կարևոր
2413 դիտում, 20 ժամ առաջ - 2025-03-20 19:51
Հասարակություն

Բազմաբովանդակ ակադեմիական աշխատանք՝ նոր մոտեցումներով. տեղի է ունեցել «Հայոց պատմության» I հատորի II գրքի շնորհանդեսը

Բազմաբովանդակ ակադեմիական աշխատանք՝ նոր մոտեցումներով. տեղի է ունեցել «Հայոց պատմության» I հատորի II գրքի շնորհանդեսը

Սույն թվականի մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունեցել  «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի առաջին հատորի երկրորդ գրքի շնորհանդեսը:

Հատորը բաղկացած է 25 բազմաբովանդակ գլուխներից, որոնք իրենց վերաբերող բոլոր ասպեկտներով (քաղական պատմություն, քաղաքաշինություն և ճարտարապետություն, հոգևոր մշակույթ, կերպարվեստ, սոցիալ-տնտեսական կյանք և այլն) ընդգրկում են Ուրարտուի (Բիայնիլի, Արարատ) թագավորության ստեղծումից մինչև Տրդատ Մեծի գահակալության տարիները ներառող ժամանակաշրջանները: Բոլոր բաժինները շարադրվել են իրենց ոլորտում մեծ վաստակ և հեղինակություն ունեցող գիտնականների կողմից:

Բազմահատորյակի պատրաստումն իրականացվել է երկարատև պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում: Այս կարևոր աշխատության գլխավոր խմբագիրն է ՀՀ պատմության ինստիտուտի տնօրեն, պ. գ. դ. պրոֆ., ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Խմբագրման աշխատանքների իրականացման գործում խիստ կարևոր աշխատանք է իրականացրել Հին դարերի պատմության բաժինը: Գրքի պատրաստման գործում մեծ է նաև հայ անվանի պատմաբան, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի դերը:

Շնորհանդեսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակեդմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Հայաստանի Հանրապետության մի շարք առաջատար պատմաբաններ, բազմահատորյակի համահեղիանկաները, ինչպես նաև պատմության ինստիտուտի աշխատակիցներ:

Շնորհանդեսի ժամանակ ներկաների կողմից հատուկ ընդգծվեց այն հանգամանքը,  որ տասնյակ տարիներ անց սեղանին է դրվել նոր մոտեցումներով ու հարցադրումներով հագեցած մի բազմաբովանդակ ակադեմիական աշխատանք, որտեղ ակներև կերպով մատնացույց է արվում Հին Հայաստանի պետականության տարբեր ժամանակաշրջանների շարունականությունն ու ժառանգականությունը:

«Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի առաջին հատորի երկրորդ գրքի բովանդակությանը ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ: