Փոխարժեքներ
14 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Հեռախոսազրույցների մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով իրավիճակի վտանգավոր սրման լույսի ներքո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի և Իսրայելի պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նեթանյահուի հետ զրույցում Պուտինը նշել է իսրայելա-իրանական բոլոր հակասությունների խաղաղ կարգավորման և բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը։ Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ, «ընդգծվել է բանակցային գործընթացին վերադառնալու և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը»։
Ռուսաստանի նախագահը հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ միջնորդական ծառայություններ մատուցելու իսրայելա-իրանական հակամարտության հարցում։
Մասուդ Պեզեշկիանի հետ զրույցում Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին՝ Իսրայելի հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, կապակցությամբ։
Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը։ Ռուսական կողմը լիովին աջակցություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծման ջանքերին և առաջ է քաշել փոխադարձաբար ընդունելի համաձայնագրեր գտնելու ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ։ Ռուսաստանը կշարունակի նպաստել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լիցքաթափմանը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Նեթանյահուն մտադիր է Պուտինի հետ քննարկել Իրանին հարվածների շուրջ ստեղծված իրավիճակը։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսեց «Ծագող Առյուծ» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրին։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնեցին, որ 200 կործանիչ հարված է հասցրել Իրանում ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ միջուկային օբյեկտների։ Նեթանյահուն զգուշացրեց, որ հարվածները կշարունակվեն։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելի գործողությունները անպատասխան չեն մնա։ Իրանի իշխանությունները նաև տեղեկացրել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ Բուշերի ատոմակայանը հարձակման չի ենթարկվել, և Իսրայելի կողմից Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտների վրա հարվածները չեն հանգեցրել բնակչության շրջանում զոհերի և պատճառել են աննշան վնասներ։ Ռազմական հարձակումների հետևանքով զոհվել են Իրանի մի քանի բարձրաստիճան զինվորականներ։