող է ներկայացնել Արցախի դատը, տեղյակ է ժողովրդի հոգսերին, սակայն անտեսվեց Հայաստանի իշխանությունների կողմից։ 2024-ին այն ավելի արտացոլվեց նաև քաղաքական դաշտում, որը ազգային շահերին դեմ գնալու դրսեւորում է։ Շատ ծրագրեր քննարկվեցին՝ առանց հաշվի առնելու Արցախի իշխանությունների կարծիքները եւ որոնք ձախողվեցին, որովհետեւ չեն արատահայտում Արցախի մեր հայրենակիցների շահերը։
Պետք է գիտակցեն բոլորը, որ Հայաստանն ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ Արցախի ժողովրդի հայրենիքն է։ Մեկ անգամ մենք հայրենիք ենք կորցրել ու գիտենք դրա ծանրությունը։ Այսօր վտանգված է նաև մեր հայրենիքի մեկ այլ հատվածը, որի կորուստն անընդունելի է մեզ համար։ Վստահ եմ, որ Հայաստանի անվտանգության պահպանման, ապազգային հոսանքների դեմ պայքարում առաջինն է լինելու Արցախի ժողովուրդն ու ՀՅԴ Արցախի կառույցը։
- Այսօր Արցախի քաղաքական օրակարգում արցախցիների իրավունքների բարձրացումն ու հավաքական վերադարձի իրավունքի իրացման խնդիրն է, ի՞նչ հաջողություններ են արձանագրվել այս ուղղությամբ։ Ովքե՞ր են հետապնդում այն, եթե ՀՀ-ն՝ որպես Արցախի երաշխավոր պետություն, հրաժարվել է նրանից։
- 2024-ին մի շարք հաջողություններ արձանագրվեցին այս ուղղությամբ։ Վերջինը՝ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի բանաձևը՝ արցախցիների վերադարձի իրավունքի հարթակ ստեղծելու մասին, թե՛ կոնգրեսականների, թե՛ Կանադայի արտաքին գործերի նախարարի, պատգամավորների, Եվրոպայի խորհրդի պատգամավորների մոտեցումները և դիրքորոշումները, անհամեստություն չթվա, մեծ մասամբ, ՀՅԴ Հայ դատի գրասենյակների շնորհիվ է ու նրանց աշխատանքի արդյունքը։
Կարևորում եմ այն հանգամանքը, որ որքան էլ արտասահմանյան տարբեր կառույցներ, Սփյուռքը՝ հայկական պահանջատիրության ներկայացման գործում ունենան հաջողություններ՝ շահեն բանաձևեր, հայտարարություններ, գլխավորը մեր հավաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է։ Արցախում մենք կարողացանք մեր հավաքական վճռով ցույց տալ, որ ազատ ու անկախ ենք ուզում ապրել։ Արցախի ժողովուրդն արյուն ու քրտինք թափելուց հետո պատրաստ չէ օտարի լծի տակ ապրել։ Վերադարձը պետք է լինի նույն մոտեցումով։ Մինչև մեր մեջ չլինի հավաքական կամքի դրսևորում՝ չի կարող իրականանալ մեր վերադարձը։ Ժողովրդի մեջ պետք է ստեղծել հավաքական ընկալում՝ անվտանգության, սոցիալական-տնտեսական, հանրային, իշխանության հարցերի շուրջ։ Ամեն ինչ պետք է անել, որ հայկական Արցախի գոյությունը հանդիսանա որպես խաղաղության գործոն, հակառակ դեպքում կրկին կլինի անկայունություն ու պատերազմ։
- Ի՞նչ չափով է այսօր Սփյուռքը ներգրավված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում։
- Արցախի ժողովրդի իրավունքերը չպետք է դիտել միայն որպես Արցախի ժողովրդի իրավունք, այլև՝ ամբողջ հայ ժողովրդի։ Հայաստանն՝ Արցախով, Ջավախքով ու Արևմտյան Հայաստանով միասին հայ ժողովրդի հայրենիքն է։ Արցախի հարցը համահայկական բնույթ ունի։ Արցախի կորուստը արցախցին իր մաշկի վրա է զգացել, ու դա հայրենիքի կորուստն է, որը պետք է զգա յուրաքանչյուր հայ։ Հայրենիքի ազատագրման համար պայքարը պետք է դառնա բոլորի սեփականությունը։ Դաշնակցությունը կանգնած է ազատագրական պայքարի առաջին դիրքերում, ինչպես անցյալ 130 տարիների ընթացքում։ Միջազգային առումով Հայ դատի գրասենյակները լծված են այդ աշխատանքներին։ Չեմ թաքցնի ասելով, որ Արցախի ժողովրդի կողմից դա գնահատվում է, և ոչ ոք չի կարող ժխտել Դաշնակցության դերակատարությունն այդ հարցում։
- Արցախի իշխանությունները միակ լեգիտիմ մարմինն են, որ ընտրվել են ժողովրդի կողմից այն պայմաններում, երբ Արցախը գոյություն ուներ որպես պետություն։ Ինչպե՞ս կհաջողվի պահպանել նրանց լեգիտիմությունը։
- Արցախի իշխանությունը ժողովրդավարությամբ ընտրված այն մարմինն է, որը ներկայացնում է Արցախի ժողովրդին։ Այն, որ ժողովրդավարական կարգերի առկայության պայմաններում են ընտրվել Արցախի գործող իշխանությունները, փաստ է բոլորի համար։ Առաջնահերթ են Արցախի նախագահական եւ Ազգային ժողովի իստիտուտների գործունեության ապահովման հարցերը, առաջինը՝ որպես գործադիր և երկրորդը՝ որպես ներկայացուցչական մարմիններ։ Տեղին է դժգոհությունն այդ երկու մարմինների ոչ բավարար գործունեությունից, որտեղ նկատելի են հուսահատության, անկարողության, թուլության դրսեւորումներ։
Այս մթնոլորտի ստեղծման գործում իրենց դերն ունեն ՀՀ իշխանությունները, որոնք փորձում են Արցախի ժողովրդի մեջ պառակտում մտցնել, թիրախավորելով Արցախի իշխանություններին։ Դա արվում է Արցախում ժամանակին գործող որոշ քաղաքական դեմքերի միջոցով, ինչը դատապարտելի է։ Այդպիսով ջուր են լցնում նաև արտաքին թշնամու ջրաղացին։ Պառակտման սերմեր են մտցնում ժողովրդի մեջ, թուլացնում իշխանությունների դերն ու դերակատարությունը, խաթարելով այն համախմբման օղակը, որը պետք է առիթ դառնա մեր վճռական խոսքն ասելու՝ վերադարձի, ինքնորոշման, իրավունքների սոցիալական հարցերի լուծման համար։
- ՀՅԴ Արցախի կառույցի համար ևս անցնող տարին վերակազմակերպման տարի էր, ի՞նչ ընթացքում եք այսօր։
- ՀՅԴ Արցախի կառույցը, տեղահանությունից հետո, անցյալ տարվա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին վերակազմակերպվել է։ ՀՀ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կուսակցական բոլոր ընկերները ներգրավվել են կառույցի աշխատանքներին։ Հատկապես կենտրոնացած են Երևանում, որտեղ բավականին աշխույժ է կուսակցական կյանքը, ունենք բավականին թվով խմբեր։ Համագործակցում ենք տեղի ՀՅԴ կուսակցական մարմինների հետ, մասնակցում աշխատանքներին։ Գործում են նաեւ մեր կառույցին ուղեկից միությունները։
Վստահ եմ, որ մեր պայքարը շարունակվելու է։ Նահանջելու տեղ չունենք։ Իհարկե, կա հոգեբանական ընկճվածություն, բայց հետզհետե ի մի են գալիս մեր մտքերն ու անելիքները։ Պարտության խարանը ճակատին մշտապես պահել չենք կարող, այն կարող ենք ջնջել միայն պայքարի միջոցով։ Հուսով եմ, որ 2025-ին դրական տեղաշարժ կունենանք այդ առումով։ 2025-ը չհասցրեցինք դիմավորել մեր օջախներում, մաղթում եմ՝ 2026-ը դիմավորենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։