Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանի «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գրքի շնորհանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշել է. «Ժիրայր Ռեիսյանի այս գիրքը մեծագույն նվեր է հայ ժողովրդին, քանի որ աշխատատության մեջ տեղ են գտել 100 մարդասեր և հայասեր օտարազգի անհատների անուններ, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ, անտեսելով ամեն վտանգ ու դժվարություն, թողեցին իրենց երկրները և ձեռք մեկնեցին օսմանյան յաթաղանին զոհ գնացող հայ ժողովրդին: Ռեիսյանի պապը նույնպես փրկվել է Հայոց ցեղասպանությունից: Եվ այս կերպ նաև փորձում է իր երախտագիտությունը հայտնել հայ ժողովրդի բարեկամ անհատներին»:
Սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել սիրիահայ համայնքին, որ անցնելով դժվարությունների ու պատերազմի միջով՝ չընկրկեց, մնաց կանգուն: «Մեր հոգևոր հայրերի և Սիրիայում հայկական կառույցների ջանքերի շնորհիվ է, որ համայնքը դիմակայեց դժվարություններին: Մաղթենք նրանց առողջություն ու ամրություն», – նշել է նախարարը:
Գրքի հրատարակումն արժևորել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Շահան արք. Սարգիսյանը: Նա նշել է, որ չնայած սիրիական պատերազմին ու տագնապին՝ համայնքը մնաց տոկուն: Տեր Շահան արք. Սարգիսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ գրքի տպագրական աշխատանքները նախաձեռնելու և շնորհանդեսը կազմակերպելու համար:
Այնուհետև ելույթ է ունեցել «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գրքում տեղ գտած անհատներից մեկի՝ Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը՝ Յուսի Բյորնը: Նա շնորհակալություն է հայտնել Ժիրայր Ռեիսյանին իր տատիկի կատարած աշխատանքը և հայ ժողովրդին նվիրումը չմոռանալու և 100 անհատների մեջ ներառելու համար:
Բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ գրքում ընդգրկված բոլոր անհատներն էլ կրթված ընտանիքների զավակներ են, և չնայած 1915-ին միջազգային հանրությունն անտարբեր մնաց հայոց մեծագույն աղետին՝ ելնելով տարբեր քաղաքական շահերից, բայց առանձին մարդիկ զոհեցին բարեկեցիկ կյանքն ու անվտանգությունը և կանգնեցին մեր ժողովրդի կողքին:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը նշել է, որ Սիրիական պատերազմի առաջին իսկ օրերից լինելով սիրիահայ համայնքում՝ մշտապես զարմացել և հիացել է Ռեիսյանի գործունեությամբ: «Եվ զարմանալի չէ, որ Ժիրայր Ռեիսյանի նման գործիչը պատերազմական իրավիճակում կարողացել է գիրք գրել», ասաց նա:
Գրքի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել ամերիկահայ գրող, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանը:
Հանդիպման ավարտին ելույթ է ունեցել գրքի հեղինակը՝ Ժիրայր Ռեիսյանը: Նա նշել է, որ աշխատությունը նվիրել է իր մեծ հոր՝ Մարուքե Սինանյանի հիշատակին, ով փրկվելով թուրքական յաթաղանից՝ ի վերջո հաստատվել է Հալեպում և իրեն նվիրել որբախնամ ու ազգային հասարակական աշխատանքներին:
Ռեիսյանը շնորհակալություն է հայտնել Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ գրքի տպագրությունը նախաձեռնելու և քաջալերանքի համար: Հայազգի պատգամավորը երախտիքի խոսք ասաց նաև Վերապատվելի Սերոբ Մկրտիչյանին՝ իր հետ գործակցելու և աջակցության համար: «100 անուն ընդգրկող այս գիրքը գիտական աշխատանք դարձնելու հավակնություն չեմ ունեցել: Այս գրքով փորձել եմ հայ ժողովրդին հնարավորինս հանրամատչելի ներկայացնել հայասեր ու մարդասեր օտարազգի անհատներին, ովքեր օգնեցին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներին», – խոսքը եզրափակել է Ժիրայր Ռեիսյանը: