կարևոր
718 դիտում, 14 ժամ առաջ - 2025-05-07 17:01
Հասարակություն

Արժանապատվության մարտ, որը տվեցին՝ ինչպես երբևէ․․․

Արժանապատվության մարտ, որը տվեցին՝ ինչպես երբևէ․․․

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում անհրաժեշտություն էր առաջացել նոր ձևավորված սահմանների ապահովման համար ստեղծել աշխարհազորային ստորաբաժանումներ։ 2021-ին ձևավորվեց Ասկերանի բրիգադըորի կազմումբացի 3 կանոնավոր գումարտակիցգործում էին նաև 2 աշխարհազորային գումարտակ և մեկ աշխարհազորային վաշտ։ Վաշտի հրամանատարն արցախյան պատերազմների մասնակից Սեյրան Ավագիմյանն էր։ Նրան էր վերապահված 414 մարտական դիրքի և նրա մոտակա տարածքի պաշտպանությունը։

2023 թ-ի սեպտեմբերի 19-ին վաշտը 414 մարտական դիրքում էր․․․

Դիրքը գտնվում էր Ակնա տանող ճանապարհի եզրին և հայտնի էր դեռևս Արցախյան առաջին պատերազմից։ Այդ դիրքն ականատեսն էր մեր տղաների սխրագործություններին և, ցավոք, նաև շատերի հերոսաբար զոհվելուն։ Մինչև 2020 թվականը դիրքը չէր գործում, քանի որ հակառակորդը շատ հեռու էր։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո թշնամին արդեն գտնվում էր Ասկերանից շատ մոտ՝ 100 մետր հեռավորության վրա։ 414 դիրքի վերականգնումն անհրաժեշտ էր։ Որոշակի ինժեներական աշխատանքներ կատարելուց հետո ասկերանցի տղաներն վերսկսեցին հերթապահությունը։

2023 թ-ի սեպտեմբերի 19-ին այդ դիրքում զոհվել են 2 հոգի՝ Վրեժ Ստեփանյանը և Ռազմիկ Խաչատրյանը։

Վիրավորվել են 3 աշխարհազորային՝ Արմեն Գաբրիելյանը, Վահան Բեգլարյանը, Արթուր Հովսեփյանը։

414 մարտական դիրքը հնարավոր է եղել պահել  ընդամենը մի քանի ժամ։ Անձնակազմը նահանջել է և դիրքավորվել հակառակորդի հետագա առաջխաղացումը կանխելու համար։

Վաշտի հրամանատար Սեյրան Ավագիմյանը պատմում է

-Ասկերանի մարզադաշտի սենյակներից մեկը, որպես զորանոց, ծառայում էր աշխարհազորի վաշտին, որի կազմում ընդգրկված էին ավելի քան 55 աշխարհազորային։ Այդտեղից էլ կազմակերպվում էր հերթափոխը։ 7 օրը մեկ տղաները փոխարինում էին իրար։ 10 հոգանոց դիրքապահները մարտական հերթապահություն էին իրականացնում։ Տղաների համար արժանապատվության հարց էր պաշտպանել հարազատ քաղաքի ու մոտակա տարածքի անդորրը։ 2020-ից մինչև 2023-ի սեպտեմբերը թշանմին հաճախակի էր ոտնձգություն անում մեր դիրքերի ուղղությամբ, տղաները, սակայն, արժանվույն հակահարված էին տալիս։ Եթե թշնամուն հաջողվեր գրավել 414 դիրքը, ապա Ասկերանը լրիվությամբ կհայտնվեր վտանգի տակ։

Սեպտեմբերի 19-ին դիրքի ավագը Արմեն Գաբրիելյանն էր․ նա մասնակցել է նաև Արցախյան մյուս պատերազմներին։ Հրետակոծություններն սկսելուց անմիջապես հետո բոլորս շտապեցինք դեպի առաջնագիծ՝ նախ հավաքվելով մեր շտաբում։ Երբ տեղ հասանք, արդեն տղաներից 2-ը վիրավորել էին։ Բարեբախտաբար ՊԲ շտապօգնության մեքենան շուտ օգնության հասավ։ Հենց այդ պահին ես 4 հոգով մոտենում եմ դիրքին և տեղավորվում հարակից տարածքում, որովհետև հնարավոր չէր մտնել դիրքը։ Թշնամու ականանետն անընդհատ հարվածում էր և լսվում էր մեր գնդացրի ձայնը։ Քիչ անց լռում է մեր գնդացիրը, ու մենք հասկանում ենք, որ գնդացրորդը զոհվեց։ Տղաները 10 հոգով երկար դիմադրում էին, քաջաբար կռվում։ Ասկերանի գնդի հրետանին մեզ հետ միասին պայքարում էր։ Ցավոք, զոհեր ու վիրավորներ տվեցինք, իսկ օրեր հետո սկսվեց Արցախի հայաթափումը։  Ամեն ինչ զրոյացավ, մենք կորցրինք տղաների արյամբ շաղախված մեր թանկ հողը․․․

Դիրքի ավագ Արմեն Գաբրիելյանը պատմում է այդ օրվա իրադարձությունների մասին։ Ասում է՝ ճակատագրի բերումով են ողջ մնացել

-10 հոգի էինք։ Հանկարծ տեսա, որ մոտ 15 ադրբեջանցիներ ներքևից պատրաստվում են մտնել մեր դիրքը։ Անմիջապես Ռազմիկին հրահանգեցի գնդացիրը կապել նրանց վրա։ Առանց խուճապի մատնվելու նա գործի է անցավ։ Միաժամանակ երկուսով սկսեցինք նռնակներ նետել դեպի թշնամին։ Քիչ հետո թշնամին խփում է մեր ուղղությամբ, ու ես տեսնում եմ, թե ինչպես է Ռազմիկը գլուխը դնում գնդացրի վրա․ հասկանում եմ, որ նա զոհվեց։ Ինքս էլ վիրավորվեցի մեջքից ու զգացի, որ մարմինս խոցվեց բեկորներից։ Չէի պատկերացնում, որ ողջ կմնամ։ Հավաքելով բոլոր ուժերս՝ կապ հաստատեցի Սեյրանի հետ։ Նա պատասխանեց, որ արդեն հասնում են։ Գիտակցում էի, որ այլևս չենք կարող պահել դիրքը։ Դիրքից մոտ 25 մետր հեռավորության վրա օգնության հասած տղաները սկսում են կրակել ադրբեջանցիների վրա։ Փորձում եմ գլորվելով իջնել և նորից եմ վիրավորվում, այս անգամ՝ գնդակային։ Սակայն ինքնաձիգը բաց չեմ թողնում, թեկուզ ձեռքս գրեթե չէր աշխատում։ Մի կերպ հասնում եմ տղաներին։ Սեյրանն ասում է՝ դու մի կերպ դուրս արի, ես կշարունակեմ խփել ու շեղել թշնամուն։ Եթե տղաները օգնության չհասնեին, ապա մենք ողջ չէինք մնա․․․

Մանվել Թավադյանն այդ օրվա մասին մեծ ցավով է խոսում նրա աչքի առաջ են զոհվել տղաները։ Նա չի կարողանում զսպել իր ապրումները

-Այդ պահին խրամատում էի՝ հանգստի ժամս էր։ Ձայները լսելուն պես վեր թռա ու գնացի դեպի դիրքը։ Վահանն ու Արթուրը վիրավորվել էին արդեն։ Նրանց օգնեցի, որ տանեմ մինչև շտապօգնության մեքենան, սակայն չկարաղացա հասցնել մինչև վերջ, որովհետև վտանգավոր էր, ու չէի կարող երևալ․ անընդհատ խփում էին։ Կես ճանապարհին Վահանին, ում վիճակն ավելի վատ էր, ասացի՝ մի կերպ հասեք, ու նրանք սողալով դուրս եկան։ Հետ եկա ու մտա խրամատը։ Նայեցի՝ տեսնեմ թշնամու զորքը գալիս է դեպի մեզ։ Ռազմիկը զոհվել էր, Արմենն էլ վիրավորվել էր արդեն։ Թշնամին մի 30 մետրի վրա էր գտնվում և ուր որ է մտնելու էր մեր դիրքը։ Արմենը փորձում էր սողեսող դուրս գալ․ հաջողվում է։ Սեյրանը տղաների հետ արդեն օգնության էր հասել, և անընդհատ խփում էին թշնամու ուղղությամբ։ Ես դիրքի աջ մասում էի գտնվում։ Համոզվելով, որ բոլորը դուրս են եկել՝ նույնպես դուրս եկա։ Տղաներից՝ Ասլանը և Դավիթը դիրքի վերևի բարձունքում էին, որտեղից դիտարկում էին թշնամուն։ Մյուս դիրքապահները ձախ մասում էին․ կարողացան անվտանգ դուրս գալ դիրքից։ Մենք ստիպված էինք նահանջել, քանի որ ուժերն անհավասար էին։ Մնալով այնտեղ՝ բոլորս կզոհվեինք։ Հետո գնացինք մեր շտաբը, որտեղ հավաքվել էին բոլոր աշխարհազորայինները ու սպասում էին հրահանգի, սակայն ամեն ինչ այլևս անիմաստ էր․․․ Տղաներին եմ ափսոսում․ իմ աչքի առաջ զոհվեցին։ Վրեժը բազմազավակ հայր էր, առաջին անգամ էր դիրք եկել, իսկ Ռազմիկը դեռևս ամուսնացած չէր․․․

Աշխարհազորային Հրայր Գաբրիելյանը սեպտեմբերի 19-ին հիվանդանոցում էրերբ սկսվեց պատերազմը։

-Այդ պահին հիվանդանոցում էի՝ բուժում էի ստանում։ Վաշտի հրամանատարը զանգեց՝ թե շուտ արի մարզադաշտ։ Հասա զորանոց․ տղաներն արդեն կազմ ու պատրաստ էին։ Զենք ստացա ու տղաների հետ գնացինք դեպի մեր դիրքը։ Սեյրանը, ես, Մհերը, Վահեն, Կարենը մոտեցանք դիրքին, իսկ Պարգևը, Արմենը, Արսենը և Արայիկը թեքվեցին դեպի Ասկերան-Ակնա ճանապարհը․ ենթադրություն կար, որ այդտեղից թշնամին կարող էր հարձակում ձեռնարկել։ Մենք չկարողացանք մտնել դիրքը և դիրքավորվեցինք մոտ 25 մետր հեռավորության վրա։ Այդտեղից սկսեցինք կրակել թշնամու ուղղությամբ։ Մինչև մեր օգնության հասնելը դիրքապահ տղաները կռիվ են տվել ինչպես գնդացրով, այնպես էլ ինքնաձիգներով։

Այդ օրը դիրք էին պահում Արմենը, Ռազմիկը, Վրեժը, Ասլանը, Դավիթը, Մանվելը, Վահանը, Մխիթար ու Ռոբերտ եղբայրները, Ջանիբեկը, նաև Արթուրը՝ որպես դիրքի ավագ ՊԲ-ից։ Ցավալի է, որ զոհ ենք տվել․ 10 հոգուց՝ 2 զոհ ու 3 վիրավոր։ Կենդանի մնացածներս հրաշքով ենք փրկվել, որովհետև ոչ մի հույս չկար, որ կկարողանանք դուրս գալ այդ իրավիճակից։

Վահան Բեգլարյանը դիրքում վիրավորված տղաներից է

-Հարձակմանը սպասում էինք, որովհետև նախօրեին թշնամու կուտակումներ էին նկատվում։ Ամեն ինչ միանգամից սկսվեց, սակայն մենք խուճապի չմատնվեցինք՝ առաջին անգամը չէր։ Նոր էինք անցել 44-օրյա պատերազմի թոհուբոհով։ Իրավիճակը, սակայն, թեժանում էր, զգում էինք, որ օրհասական պահ է, և յուրաքանչյուրիս կյանքը մազից էր կախված։ Երբ վիրավորվեցի, ընկերներս առաջին օգնություն ցուցաբերեցին, հետո շտապօգնության մեքենայով ինձ ու մյուս վիրավորին տեղափոխեցին հոսպիտալ։ Այն արդեն լեցուն էր վիրավորներով, որոնցից մեծ մասը ծանր ու անհուսալի վիճակում էին։ Աննկարագրելի տեսարան էր հոսպիտալում։ Մահու ու կյանքի կռիվ էր։ Բժիշկները պայքարում ու ջանք չէին խնայում տղաների կյանքը փրկելու համար։ Իմ վիճակը մնացածների համեմատ թեթև էր, վիրահատելու կարիք չեղավ․․․

Ճակատագրի բերումով ողջ մնացած մեր տղաների խոսքում անամոք ցավ ու կսկիծ կար։ Նրանք պատմում էին մեկ օր տևած պատերազմի մասինսակայն ասելիքը չէր վերջանում․․․ Այդ մարտը նրանց արժանապատվության մարտն էրորը նրանք տվեցին՝ ինչպես երբևէ․․․

Այդ օրը, ցավոք, որոշվեց Արցախի հետագա ճակատագիրը ամեն ինչ կորավամեն ինչ ոչնչացվեց․․․

Փառք ու պատիվ Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր հայորդիներին։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր Արցախյան առաջին պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը հայրենի հողի անձնուրաց պաշտպաններն էին․․․

Աղբյուրը՝ ԱՊԱՌԱԺ