Փոխարժեքներ
25 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.55 |
EUR | ⚊ | € 412.16 |
RUB | ⚊ | ₽ 4.5666 |
GBP | ⚊ | £ 496.94 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Մուրադ Էզեր
Լուսանկարիչ և վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր Մուրադ Էզերը կրկին ճամփա է ընկել։ Այս անգամ նա հանդիպել է Ամասիայում և Գյումյուշհաջըքյոյում մնացած վերջին հայերի հետ։ Նա վերադարձել է տխուր, բայց և այնպես մարդուն ուժ տվող պատմություններով ու իր տպավորությունները գրել «Ակօս»-ի համար:
Երեքշաբթի, 24 Դեկտեմբեր 2024, 20 կիլոգրամանոց պայուսակս առա ուսիս։ Չորեքշաբթի առավոտյան ժամը 7։00-ին ոտք դրեցի Ամասիա՝ իշխանազունների քաղաք։
Այս ճամփորդությունը չնախատեսված էր և անհրաժեշտ։ Յոզղատում բնակվող ընկերոջից լուր ստացա, որ Ամասիայում ապրող վերջին հայ կոշկակարը` Ռափայելը, վերջերս է վիրահատվել, նրա կինը բազմաթիվ հիվանդություններ ունի, և որ իրենք ապրում են միհարկանի տանը` փայտի վառարանով ջեռուցելով այն: 19 բարեսիրտ մարդիկ աջակցել են իմ ֆեյսբուքյան հայտարարությանը. ճամփա ընկա հագուստներով ու կոշիկներով, որոնք հավաքել էինք ես ու կինս՝ Ժանեթը։
Աշխատասեր, հպարտ, համեստ 73-ամյա Ռափայելն ժամանելուս օրն ինձ վերցրեց հրապարակից, և հյուրընկալվեցի նրա տանը։ Մեր նախաճաշը պատրաստեցինք տեղական մթերքով՝ վառարանի ջերմության մեջ, որն այլ տեղ չէի տեսել։ Նրան և կնոջը հանձնեցի հավաքված իրերը: Շատ հուզված էին և ուրախ։ Շնորհակալություն հայտնեցին և աղոթեցին բոլոր բարեսիրտ մարդկանց համար։ Աչքները լցվեցին։
Ասացին․ «Տե՛ս, տղա ջան, վերջին ածուխներն են մնացել, ճիշտ ժամանակին ես եկել, մի գիշեր հյուր ես մնալու, քեզ չենք թողնի»։ Վերին հարկի սենյակը պատմություն էր բուրում։ Սենյակի ներսում կային մարմարե բաղնիք (հատակին հարթ մարմար քար), խոհանոց, ննջասենյակ, մառան, պահարաններ… Առաստաղն ամբողջությամբ ծառերի կոճղերից էր, հատակը, պատուհանների շրջանակները փայտյա էին, մեկ մետրանոց մալուխից մի լամպ էր կախված։
Ամասիայի հայկական գերեզմանատունը
Երբ գլուխս դրեցի բարձին, կենտրոնացա առաստաղի վրա, տեսա Ամասիայի հայ ժողովրդի կյանքը 1850-ականներին, հասկացա, թե որքան հմուտ էին նրանք փայտամշակման և արհեստագործության մեջ։
Նախաճաշը պատրաստել էին նախքան արթնանալս: Ե՛ւ տխուր, և՛ ուրախ հրաժեշտ տվեցի Ռափայել հորեղբորն և նրա կնոջը։
Գնացի քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող Ամասիայի հայկական գերեզմանատուն, որի ճանապարհն անցնում է իմամ հաթիփի դպրոցով։ Մոտ 300 մ տարածք էր, ուր կային մոտ 150 գերեզմանաքարեր, որոնցից մի քանիսը փլված գերեզմաններից էին, կտրված ծառերը դես ու դեն էին նետված, անտեսված, դուռը բաց էր, հետևը անտառ էր, շրջապատված էր լարերով։ Լուսանկարել եմ և տեսանկարել։ Դասամիջոցին իմամ հաթիփ դպրոցի աշակերտներին հարցրի, թե ումն է այս գերեզմանատունը, և 20-ից ավելի աշակերտներ միաձայն պատասխանեցին․ «Ուսուցիչս ինձ ասել է, որ դա հայկական գերեզմանոց է կամ նման բան»: Երբ հարցրի՝ «Երբևէ հայ տեսե՞լ ես», մահացու լռությունը ծածկեց ամբողջ գերեզմանոցն ու անտառը։ Հորեղբայր Ռափայելի խոսքով՝ դպրոցի հողատարածքին ավելացրել են գերեզմանոցի կրկնակի տարածքը, ինչպես գիտեք՝ նույն եղանակով, որը կիրառվել է հանրապետական ժամանակաշրջանում։
Գյումյուշհաջըքյոյ եւ Շահան Մինասեր
Չկարողացա շրջայց կատարել իշխանազունների քաղաքում:
Ժամանակը քիչ էր ամրոցը դիտելու համար, քարանձավները, թանգարանները, ժամացույցի աշտարակի հետևի հատվածը, որը հայկական թաղամասն է, և սելջուկյան ու օսմանյան բազմաթիվ պատմական նմուշներ։ Երբ Ամասիայից հասա Գյումյուշհաջըքյոյի շրջան, ժամը 17:00-ն էր, ու մութն ընկել էր։ Երկու անգամ եկել եմ այստեղ՝ 2018 թ․ և 2019 թ․՝ գրքի և վավերագրական աշխատանքների համար։ Առաջին բանը, որ մտքովս անցավ, “Շահան Գիյիմ Մանիֆատուրա” կամ Շահան Մինասեր ախպարիկին այցելելն էր՝ պատմական շուկայի սրտում՝ ժամացույցի աշտարակի ետևում։ Սկզբում չէի ուզում հավատալ տեսածիս, հետո ինքս ինձ ասացի. «Օհ, ո՜չ, նա պետք է որ նոր խանութ տեղափոխված լինի»: Ներսում դատարկ էր։ Երբ 2018 թ․ եկա, այն բանուկ էր և լի էր գունավոր գործվածքներով, սրբիչներով, անկողնային սպիտակեղենով և այլ ապրանքներով: Խանութից, ուր կանայք կուտակվում էին ներսում, երբեմն էլ հերթեր էին գոյանում դռան մոտ․ ոչ մի հետք չի մնացել։ Եղանակը չոր ու ցուրտ էր, կողքին գյուղական սրճարան կար, նստեցի տաքանալու, խանութից նորություններ իմանալու։
«Ուստա Շահանը եթե գնա, այստեղ բարաքյաթ չի մնա»
Բացատրեցի իրավիճակը ուստա Սաթըլմիշին՝ խիտ բեղերով մի կարճահասակ մարդու, և նրան հարցեր տվեցի։ Ցածր ու դողդոջուն ձայնով ասաց՝ խանութը փակում է, տերը եռապատիկ վարձ է ուզել։ Եթե Շահան ուստան հեռանա, այստեղի առևտրականները չեն կարողանա բիզնես անել, և այս շրջանի բարիքն ու ճաշակը կվերանան։ Նա շատ ջենտլմեն, ազնիվ ու համեստ մարդ է։ «Ուստա Շահանը պարտքով ապրանք է տալիս, երբեք ոչ մեկին չի վշտացնում, օգտակար և կատարյալ մարդ է, թեյ և սուրճ է հյուրսիրում բոլոր եկողներին», – ասում էր նա։ Նա արագ մի հուշ է պատմում. «ասացի գնում եմ Ստամբուլ, ասաց եթե փող չունես, կարող եմ տալ քեզ, Սաթըլմիշ եղբայր, երբ կինի, կարող տալ։ Այս օրերին եղբայրներն իրար նման բան չեն ասում»:
