Փոխարժեքներ
03 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում սկսվեցին լայնածավալ հանրահավաքներ։ Այդ հանրահավաքների ժամանակ ցուցարարների վեր պարզած պաստառների շարքում էին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Թալեաթի, Ջեմալի, Էնվերի լուսանկարները։ Ակնհայտ է, որ թուրք հասարակության համար այսօր էլ երիտթուրք առաջնորդները կենդանի կուռքեր են, ինչն էլ նշանակում է, որ այդ հասարակության համար դրական օրինակներ են նրանց կատարած գործերը, այդ թվում՝ հայ ժողովրդի դեմ իրականացվածը։ Հետադարձ հայացք նետելով մինչև 1915 թվական և դրանից էլ առաջ՝ Համիդյան արյունալի ժամանակներ՝ տեսնում ենք, որ կայսրությանը մաս կազմած ժողովուրդների նկատմամբ թուրքական պետական քաղաքականությունը և հասարակական տրամադրությունները հաջորդող տասնամյակների ընթացքում չեն փոխվել։ Չնայած 1923 թ. Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնությունների համար Թուրքիայի ստանձնած պարտավորություններին, այս երկիրը չի հեռացել իր ֆաշիստական էությունից, այսօր էլ այնտեղ փոքրամասնությունների համար վտանգավոր են էթնիկական ինքնության զանազան դրսևորումները՝ 1915 -23 թվականներից հետո էլ, տարբեր ժամանակներում դրանց հետևել են հալածանքները, բանտարկությունները, սպանությունները, էթնիկական խմբերի զանգվածային տեղահանումներն ու տեղափոխությունն այլ բնակավայրեր, ինչպես և սահմանափակ տարածքներում իրականացված ջարդերը։ Նույն ժամանակ հետևողականորեն շարունակվել է ոչ թուրք ժողովուրդների մշակութային ու հոգևոր արժեքների և սրբավայրերի ոչնչացումն ու թուրքացումը։
Հայ խմբագիր և հասարակական գործիչ Հրանտ Դինքը 2007 թվականին թուրք ազգայնամոլի կրակոցից օրը ցերեկով սպանվեց Ստամբուլի կենտրոնում այն պատճառով, որ բարձրաձայնում էր Հայոց ցեղասպանության մասին։ Հրանտ Դինքին չփրկեց այն հանգամանքը, որ Թուրքիայի օրինապաշտ քաղաքացի էր և հավատում էր, թե ժողովրդավարացման ճանապարհով Թուրքիան կվերափոխվի։ Նույն կերպ Թուրքիայում հալածվում են նաև այն հատուկենտ թուրք մտավորականները, ովքեր փորձում են անցյալի մասին ճշմարտություններ ասել իրենց ժողովրդին։ Իրենց կյանքի դեմ ֆիզիկական սպառնալիք զգալով՝ Թուրքիայից փախուստ են տվել պատմաբան Թաներ Աքչամը, հասարակական գործիչ, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն, գրող Օրհան Փամուկը և ուրիշներ։ Պետական մակարդակով թուրքական պատմագրությունը մշտապես խեղաթյուրել ու գլխիվայր է շուռ տվել պատմական իրողությունները։
Վերջին տասնամյակներին, կարծես գնահատելով իրենց թույլ տեղը, Թուրքիան, ու նրա հետ նաև Ադրբեջանը, պետական քաղաքականության մաս են դարձրել Հայ դատի ուղղությամբ աշխատանքների դեմ լայնածավալ պայքարի կազմակերպումը արտերկրում։ Չեն խնայվում միջոցներ գնելու համար քաղաքական գործիչների, պատմաբանների ու լրագրողների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար պայքարի դեմ կազմակերպվում են սադրանքներ, ավերվում և պղծվում են հուշարձաններ և այլն։ Արցախյան շարժմանը նախորդող տասնամյակներում էլ թուրք, ինչպես և ադրբեջանական քարոզչամեքենան չի դադարել սեփական հասարակություններին սնելը հակահայկականության թույնով և ատելությամբ։ Մի՞թե դրա դրսևորումները չեն եղել Նախիջևանի և Դաշտային Ղարաբաղի հայաթափումը, հուշարձանների ոչնչացումը, հալածանքների ու սպանությունների բազմաթիվ փաստերը, և իհարկե, նույնը տեղի է ունեցել Թուրքիայում։ Իսկ երբ որևէ հասարակության համար գաղափարախոսությունը վերածվում է հավատո հանգանակի, ապա այդ հանրույթը մշտապես ծնելու