կարևոր
1699 դիտում, 15 ժամ առաջ - 2025-03-05 12:27
Աշխարհ

Թրամփն ազդանշան է ստացել ՌԴ-ից՝ խաղաղության պատրաստակամության մասին

Թրամփն ազդանշան է ստացել ՌԴ-ից՝ խաղաղության պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ անում է, որպեսզի վերջ դնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, որը «միլիոնավոր ուկրաինացիների և ռուսաստանցիների» կյանք է խլել։

Կոնգրեսում իր ելույթի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Մոսկվայից ստացել է ազդանշաններ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պատրաստակամության մասին։

«Մենք լուրջ քննարկումներ ենք անցկացրել Ռուսաստանի հետ և ստացել ենք ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության», - ասել է Թրամփը։ 

Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից ստացել է նամակ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:

«Այսօր ավելի վաղ ես կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկիից, որտեղ ասվում է. «Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի տևական խաղաղությունն ավելի մոտ դառնա»: Նա նշում է, որ ոչ ոք խաղաղություն չի ուզում ավելի, քան ուկրաինացիները», - ասել է Թրամփը՝ մեջբերելով Զելենսկիից ստացված նամակը։

Նամակում Զելենսկին նաև ասել է, որ Կիևը գնահատում է այն ամենն, ինչ Միացյալ Նահանգներն արել է, որպեսզի Ուկրաինան պահպանի իր ինքնիշխանությունն ու անկախությունը։

Թրամփը նաև հայտնել է, որ Զելենսկին նամակում պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ համաձայնագիր կնքել ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ին հարմար ցանկացած պահի։