կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-28 15:55
Հասարակություն

Հայոց ցեղասպանության որբերի «Թռչնոց բույնն» ու չանհետացող ոտնահետքերը. լուսանկարներ

Հայոց ցեղասպանության որբերի «Թռչնոց բույնն» ու չանհետացող ոտնահետքերը. լուսանկարներ

Լիբանանի պատմական Բիբլոս (Ջիբեյլ) քաղաքում է գտնվում դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսոնի կողմից հիմնված որբանոց-վարժարանը, որտեղ ապաստանել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայ որբեր:

Յակոբսոնը, ով հայկական պատմական Խարբերդում եղել է գործող Դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության միսիոներուհի, հետագայում հաստատվել է Լիբանանում և մարդասիրական իր առաքելությունը շարունակել Միքայել ավանում, ապա՝  «Թռչնոց բույն»-ում: Պատահական չէ, որ հազարավոր որբ-որբուհիներին անմնացորդ նվիրված և նրանց մայրական սիրով խնամած Յակոբսոնը հետագայում արժանացել է «Մամա» կոչմանը։

2015 թվականի հուլիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում «Թռչնոց բույն» որբանոցի ամենահին շենքերից մեկում բացվեց Հայոց ցեղասպանության որբերի թանգարանը, որը կրում է «Արամ Պէզիքեան» անունը, ով եղել է որբանոցի ամենաառաջին որբերից մեկը:

Թանգարան մտնելիս այցելուներն անակնկալի են գալիս. գետնին որբերի ոտնահետքերն են, հնչում են նաև նրանց ծիծաղի ու ողբի ձայները:

Պատմական թանգարանը բաժանված է երեք մասի: Առաջին մասը ներկայացնում է  հայ ժողովրդի կյանքը Օսմանյան կայսրության ժամանակ, հատկապես` Հայոց ցեղասպանության տարիներին: Այս բաժնում են ցուցադրված հայ որբերի կյանքին, ինչպես նաև հայ մտավորականությանը վերաբերող իրեր, նկարներ ու տեղեկություններ:

Թանգարանի երկրորդ մասը նվիրված է Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերին: Ցուցադրվում են հայկական որբանոցներում ապաստանած որբերի մասին փաստաթղթերի պատճենները, նաև` հատուկ պաստառ, որի վրա գրված են «Թռչնոց բույն»-ում ապաստանած հազարավոր որբերի անուն-ազգանուններ, որոնց միջոցով բազմաթիվ հայեր տարիներ անց բացահայտել և մինչ օրս շարունակում են բացահայտել իրենց արմատները:

Թանգարանի այս հատվածի ամենայուրահատուկ ցուցանմուշներից մեկը, անկասկած, ատամի պատկերով ձեռագործ գորգն է, որն այն տարիներին որբանոցների համար յուրահատուկ «տիտղոս» է եղել և յուրաքանչյուր ամիս շնորհվել այն որբանոցին, որի սաները բերանի խոռոչի և ատամների մաքրության հարցում առաջատար են եղել:

Թանգարանի երրորդ մասը նվիրված է հայկական վերածննդին: Այստեղ կարելի է տեսնել և հերթական անգամ համոզվել` ինչ դեր և դերակատարություն են ունեցել հայերը արվեստի և արհեստի բնագավառներում: Ցուցափեղկերում ներկայացված են տարբեր որբանոցների հայ որբերի պատրաստած ձեռագործ աշխատանքները և աշխատանքների վերաբերյալ լուսանկարներ:

Թանգարանի ամենաուշագրավ անկյուններից է նաև Մարիա Յակոբսոնի աշխատասենյակը, որը նույնությամբ պահպանվել է:

Հազարավոր հայ մանուկների համար մայր դարձած Յակոբսոնն իր ցանկությամբ թաղվել է որբանոցի բակում: Նրա դամբարանը գտնվում է թանգարանի մուտքի մոտ: Մարիայի մահից հետո որբանոցի տնօրինությունը ստանձնել է նրա քույրը` Աննա Յակոբսոնը:

Ի դեպ, «Թռչնոց բույն»-ը դեռևս գործում է որպես որբանոց ,և ներկայումս այնտեղ  ապաստանում են տասնյակ մանուկներ: Նրանց մասին հոգում է Կիլիկիոյ կաթողիկոսարանն ու անհատ բարերարներ:

Արազ Գայմագամեան