“Շահան Գիյիմը” 60 տարվա պատմություն ունի, որից 40 տարին եղել է ներքին շուկայում, իսկ 20 տարին` ներկայիս խանութում։ Պատմության էջերում իր տեղն էր գրավում հայ վերջին վաճառականը՝ Շահան Մինասեր ախպարիկը։ Նրա հայրը վարագույրների առևտրական էր, իսկ պապը ոսկերիչ էր՝ երեք սերունդ, 140 տարի, որպես արհեստավորներ, ծառայել են Գյումյուշհաջըքյոյի բնակչությանը: Ձեռքերս թափահարելով՝ զանգահարեցի Շահան ախպարիկին և բացատրեցի իրավիճակը, նա ասաց՝ «Վաղը ժամը 09:30-ին խանութում կլինեմ, արի»։ «Անոթի կգաս, քեզ կհյուրասիրեմ այստեղի հայտնի սըրըք քյաբաբը»,- ասաց նա։ Երբ ես գնացի խանութ հենց նրա ասած ժամին, ինձ շրջապատեց տխրության, ցավի և մի փոքր երջանկության պարույրը։ Մտածում էի՝ 76-ամյա Շահան ախպարիկը նույնպես պետք է ժամանակ հատկացնի հանգստանալու՝ իր և իր մոր՝ 96-ամյա պայծառ դեմքով, պատմական հուշարձան Զաբել թանթիի (մորաքրոջ-Ակունքի խմբագրություն) հետ։ Տխրության ու ցավի պարույրն այն էր, որ այլեւս չկային հայ առևտրականներ, և վարձի պատճառով փակվեց 140-ամյա պատմական դարաշրջանը։
Դատարկ խանութում ձայներ են արձագանքում
Թեյն ու սուրճը անընդհատ թարմանում էին, իսկ դատարկ խանութում ձայներ էին արձագանքում։ Եկան Շահան ախպարիկի մանկության ընկերները՝ Ալին, Հուսեյնը, Օսմանը, Սաթըլմիշը և նրա ընկերները, որոնց անունները ես մոռացել էի։ Թեյի և սուրճի հյուրասիրություն, ջերմ զրույց, կատակներ։ Արժե հիշել Հուսեյն ապիի հետևյալ խոսքերը. «Թեև ոչ բոլորն էին կարողանում իրենց գումարով ապրանք գնել, իմ ուստա Շահանը միայն մեկ հեռախոսազանգով ապրանքներ էր հավաքում իր խանութի համար»: Ժամը 12.30-ին Շահան ախպարիկը ինձ տարավ Գյումյուշահաջըքյոյի շուկայի կենտրոնում գտնվող մի հայտնի ռեստորան։ Քանի դեռ քյաբաբի համը բերանումս թարմ էր, մենք թեյ էինք խմում և շարունակում զրույցը Շահան ախպարիկի ու նրա մանկության ընկերների հետ այն խանութում, որը որբի տեսք ուներ, որը պարտություն էր կրել պատմությունից և ուներ ընդամենը երեք աթոռ, սեղան, POS սարք և սուրճի սեղան, որի պատուհանին գրված էր “Շահան Գիյիմ”։ Միևնույն ժամանակ, ես հանդիպեցի պարտքերի հաշվառման տետրի՝ իր իսկ ձեռագրով գրված (ինչպես բժշկի դեղատոմսը): Ես ակամա հարցրի նրան, թե որքան գումար ունի այս մատյանում։ Բազմանշանակալից ժպիտով նա պատասխանեց. «Եղբայր, 100 հազար լիրա պարտք ունեմ, էսօր չորս հոգի են եկել, ամսի 26-ը չի՞։ Մինչեւ հունվարի 1-2-ը այստեղ կլինեմ, կգան, կգան։ Գյումյուշհաջըքյոյում բոլորն իրար լավ են ճանաչում, մեր քաղաքն ընդամենը 16 հազար բնակչություն ունի։ Վատ համբավովի մոտից վերցրու, թեկուզ մուրհակ ու ստորագրություն ստանաս, ի՞նչ է գրելու։ Բիզնեսում միշտ 10 տոկոս կորուստ կա, 10 տոկոսը կմոռանաս, ի սկզբանե պիտի տանես, այնուամենայնիվ։ Ա՛յ, իմիջիայլոց, ասեմ, Զապել մամային ասացի, որ եկել ես, քեզ է սպասում»։
Հանդիպում Զաբել թանթիի հետ
2018 թ․ ամռանը կրկին այցելեցի իմ ծանոթ Զաբելին նրա տանը։ Վավերագրական ֆիլմի համար լուսանկարել եմ և տեսագրել պայծառ դեմքով, համեստ, աշխատասեր և անկեղծ ծանոթիս: Շահան ախպարիկը ներողություն խնդրեց, որ չի կարող ինձ ուղեկցել, ստիպված էր խանութում առավոտյան ժամը 09.30-ից մինչև երեկոյան 17.30 սպասել իր պարտատերերին։
Հուզված էի, երբ մոտեցա շենքին։ Շենքի վերանորոգումը անմիջապես աչքի զարնեց։ Տեսա, որ այգին ու բակը բարեկարգված են, տեղադրված են կոմբինատային կաթսա, ռադիատոր, խոհանոցն ամբողջությամբ նորոգված է, բազկաթոռների ու պատերի գույնը փոխված է, իսկ պատերի սև ու սպիտակ լուսանկարներն այլևս չկան։ Զաբել թանթին ինձ ընդունեց ժպտադեմ ու հոգեզմայլ ժպիտով։ Երբ հանեցի կոշիկներս, ասաց. «Բարի՜ գալուստ, կարոտել էի քեզ, անակնալ եղավ։ Արի տաքացիր, կմրսես»։ Ես համբուրեցի նրա տաք, բամբակյա ձեռքերը և նստեցի նրա դիմաց։ Նա մի հայացք գցեց իրեն նայող հարևան կնոջը, ով կամացուկ դուրս եկավ տնից։ «Չեմ կարող քեզ թեյ կամ սուրճ պատրաստել, ներիր ինձ, ուժ չունեմ, հազիվ եմ ոտքի վրա մնում, ծեր եմ, ճամփիս վերջն է արդեն։ Բայց, փա՜ռք Աստծո, միտքս պարզ է, հարցերին պատասխանում եմ ու իրավիճակը բացատրում։ Ամռանը ես դուրս եմ գալիս այգի, դռան դիմաց, այն ձեռնափայտով, որ տեսնում ես այստեղ, բայց ձմռանը ցուրտ է, և չեմ կարող դուրս գալ»,- ասաց է նա։
Տեսանյութեր և լուսանկարներ եմ արել: Նա պատմեց 1915 թ․ Կայսերիում (Կեսարիա-Ակունքի խմբագրություն) իր ընտանիքի ապրած ցավերը, կորուստները, դժվարություններն ու զրկանքները, խորհուրդներ տվեց այսօրվա երիտասարդությանը (որոնք անվճար կարող եք դիտել իմ յութուբյան ալիքում)։ Ես ներողություն խնդրեցի դուրս գալու համար, թերևս նա հանգստի կարիք ունենար։ Եթե իմ իմացած Զաբելը լիներ, ճաշի էլ կմնայի։ Չգիտես ինչու, մեր հրաժեշտն ավելի տխուր էր, քան 2018 թ.։ 2018-ին ես տեսա Գյումյուշհաջըքյոյում գտնվող հայկական գերեզմանատունը, հայկական փակ բաղնիքը և հայկական թաղամասի ոլորված այգիներն ու տները։ Խոսակցություններ կային, որ այրվել են Գաբրիել Օզբալի թերթն ու Հայկանուշ Օզբալ քույրիկի տները, ովքեր այսօր չկարողացան լինել մեզ հետ։ Ստիպված էի հեռանալ՝ հնարավորություն չունենալով ճշտել այս լուրերը, չկարողանալով մի աման ջուր լցնել իմ նախնիների կառուցած հայկական բաղնիքում։
Մերզիֆոնը և հնաոճ իրեր վաճառող Մեհմեդ ուստան
Նոր տարվան երեք օր էր մնացել։ Ստիպված էի վերադառնալ։ 2024 թ․ դեկտեմբերի 29-ի առավոտյան, ժամը 10:00-ին, կես ժամում Գյումյուշահաջըքյոյ-Մերզիֆոն (Մարզվան–Ակունքի խմբ․) միկրոավտոբուսով հասա Մերզիֆոն ավտոբուսի տերմինալ։ Մեհմեդ ուստան՝ հնավաճառը, ում հետ ծանոթացել էի Ֆեյսբուքում և որին առաջին անգամ էի տեսնում, ողջունեց ինձ և ամբողջ օրը պտտեցրեց: Նա ամեն օր կեր է բաժանում իր տարածքում գտնվող յուրաքանչյուր կատվի, շան և թռչունի: Այդ օրը մենք միասին ճաշակեցինք այս աննկարագրելի հաճույքն ու երանությունը։ «Մինչև կյանքիս վերջին շունչը մենակ չեմ թողնի այս ընկերներին»,- ասում էր Մեհմեդ ուստան։
Ես գովազդային կադրեր եմ նկարել Մեհմեդ ուստայի տան տակ գտնվող հնաոճ խանութում։ 30 տարի գյուղեր, շրջաններ ու քաղաքներ ճամփորդելուց հետո նրա հավաքած հնաոճ իրերը ձեզ կուղեկցեն պատմության ոլորաններում և մտքերի մեջ կգցեն:
Պղնձե իրեր, որոնք թողել են հայերը, փայտե օրորոցներ, ածուխի արդուկներ, ձեռքով աշխատող կարի մեքենաներ, ճախարակներ, ամաններ, ծաղկամաններ, զարդեր, շատ իրեր, որոնք առաջին անգամ էի տեսնում։
Դրանցից մի քանիսի վրա գրված են արհեստավորի հայերեն անունը և տարեթիվը։ Նա ինձ տվեց մի պղնձե գդալ՝ փայտե բռնակով և զարդարված ծայրով, որը հայ վարպետն էր պատրաստել։ Ժամը 16.30-ին հասանք, նա ասաց՝ տիկինս ճաշ է պատրաստել ու ձեզ է սպասում, ասացի՝ ընթրելու տեղ չունեմ, կուշտ եմ, բայց շատ կուզենայի հանդիպել ձեր մորը։ Անգամ 2024 թ․ Անատոլիայի ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը ուրախացնում է մարդկանց։ Լուսադեմ, սիրալիր, բանիմաց մայր Ֆաթման 96 տարեկան է։ Մենք զրուցեցինք, լուսանկարեցի նրան, և ավտոբուսի ժամը մոտեցավ։ Հրաժեշտ տվեցի Մեհմեդ ուստային և նրա ընտանիքին և պայուսակս առա մեջքիս։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել հնավաճառ Մեհմեդ ուստային և մերզիֆոնցի նրա ընտանիքին, ով ամբողջ օրը հոգ էր տանում ինձ, Շահան Մինասեր ախպարիկին և նրա մորը՝ Զաբել թանթիին, ով հոգ էր տանում ինձ Գյումյուշհաջըքյոյում, շուկայի խանութպաններին, Ռափայել պապիկին և նրա կնոջը, որոնց հյուրն էի Ամասիայում։ Շա՜տ շնորհակալ եմ։
https://www.agos.com.tr/tr/yazi/31967/amasya-ve-gumushacikoyde-ermenilerden-kim-kaldi
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը