կարևոր
490 դիտում, 2 ժամ առաջ - 2025-02-04 09:20
Հասարակություն

Ստեփանակերտի պայթյունի գործով նոր «մեղավորներ» են գտել․ «Հրապարակ»

Ստեփանակերտի պայթյունի գործով նոր «մեղավորներ» են գտել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկեն Արցախի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանին։ Զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանության գործառույթը վերապահված է եղել ՊԲ հատուկ ստորաբաժանմանը, որը պետք է քաղաքացիներին անվտանգ վառելիք տրամադրեր, ինչը չի արվել։ Արցախի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2020 թ. պատերազմի ավարտից մեկ տարի անց` 2021-ի սեպտեմբերին։ Լուրեր կան, որ նա վերջերս Սուրեն Պապիկյանի խորհրդական է նշանակվել՝ հասարակական հիմունքներով։

Մենք դատախազություն հարցում էինք արել՝ ի՞նչ փուլում է հարուցված վարույթի  նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ, ո՞րն է հիմնական վարկածը։ Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան չեն հերքել Վարդանյանի առնչության փաստը պայթյունին։ Հարցրել էինք նաեւ՝ հարուցված վարույթով Կամո Վարդանյանն ունի՞ կարգավիճակ։ Մեզ ուղարկված գրավոր պատասխանում դատախազությունը տեղեկացնում է․ «Վարույթը գտնվում է նախաքննության փուլում, իրականացվում են մեծածավալ ապացուցողական եւ վարույթային այլ գործառույթներ, որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Հայցվող մնացած տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։