Երեւանում որոշ տարածքներ հասանելի են ադրբեջանցիներին, բայց հասանելի չեն հայերին։ Սա՛ էր ՀՀ իշխանությունների և ոստիկանության ուղերձը երեկ Մարիոթ հյուրանոցի դիմաց հավաքված հայ երիտասարդներին։
Երեւանում ադրբեջանցիներ կարող են իրենց հակահայ նկրտումների մասին խոսել, բայց հայ մարդը չի կարող իր ազգային հիմնախնդրի մասին բարձրաձայնել։ Սա՛ էր ՀՀ իշխանությունների և ոստիկանության պատգամը երեկ հայ ժողովրդին։
ՀՀ իշխանությունները Երեւանում կարո՛ղ են ադրբեջանցիների պաշտպանությունը այնպես կազմակերպել, որ նրանք ոչ տեսնեն, ոչ էլ լսեն իրենց դեմ ուղղված բողոքի ձայները, բայց չե՛ն կարողացել Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանել՝ թուրքի դիմաց փռելով հինգ հազար հայորդիների կյանքեր։
Իսկ պատմությունը կրկնվող դաս է տալիս բոլորին․- բռնապետությունները ուշ կամ շուտ տապալվում են։ Բռնապետերը լցվում են պատմության աղբանոցը իսկ նրանց կուրորեն ծառայողները վերածվում են անբան, վարկաբեկված ու ծաղր ու ծանակի ենթակա խլյակների։
Ոստիկաննե՛ր, ՀԱՅ չկա, որ հավատում է ձեր «հրաման ենք կատարում» դատարկաբանության։ Արեք այնպես, որ դուք և ձեր սերունդները թուրքի պաշտպանի խարանը չկրեն իրենց ճակատին։
ՀՅԴ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