է համապատասխան իշխանություն։ Էրդողանի իշխանության գալով՝ Թուրքիան որդեգրեց Օսմանյան կայսրության վերածնության՝ Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը։ Դրան հետևեց թուրքական ակտիվ գործունությունը Ղրիմում, Կենտրոնական Ասիայում, Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում և առհասարակ Աֆրիկյան մայրցամաքում ու Բալկաններում։ Թուրքիան այսօրվա դրությամբ հաջողել է Ռուսաստանի ազդեցության դաշտից պոկել և իր ազդեցությանը ենթարկել Ադրբեջանը։ Նույն քաղաքականության դրսևորումն էր Արցախի ցեղասպանության հարցում Թուրքիայի ունեցած կարևորագույն դերակատարությունը։
Հետևելով պանթուրքիզմի ու պանթուրանիզմի իդեալներին՝ այսօրվա թուրքական իշխանությունների գլխավոր խնդիրներից մեկն է «Զանգեզուրյան միջանցքին» տիրելը, և առհասարակ հայկական գործոնի ոչնչացումը։ Պետք չէ զարմանալ, որ այլ տարածաշրջաններում հաճախ շատ ագրեսիվ Թուրքիան Զանգեզուրին ու ողջ Հայաստանին վերաբերող իր ծրագրերի հարցում զգուշավոր է, չի դրսևորում Հայաստանի իշխանությունների հետ ունեցած իր պայմանավորվածությունները և գերադասում է դրանք առաջ մղել Ադրբեջանի, որպես թե Հայաստանի կողմից ագրեսիայի ենթարկված պետության անունից։
Պատճառն այն է, որ, ի տարբերություն Հայաստանի տգետ ղեկավարության, թուրքերը հասկանում են, որ Ռուսաստանն այդպես հեշտորեն չի հրաժարվելու իր երկուհարյուրամյա ազդեցության գոտուց։ Թուրքերն, իհարկե, Ադրբեջանի հրապարակային և իրենց կուլիսային ջանքերով կշարունակեն Հայաստանի իշխանությանը վերջնական կապիտուլյացիա պարտադրող ճնշումը: Միաժամանակ, չի բացառվում, որ Արցախի կամ Սիրիայի օրինակով տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական նպաստավոր պահը ճիշտ գնահատելով՝ անակնկալ հարվածով լուծեն իրենց հետապնդած հիմնական խնդիրները։
Թուրքերը իրենց նվաճողական քաղաքականության գործիքակազմի շարքում հաճախ հենվել են հակառակորդի ամբողջականությունը պառակտելու, նրա ներսում իրենց հինգերորդ շարասյունը ստեղծելու գործելակերպին:
Անգամ Բյուզանդական կայսրությունը չփլուզվեց առանց իր ներսում եղած թուրքամետ հոսանքի դերակատարության։
Հայ ժողովրդին վերջին հարյուր տարում ոչինչ այնպես չէր միավորել, ինչպես ցեղասպանության և հսկայակայն տարածքային կորուստների զավթման հետևանքով ձևավորված հակաթուրքականության գաղափարը։ Այդ գաղափարը հայրենիքում կենդանի էր անգամ խորհրդային վերազգային, ամբողջատիրական գաղափարախոսության շրջանում, երբ Հայ դատի ուղղությամբ գործունեությունը, անգամ որևէ հրապարակային խոսք կենթարկվեին հետապնդումների։
Հայաստանի անկախացումն ու Արցախի ազատագրումն ավելի ինքնավստահ դարձրին հայությանը, միավորեցին հայրենիքն ու Սփյուռքը՝ ազգային ինքնության և ընդհանուր հեռանկարի շուրջ, Հայ դատի գաղափարախոսությունը դարձավ ազգային ռազմավարության կարևոր բաղկացուցիչներից մեկը։ Հայությունը թվում էր միասնական և ամուր ամբողջություն և համարժեք սթափություն չդրսևորվեց ներս թափանցող զանազան հոսանքների, արտաքին ֆինանսավորմամբ Հայաստանում գործունեություն ծավալող բազմազան հասարակական կազմակերպությունների, ինչպես և այն երիտասարդության նկատմամբ, որը երկրից դուրս էր գալիս տարբեր հաստատություններում կրթվելու, դասընթացների կամ այլ միջոցառումների մասնակցելու նպատակով։
Կարելի է պարզապես հիշել Հայաստանում ներքին դժգոհությունների գեներացման և իշխանափոխության հարցում բոլոր այդ կազմակերպությունների ու անհատների ունեցած դերակատարության մասին, որոնք բոլորը հետո տեղ ունեցան նոր իշխանության մեջ, և Հայաստանում արդեն յոթ տարի ոչ ոք չի լսում այդ իրավապաշտպանների, բնապահպանների ձայները։
Այնքան աներևակայելի էր տեղի ունեցածը, որ հայ հասարակությունը երկար ժամանակ չէր կարողանում հավատալ, թե Հայաստանում իշխանության է եկել թուրքական շահերին ծառայող քաղաքական հոսանքը։
Թուրք-արևմտյան շահառուների և ՀՀՇ-ական նախորդների սնուցած գաղափարախոսության համաձայն թուրքամետների այս խմբակը համոզված էր, թե հայ -ադրբեջանաթուրքական թշնամանքի պատճառն Արցախի ազատագրումն է, հայության պատմական հիշողությունն ու Հայ դատի գաղափարախոսությունը և, իհարկե, ռուսների ներկայությունը տարածաշրջանում։ Ըստ վերջինի, ռուսներն են հայերի մեջ բորբոքել հակաթրքականությունը, նրանք են մղել թշնամանքի, ինչի հետևանքն էլ եղել է ցեղասպանությունը։ Հայոց պատմական հիշողության ու պահանջների հրահրողն էլ նույն ռուսներն են (դեպի այս գաղափարախոսական ծուղակն է ցանկանում հայությանը մղել Նիկոլ Փաշինյանը, երբ ակնարկում է ցեղասպանության և դրա իրականացման ու հետևանքների ճանաչման պայքարի պատճառները փնտրելու անհրաժեշտության մասին)։ Իրականացնելով գաղափարաքաղաքական ծրագիրը՝ Հայաստանի իշխանությունը զիջեց Արցախը, հրաժարվեց պատմական հայրենիքից և նրա դատից՝ ճանաչելով հայրենիքը Հայաստանի Հանրապետության սահմաններում, թուրքական տեսության համաձայն վերանայում է հայոց պատմությունն ու պատմագրությունը, առհասարակ ոչնչացման է տանում ավանդական հայագիտությունը, որդեգրել է հակառուսական քաղաքականություն, կապերը խզել է ՀԱՊԿ ռազմական դաշինքի հետ և պատրաստվում է ռուսական ռազմական սահմանափակ ուժերը դուրս բերել Հայաստանից, սակայն իր բոլոր զիջումների դիմաց ադրբեջանաթուրքական կողմը չի կատարում նրա միակ խնդրանքը՝ չի համաձայնում կնքելու «Խաղաղության պայմանագիր»։
Նիկոլ Փաշինյանը և նրա քիչ թե շատ մտածելու ունակ թիմակիցներն արդեն հասկացել են, որ ամբողջովին ձախողվել են՝ հայտնվելով գաղափարաքաղաքական փակուղում։ Արցախի հանձնումը ոչ թե բերեց Ադրբեջանի հետ հաշտության, այլ ավելի ագրեսիվ դարձրեց վերջինին։ «Զանգեզուրի միջանցքի» պահանջի հետ Ադրբեջանը ողջ Հայաստանի Հանրապետությունն է այսօր անվանում Արևմտյան Ադրբեջան, ռազմականորեն ամրապնդում է Հայաստանից գրաված տարածքները, պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ վերջնականապես խաչ քաշել Արցախի հարցի վրա, Հայաստան վերադարձնել 300.000 փախստական ադրբեջանցիների և այլ պահանջներ է ներկայացնում, որոնց ցանկը գնալով ավելի է ընդլայնվում։ Հայաստանի իշխանությունը տեսնում է նաև, որ իր բոլոր զիջումների դիմաց ոչ մի դրական տեղաշարժ չկա հայ-թուրքական հարաբերություններում։
Մեծ գումարներ ծախսելով՝ Փաշինյանը Երևան հրավիրեց թուրք լրագրողների, որպեսզի նրանց միջոցով Թուրքիա հատուկ ուղերձ ուղարկեր այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարց իր համար գոյություն չունի, այնինչ թուրքերը դուրս եկան նրա մոտից և հայտարարեցին, թե Երևանը թուրքական քաղաք է, իրենց ռեպորտաժներում հեգնեցին Հայաստանի ղեկավարին։ Հայաստանի ղեկավարն իր արևմտյան հովանավորների միջնորդությունն է խնդրում՝ կորզելու «Խաղաղության պայմանագիր» կոչված թղթի կտորը, ինչը կդարձնի իր գլխավոր խաղաքարտը գալիք ընտրություններում, այնինչ Արևմուտքը տեր չէ ո՛չ իր պարտադրած գաղափարաքաղաքական ծրագրին, ո՛չ հաշտության հասնելու երաշխավորությանը։ Արևմուտքը շարունակում է ողջունել Հայաստանի, այսպես կոչված, խաղաղասիրական ջանքերը և չնկատելու է տալիս թուրքադրբեջանական ծավալվող ագրեսիվությունն ու անվերջանալի պահանջները։ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, թե ինչպես է հավաքական արևմուտքն օգտագործված իրի պես պատրաստվում հրաժարվել Զելենսկուց և հասկանում է, որ իր բախտակցի ճակատագիրը սպասում է իրեն։ Իսկ ամենագլխավորն այն է, որ կատարյալ ձախողման մատնվեց թուրքամետության գաղափարախոսությունը՝ իր հետ կործանման սպառնալիքի առջև կանգնեցնելով Հայաստան պետությունը։
Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց հայությունը, և ոչ միայն նա, ականատես եղան ինչպես արևմտաթուրքական ազդեցության ուժը Հայաստանում հրաժարվեց հայության ազգային-պետական ավանդական ռազմավարությունից և, գաղափարաքաղաքական շրջադարձ կատարելով, փորձեց հայության ու հայոց պետության համար բացել բարիդրացիության նոր ռազմավարական հեռանկար։ Անփորձ և արտաքին թելադրանքի ենթակա քաղաքական ուժն իր տնային հաշվարկներով ուզեց համաշխարհային շուկայում առևտուր անել և կորցրեց ամեն ինչ, ընդհուպ՝ իր հեղինակության հետ պետության վարկը և անվտանգության երաշխիքները։
Կյանքը ևս մեկ անգամ փաստեց, որ ազգերն ու պետությունները կարող են ունենալ մարտավարական վրիպումներ, բայց ոչ դարերով կրկնվող ռազմավարական ձախողումներ։ Հետևաբար, նոր բան անելուց առաջ, ինչպես ամեն ասպարեզում, նախ անհրաժեշտ է յուրացնել այն, ինչ եղել է քեզնից առաջ։ Առավել ևս պատմական մեծագույն պատասխանատվության գիտակցություն է պահանջվում մի ղեկավարությունից, որը ցանկանում է հարաբերությունների շրջադարձի հասնել իր ժողովրդին ցեղասպանած և ցեղասպանությունների գաղափարաքաղաքական գործելակերպից չհրաժարված հարևանների հետ։ Այսօր ոչ միայն հայերը, այլև շատ օտարներ են խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրել է կործանման եզրին։ Մեր ասելիքն ավարտենք, որպես օրինակ ներկայացնելով Իսրայելի հետախուզական ծառայություններից մեկի նախկին ղեկավար Յակով Քեդմիի կարծիքը։ Զերծ մնալով որևէ մեկնաբանությունից՝ ասենք պարզապես, որ ավելորդ է Յակով Քեդմիին կասկածելը հայամետության կամ հայկական որևէ ուժի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ։
«Նիկոլ Փաշինյանն իշխանություն գալով ամենաուժեղ հարվածը հասցրեց հայերի ազգային ինքնագիտակցությանը։ Նույնիսկ պատերազմից հետո շարունակում է այդ հարվածները և պնդում, թե առևտուրը, բաց սահմանները խաղաղություն կբերեն։ Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է ազգային նպատակներ, իսկ հիմա հայերին ձեռք են առնում, ծաղրում են` ազգային նպատակները բերել- մտցնելով առևտրի տիրույթ։ Իսկ մեկը հարցրե՞լ է Փաշինյանին` Թուրքիան և Ադրբեջանը ցանկանո՞ւմ են խաղաղություն։ Ինչպե՞ս է Ադրբեջանը ցանկանում խաղաղություն, երբ նույնիսկ ձեր պնդմամբ`ձեր իսկ ռազմագերիներին չի վերադարձնում։ Ինչպե՞ս է ցանկանում խաղաղություն, երբ Հայաստանի տարածքները հռչակում է իր պատմական տարածքներ։ Կամ Ադրբեջանն այդ ամենը ասում և անում է առանց Թուրքիայի համաձայնությա՞ն։ Նիկոլ Փաշինյանի պրմիտիվ պատկերացումները բնութագրում են իր թշվառ քաղաքականությունը»:
Ակնհայտ է, որ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ասպարեզներում լիովին ձախողված իշխանությունը սեփական անվտանգությունն ապահովելու ինքնանպատակ քայլերով միայն ողբերգություններ է բերելու հայության գլխին, և ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող ուժերի կողմից հայոց ընկղմվող նավի կառավարումը ստանձնելը փրկության միակ երաշխիքն է։ Այս մասին է մեզ հուշում նաև 110 ամյա փորձության ճանապարհին բյուրեղացած ցեղասպանության հիշողության խորհուրդը։