Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պաշտպանության և սահմանային անվտանգության ուղղությամբ Զինված ուժերում վերանայվել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կազմ-կառուցվածքը: Շարունակվել են մարտական դիրքերի կահավորման, կենցաղի և մարտական հերթապահության պայմանների բարելավման, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները, «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի գործունեությունն ամփոփող հաշվետվությունում։
Ռազմական սպառնալիքների կանխատեսվող մակարդակին պետության պաշտպանունակության մակարդակի համապատասխանեցման նպատակով սահմանվել է ռազմական գործողությունների հավանական բնույթը, կատարվել են կազմկառուցվածքային փոփոխություններ, զորքերին առաջադրվել են նոր խնդիրներ, կատարվել են համակողմանի ապահովման աշխատանքներ: Մշակվել է ՀՀ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի 2021-2025թթ.ի հայեցակարգը:
Ըստ Կառավարության հաշվետվության, ՀՀ սահմանապահ զորքերում 2021 թվականի ընթացքում՝
կազմակերպվել և իրականացվել է ժամկետային զինծառայողների նախնական զինվորական պատրաստումը,
բարելավվել են սահմանապահ զորքերի բոլոր կազմերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը,
իրականացվել են սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում, կազմ-հաստիքային փոփոխություններ, սահմանային ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման, ենթակառուցվածքների, ստորաբաժանումների տեղաշարժի նպատակով օգտագործվող սահմանային ճանապարհների կառուցման և վերանորոգման աշխատանքներ,
սարքավորվել և կահավորվել են ժամանակավոր սահմանային կետեր և դիտարկման կետեր,
ընտանի կենդանիների անցումը հարակից պետության տարածք կանխելու նպատակով` սահմանին հարող տարբեր տեղամասերում կառուցվել են փշալարային արգելափակոցներ և ցանկապատեր,
սահմանային շերտում տեղադրվել է նախազգուշացնող 55 վահանակ, 51 մոդուլային տնակ, տեսադիտարկման համակարգեր,
սահմանապահ ստորաբաժանումները համալրվել են անօդաչու թռչող սարքերով, համակարգչային տեխնիկայով, տեսաձայնագրող սարքերով և մոնիթորներով, մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոտեխնիկայով:
Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են ՀՀ սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները, իրականացվել է այդ աշխատանքների 50%-ը:
Ինչ վերաբերում է մարտական հենակետերին և դիրքերին, ապա նախորդ տարվա ընթացքում հենակետերում և կարևոր ուղղություններում տեղադրվել են տեսադիտարկման համակարգեր: Հենակետերում, կրակային և մարտական դիրքերում կազմակերպվել ու բարելավվել է կապը, տեղադրվել են վերահաղորդիչ նոր կայաններ՝ հիմնականում նոր բնագիծ զբաղեցրած զորամիավորումների, զորամասերի, հետախուզության և հակաօդային պաշտպանության զորքերի ռադիոցանցերի ապահովման համար: Թարմացվել է մարտական հենակետերի գույքը, բարձրացվել են զինծառայողներին հատկացվող բոլոր իրային միջոցների որակական հատկանիշները:
2021թ․-ին երկարացվել է զինծառայություն անցնելու պայմանագրի կնքման և պայմանագրային զինծառայության անցնելու նվազագույն ժամկետը՝ նախկին 5 ամսվա փոխարեն սահմանվել է 12 ամիս: Կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ:
Մշտական տեղակայման վայրերի կառուցման աշխատանքներ, սպառազինության համալրում. 2021թ․-ի ընթացքում ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ընթացք են ստացել նոր բնագծերում թեթև մետաղական կարկասներով մշտական տեղակայման վայրերի (ՄՏՎ) կառուցման և հենակետերի կահավորման աշխատանքները։ Տեղադրվել են երկտեղանի տնակներ՝ համալրված գույքով և կահույքով: Ընթանում են մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման նպատակով զինված ուժերը համալրվել են ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով, հրթիռահրետանային, հակատանկային, հրանետային, կապի, ինժեներական, հրաձգային, ռազմատեղագրական միջոցներով, զրահապատ մեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով, ՀՕՊ, հրետանային ռադիոլոկացիոն կայաններով: Կիբեռտիրույթում և տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շրջանակներում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ:
Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացման նպատակով՝
2021 թ․-ին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով ծրագրի 384 մասնակցի հետ կնքվել են որակավորված հիփոթեքային վարկային պայմանագրեր: Հատկացվել է շուրջ 7,3 մլրդ դրամ հիփոթեքային վարկ,
340 զինծառայողի շուրջ 770 մլն դրամ գումարի չափով հատկացվել է պետական աջակցություն` ձեռք բերված բնակարանի 10% կանխավճարն անհատույց հատկացնելու միջոցով,
421 շահառուի համար (շուրջ 248 մլն դրամ) հատկացվել է պետական աջակցություն` վճարվելիք տոկոսներից 3% սուբսիդավորելու եղանակով:
Նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 8 դեպք, 8 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 26 անձ: