Փոխարժեքներ
28 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Սիրելի՛ հայրենակիցներ՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, հայոց օրացույցում փետրվարի 28-ը հիշատակվում է որպես Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր։
Նույնիսկ խորհրդային տարիներին երբեք չմարած ադրբեջանական քաղաքական հայատյացությունը 1988 թ․-ից հասավ գագաթնակետին։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության արդար և օրինական ցանկությունները որպես ագրեսիայի պատրվակ օգտագործելով՝ Ադրբեջանը պետականորեն իրականացրեց հայ բնակչության ջարդեր և բռնագաղթեցում։ Սումգայիթի, Բաքվի, Նախիջևանի ջարդերից զատ՝ Ադրբեջանը բռնագաղթեցրեց իրենց պատմական բնօրրանում՝ Բուն Աղվանքում, Նախիջևանում, Ուտիք և Արցախ աշխարհների Շակաշեն (Գանձակ), Գարդման (Շամխոր), Կողթ (Գետաշենի ենթաշրջան), Մեծ Կվենք և Մեծիրանք (Շահումյան և Մարտակերտ) գավառներում ապրող հայությանը։ Բռնագաղթվածների մի մասն ապաստան գտավ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, իսկ մյուս մասն էլ, պետական ոչ պատշաճ հոգածության պատճառով, բռնեց հարկադիր տարագրության ուղին՝ աստիճանաբար հեռանալով հայրենի արմատներից և պահանջատիրությունից։
2020-2023 թթ․-երից հետո ադրբեջանական ցեղասպան քաղաքականության զոհերի շարքին ժամանակավորապես ավելացել են Արցախի Հանրապետությունը և նրա բնիկ բնակչությունը։ Առերեսվելով իրավիճակի ամբողջ ողբերգականությանը՝ պարտավոր ենք արձանագրել, որ հայությունն իր ազգակազմության արեալում՝ Հայկական լեռնաշխարհում, դեռ երբեք այսքան փոքր տարածք չի զբաղեցրել, որքան 2023 թ․-ից հետո մինչ օրս։ Պատմության այս դառը էջերը պետք է սովորեցնեն մեզ, որ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունն աշխարհագրական առումով չի սահմանափակվում Հայկական լեռնաշխարհի մի որևէ առանձին հատվածով, իսկ ժամանակագրական առումով երբեք չի դադարել և այժմ էլ շարունակվում է։
Սիրելի՛ հայրենակիցներ, դեպքերի ողբերգականությունը չի կարող արդարացում լինել հուսահատության համար։ Իրավիճակի սթափ գնահատումը հուշում է, որ հայոց բռնազավթված հողերի վերազատագրման և բնակչության վերադարձի հարցերը կարող են լուծվել բացառապես Հայաստանում ազգայի շահերին և օրակարգին ծառայող իշխանությունների առկայության պարագայում։ Նման հավակնություն ունեցող որևէ ուժից կամ ուժերից ժողովուրդն իրավասու է այսօրվանից արդեն պահանջելու հետևողական պայքար՝ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանը զոհ գնացած և բռնագաղթված հայ բնակչության
իրավունքների պաշտպանության համար։
«Հայկական նախագիծ» ՀԿ
ք․ Երևան, 28.02.2025 թ․